Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ֆորումին հնչած խնդիրներից ու առաջարկներից մի քանիսի մասին

Հունիս 06,2018 16:18 Share

2018թ․ հունիսի 2֊-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պատգամավոր Լենա Նազարյանի կազմակերպած «Իմ քայլը» սոցիալական ֆորումի մասնակիցներս ցանկանում ենք հանրության հետ կիսվել մեր մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների, հանրային քաղաքականության առաջարկների մասին։

Ֆորումի մասնակիցները նախ ներկայացրին թեմաներ, այնուհետև խմբերով քննարկեցին տվյալ թեմային վերաբերող նախ՝ խնդիրները, այնուհետև՝ առաջարկները։

Մենք չենք հավակնում ներկայացնել ո՛չ խմբերը, ոչ էլ ողջ ֆորումը, այլ մեր նոթերն ու հիշողությունները այն քննարկումներից, որոնց անմիջականորեն մասնակցել ենք։

Համարում ենք, որ հանրային քաղաքականության քննարկումները, որտեղ ժողովրդի տարբեր շերտերի արտահայտած քաղաքական կամքը կուսակցական ծրագրերի հենքը պիտի դառնա, անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Սոֆյա Մանուկյան
Աննա Շահնազարյան
Կամո Դավթյան
Մարո Մաթոսյան
Սամսոն Մարտիրոսյան
Գոհար Շահնազարյան
Աննա Հովհաննիսյան
Անուշ Պողոսյան

Թեմա՝ Բուժօգնություն, ապահովագրություն

Խնդիրներ
1. Առողջապահության ոլորտում չկա հանրային (պետական) ապահովագրություն, անարդար է, որ քաղաքացու վճարած 28 տոկոս հարկից առողջապահության իմաստով իրեն գրեթե ոչինչ չի վերադարձվում (բացի թերֆինասնավորված, անորակ առաջնային բուժօգնությունից՝ պոլիկլինիկաներից), առողջապահական ոլորտը մարդուն միտված չէ, այլ շահույթին, ապահովագրական ընկերությունները մշտապես սակարկում են հաճախորդի/բուժայցելուի հետ, որ բազմաթիվ դեպքերում ապահովագրություն չտրամադրեն, էնպես են անում, որ մարդիկ զզվում են, նույնիսկ մասնավոր ապահովագրական ընկերությունից չեն ստանում պատշաճ փոխհատուցում։ Բազմաթիվ հիվանդություններ մասնավոր ապահովագրական ընկերություններ չեն էլ ծածկում, ասենք՝ քաղցկեղ, ՄԻԱՎ, հոգեկան առողջություն և այլն, այսինքն՝ մասնավոր ապահովագրական համակարգը թալանի վրա է հիմնված։
2. Առողջապահական ոլորտն ամբողջությամբ ատկատների վրա է նստած, սկսած՝ պետպատվեր ստացող հիվանդանոցներից, վերջացրած՝ ապահովագրական ընկերություններով, որոնք նույնպես ատկատներ են անում (չմոռանանք, թե ում են պատկանում ապահովագրական ընկերությունները)։ Պետության կողմից պետական աշխատողների համար մասնավորից գնված սոցփաթեթների գնման գործընթացը նույնպես ատկատային սխեմաների վրա է հիմնված։
3. Լաբորատորիաները մեծ մասամբ մասնավոր են, շատ թանկ, որպես կանոն՝ բժիշկների կամ հիվանդանոցների հետ ատկատային հարաբերությունների մեջ, տարբեր լաբորատորիաներ կարող են տարբեր արդյունքներ տալ, մարդիկ ստիպված են մի քանի անգամ լաբորատորիաներից վճարովի օգտվել։
4. Հոգեկան առողջության ոլորտն ամբողջությամբ խտրականության ենթարկված է և՛ ֆինանսավորման, և՛ բուժման ու որակի, և՛ պրոֆիլակտիկայի առումով։
5. Հաշմանդամության ներկայումս տրված կարգերը մեծամասամբ սխալ են, թերգնահատված է հաշմանդամություն ունեցողների վիճակը, որպեսզի ցածր կարգեր նշանակվեն ու պետպատվերը քչանա։

Առաջարկներ
1. Առողջապահությունը ստրատեգիական ոլորտ է, ուստի պարտադիր պետք է լինի հանրային (պետական) ապահովագրական համակարգ, որ պիտի լինի թափանցիկ, վերահսկելի և կոռուպցիոն ու ատկատային մեխանիզմներից զերծ, պիտի ֆինանսավորվի քաղաքացիների արդեն իսկ վճարած 28 տոկոս եկամտային հարկից (ասենք՝ 3 տոկոսը տրամադրվի առողջության ապահովագրությանը), մասնավոր ապահովագրությունը կարող է զուգահեռ գործել։
2. Պետբյուջեում բարձրացնել առողջապահությանը տրամադրվող բաժինը։
3. Կոպեկներով մասնավորեցված հիվանդանոցները պիտի հետ պետականացվեն, քրեական գործեր պիտի հարուցվեն հիվանդանոցների մասնավորեցման թալանչի գործընթացների նկատմամբ, պետությանը հասցված վնասները պիտի հատուցվեն։
4. Միջազգային օգնությունը (այդ թվում՝ սփյուռքից) պարտադիր պիտի լինի պետական ու անվճար, ոչ մի մասնավոր հիվանդանոց չպիտի տիրանա օգնություն հանդիսացող սարքավորումներին ու դրանց հաշվին վճարովի դարձնի բուժօգնությունը։
5. Հանրային առողջության խնդիրներ առաջացնող բիզնեսները, մասնավորապես աղտոտող բիզնեսները (հանքարդյունաբերողներ, թունավոր արտադրություններ, ծխախոտագործներ) պետք է վճարեն պետբյուջե՝ կոնկրետ առողջապահության ոլորտին, պիտի աղտոտողների ու հանրային առողջությանը վնասողների առողջապահական հատուցման հարկ սահմանվի։
6. Պոլիկլինիկաների ու հիվանդանոցների ֆինանսավորումը պիտի լինի ադեկվատ, բուժանձնակազմի աշխատավարձերը պիտի բարձրացվեն։
7. Պրոֆիլակտիկ ստուգումները պիտի լինեն հաճախ ու պարտադիր, անհրաժեշտության դեպքում՝ պոլիկլինիկաներից տնային այցերի միջոցով պարտադրեն ստուգվել։
8. Հաշմանդամության տրված կարգերը պիտի բոլորը վերանայվեն ու արդար որոշումներ կայացվեն։

Թեմա՝ Աշխատանքային իրավունքներ

Խնդիրներ

1. Մարդկանց իրավունքները համատարած ոտնահարվում են աշխատավայրերում, մարդիկ շահագործվում են, կամայականորեն ազատվում աշխատանքից, զրկվում արձակուրդներից և այլն, այդ թվում՝ կանանց իրավունքները գենդերային խտրականությունն ու կանանց աշխատանքային խտրականությանը բնորոշ ձևերով են խախտվում՝ կապված մայրության վճարովի արձակուրդի, աշխատատեղի պահպանման, աշխատաժամերի, սեռի ու տարիքի (եթե երիտասարդ է կամ նոր ամուսնացած, առավել ևս՝ հղի, ուրեմն աշխատանքի չի ընդունվի), հավելյալ խտրական պահանջների (շեֆի համար սուրճ եփել և այլն) հետ և այլն
2. Մարդիկ պարզապես տեղեկացված չեն, թե ինչ իրավունքներ ունեն և ինչ ձևերով կարող են պաշտպանել իրենց իրավունքները աշխատավայրում, նույնիսկ տեղյակ չեն, թե արհմիություն ունե՞ն արդյոք, եթե ունեն, ինչ գործառույթներ ունի այն
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանության ներկայիս աշխատանքային դատարան դիմելու մեխանիզմը շատ վատն է, ահավոր դանդաղ, բյուրոկրատական, որ մարդիկ ուղղակի չեն էլ ուզում դիմել։ Նախկինում գոնե Աշխատանքի տեսչություն կար, որը ավելի արագ էր արձագանքում խախտումների մասին տեղեկություններին
4. Աշխատավայրում սեռական ոտնձգությունների հարցը լուրջ է, սակայն դրանց մասին բարձրաձայնման, ոտնձգությունների պրակտիկաների դադարեցման ու արդարության հաստատման մեխանիզմներ չկան
5. Միջազգային կազմակերպությունները հաճախ չեն ենթարկվում ներպետական օրենսդրությանը, ինչի արդյունքում տեղի են ունենում դրանց կողմից չարաշահումներ
6. Ներկայում գործող Արհմիությունները ավտորիտար կառույցներ են, ներքին ժողովրդավարական մեխանիզմներ չկան, հատկապես պետական հիմնարկներում՝ կցված են տնօրինությանն ու ՀՀԿ կուսակցությանը, իրենց գործառույթները՝ պաշտպանել աշխատավորների իրավունքները չեն անում, գոյացած բյուջեն բաշխվում է անհավասար ու մսխվում, այդ թվում՝ անիմաստ ներկայացումների տոմսերի, որոնց պարագայում նաև ատկատների մեխանիզմ է աշխատում
7. Պետական պաշտոններում ու աշխատակազմերում ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն, այս առումով, էթնիկ հիմքով խտրականություն է տեղի ունենում, ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր մարմիններում պետք է լինի քվոտավորում, որ ազգային փոքրամասնությունները մասնակցեն կառավարմանը և չարտագաղթեն
8. Աշխատողները պետք է ունենան առողջության ապահովագրություն
9. Նույնիսկ պետական մարմիններում ակնհայտ ապօրինություններ են տեղի ունենում աշխատողների նկատմամբ, նրանց չեն տրամադրում աշխատանքային պայմանագրերը, չեն տեղեկացնում, թե որքան է համախառն աշխատավարձը ու ինչ պահումներ են կատարվում, պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումները հարկադրված են
10. Քաղծառայողների խորհրդի դերը նվազեցվել է, որի պատճառով քաղծառայողների պաշտպանությունը նույնպես նվազեցվել է
11. Աշխատավարձի հարցում կա ակնհայտ գենդերային խտրականություն, նույն աշխատանքի համար տղամարդիկ անհամեմատ ավելի բարձր են վարձատրվում
12. Պետական իրավական համակարգում կա լուրջ խտրականություն ու շահագործում, դատավորների աշխատավարձերը անընդհատ բարձրացնում են, իսկ դատարանների աշխատակազմն աշխատում է ցածր աշխատավարձով ու գերծանրաբեռնված

Առաջարկներ

1. Ստեղծել Աշխատանքի տեսչություն համապատասխան օրենսդրության մշակմամբ: Վերջինս կսահմանի տեսչության այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են՝
ա) պաշտպանել մարդկանց աշխատանքային իրավունքները
բ) իրականացնել մոնիտորինգային և ստուգողական այցեր ցանկացած հաստատություն (պետական, մասնավոր), այդ թվում՝ իրականացնել կամ պատվիրել ֆինանսական աուդիտ կապված աշխատանքային իրավունքների հետ
գ) սահմանել տույժ և տուգանքներ հայտնաբերած խախտումների, իրավունքների ոտնահարման դեպքերի համար
դ) ներկայացնել հայց դատարաններ հայտնաբերված խախտումների առիթով (ընդ որում անհատի համաձայնությունը պարտադիր պայման չէ դատարան դիմելու համար՝ աշխատողի վրա հնարավոր ճնշումներից խուսափելու համար)
ե) ունենալ թեժ գիծ, որտեղ մարդիկ կկարողանան դիմել իրենց իրավունքների խախտման դեպքերում (պետք է ապահովի դիմողի կոնֆիդենցիալությունը)
զ) ներկայացնել տարեկան զեկույցներ բացահայտված իրավախախտումների, իրավախախտ գործատուների մասին, և այլն:

Տեսչությունը կունենա մարզային մասնաճյուղեր նույն լիազորություններով։
Տեսչության գործունեության ֆինանսավորումը պետք է լինի պետ բյուջեյից, այսինքն մարդկանց վճարած հարկերից։
Աշխատանքային տեսչության մասին օրենքը պետք է հստակ սահմանի, որ այս տեսչությունը անկախ մարմին է, իսկ պետությունը ոչ մի կերպ չպետք է խոչընդոտի այս մարմնի գործունեությանը։ Տեսչությունը պետք է ունենա նաև հանրային մասնակցություն, որ չդառնա կոռուպցիայի բուն, ինչպես նախկինում էր։ Տեսչությունում պետք է լինեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք մասնագիտացված կլինեն գենդերային խտրականության, սեռական ոտնձգությունների հարցերում, որպեսզի կարողանան պատշաճ արձագանք տալ
2. Լուծարել արհմիությունների կոնֆեդերացիան՝ որպես տարիներ շարունակ դրամական միջոցները մսխող մարմին, սակայն պահպանել ճյուղային արհմիությունները, որոնք կանեն աշխատավորների իրավունքների պաշտպանության ու կոլեկտիվ բանակցությունների իրենց գործառույթները, ինչպես նաև քաղաքացիների կրթումը աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինքնակազմակերպման մեխանիզմների մասին իրազեկումը, և այլն:
3. Վերանայել ներկայիս աշխատանքային օրենսգրքի նախագիծը և չեղարկել այնտեղ առկա մի շարք խնդրահարույց կետեր, որոնց մասին առաջարկներ արդեն իսկ բազմիցս արվել են իրավաբանների, քաղհասարակության կողմից:
4. Բացի ընդհանուր օրենսդրական կարգավորումներից, գործատուները պետք է ունենան ներքին կարգապահական կանոններ, որոնք սահմանում են աշխատավայրում խտրականության, սեռական ոտնձգությունների և այլ խնդիրների բացառման մեխանիզմներ
5. Լավ կլինի աշխատաժամանակը սահմանել շաբաթական 35 ժամ, մի քանի կազմակերպություն արդեն այդպես է գործում ու ապացուցված է, որ ավելի բարձր է կատարողականը
6. Լավ կլինի, որ պետությունը ֆինանսական խրախուսում տրամադրի այն գործատուներին, որոնք աշխատավայրին կից կունենան երեխաների խնամքի կենտրոն/սենյակներ, որ երիտասարդ ծնողների համար երեխայի խնամքն ու աշխատանքի համատեղումը ավելի հեշտ լինի
7. Պետական քաղաքականությունը չկենտրոնացնել միայն կին աշխատողներին ու երեխաների խնամքին, այլև հավասարապես՝ նաև տղամարդ հայրերին ու հայրերի կողմից երեխաների խնամքին

Թեմա՝ Գենդերային հավասարության ապահովում

Խնդիրներ
● Կանայք շատ քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում նոր կառավարությունում:
● Կուսակցություններում բացակայում է գենդերային քաղաքականություն:
● Չունենք գենդերային կրթություն որևէ մակարդակում:

Առաջարկներ

● Իրականացնել իրազեկվածության բարձրացում կանանց իրավունքների, գենդերային հիմնախնդիրների և սոցիալական արդարության վերաբերյալ տարբեր կուսակցությունների համար:
● Աշխատել կուսակցությունների հետ՝ գենդերային քաղաքականության մշակման ուղղությամբ։
● Քվոտաների վերաբերյալ փոփոխությունների մտցնել Ընտրական օրենսգրքում, որը ընդգրկվի պառլամենտում, կառավարությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
● Ստեղծել պառլամենտում հանձնաժողով, որը կզբաղվի գենդերային զգայունության և հանրայնացման (gender mainstreaming) հարցերով:
● Վերանայել խտրականության և գենդերային հավասարության օրենքները՝ հատկապես դրանք կիրառման մեխանիզմները:
● Ներդնել գենդերային ուսուցում դպրոցներում և ԲՈՒՀ֊երում:
● Իրականացնել սոցիալական ոլորտի գենդերային գնահատում և ներդնել գենդերային մոնիթորինգի մեխանիզմներ, այսինքն պարբերաբար գնահատել որքանով է այս կամ այն ոլորտը զգայուն գենդերային տեսանկյունից:
● Մշակել մեխանիզմներ Կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքի համար:
● Մշակել ռեալիստական Ազգային Ծրագիր կոնկրետ ժամկետներով, պատասխանատուներով և մոնիթորինգային մեխանիզմներով:

Թեմա՝ Ընտանեկան Բռնություն

Խնդիրներ
● Ընտանեկան բռնության զոհերը չեն ստանում պատշաճ աջակցություն և կանխարգելիչ միջոցները բացակայում են:

Առաջարկներ՝
● Վերամշակել ընտանեկան բռնության մասին օրենքը, որպեսզի համապատասխանի Ստամբուլի Կոնվենցիային:
● Մշակել մեխանիզմներ՝ իրականացնելու օրենքը միջազգային ստանդարտներին համաձայն:
● Ոստիկանության մեխանիզմները մշակելիս՝ անպայման պետք է հրավիրել միջազգային փորձագետներ, քանզի Հայաստանում նման մասնագետներ չկան:
● Նախքան աջակցման կենտրոններ և ապաստարաններ բացելը լրջորեն պետք է վերապատրաստել սոցիալական աշխատողներին:
● Ոստիկանները և սոցիալական աշխատողները պետք է վերապատրաստվեն ոչ միայն ընտանեկան բռնության ոլորտում, այլև ձեռք բերեն գենդերային զգայունություն:
● Դատաբժշկական մարմինը պետք է վերակառուցվի, որպեսզի վերացվեն կոռուպցիոն ռիսկերը:
● Խնամակալության մարմինները պետք է լիովին վերացվեն՝ անգործության և պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով: Խնամակալության հարցերը պետք է ուղարկվեն և լուծվեն դատարանում:
● Կանանց և երեխաների իրավունքների բաժինները, որոնք գտնվում են քաղաքապետարանների սոցիալական ծառայությունների ենթակայությամբ, նույնպես պետք է վերացվեն՝անգործության և պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով: Դրանց փոխարեն աշխատանքները պետք է կատարեն դեպքը վարող սոցիալական աշխատողները:
● Ավելին, ոստիկանությունում պետք է ստեղծվի ազգային դատաբազա, որտեղ ազգային մակարդակով գրանցվեն ընտանեկան բռնության դեպքերը համակարգչի միջոցով:
● Բռնարարների պատիժները պետք է լինեն հստակ և խիստ:
● Հեռուստասերիալները, որտեղ առկա են կանանց կամ երեխաների նկատմամբ բռնության տեսարաններ, պետք է արգելվեն:
● Պետության գովազդները, որ հեռարձակվում են հեռուստատեսությամբ, պետք է մշակվեն PR մասնագետների կողմից այնպես, որպեսզի չպարունակեն սովետական ոճ:

Թեմա՝ Ծնելիության խթանման ոչ տնտեսական ռազմավարություն

Խնդիրներ
● Ծնելիության խթանումը տնտեսական աճի միջոցով բավարար պայմաններ չի ստեղծում ծնելիությունը բարձրացնելու համար, մինչդեռ այլ մեխանիզմներ երկրում մշակված չեն

● Ծնելիության խթանումը միայն տնտեսական պայմաններ ստեղծելով կարող է հանգեցնել կնոջ վերարտադրողական իրավունքների և ազատ որոշում կայացնելու իրավունքի ոտնահարման

Առաջարկներ՝
● Երկրում խթանել աշխատանքային իրավունքների հավասար պայմաններ կանանց և տղամարդկանց համար:
● Ստեղծել երեխայի ծնունդի արձակուրդի նպաստավոր և հավասար պայմաններ ու հնարավորություններ և՛ մայրերի և՛ հայրերի համար:
● Ստեղծել տարբեր կենտրոններ և խմբակներ, որտեղ ծնողները անվճար հնարավորություն կունենան այցելել և կիսվել իրենց փորձով և հմտություններով:
● Ստեղծել ընտանիքի պլանավորման կենտրոններ, որտեղ այցելելով մարդիկ կարող են ստանալ ճշգրիտ տեղեկատվություն հակաբեղմնավորման մեթոդների, վերարտադրողական առողջության և իրավունքի, հղիության և ծննդաբերության հիմնահարցերի վերաբերյալ:
● Վերանայել պետական մանկապարտեզների պայմանները և ճկուն հնարավորություններ ստեղծել աշխատող ծնողների համար:
● Նպաստել կրծքով կերակրման նպաստավոր հնարավորությունների ստեղծմանը ինչպես աշխատավայրում, այնպես էլ՝ տարբեր հանրային տարածքներում:
● Վերանայել բուժ անձնակազմի մոտեցումը և հմտությունների որակական պատրաստվածությունը ծննդաբերող կանանց նկատմամբ:

Հատկանշական էր այն, որ ֆորումի ընթացքում տվյալ թեմայի խմբային քննարկման ժամանակ տղամարդիկ նշում էին այնպիսի հիմնավորումներ, որ երեխայի խնամքը կնոջ հիմնական ֆունկցիաներից է և կանանց փոխարեն մի շարք առաջարկություններ էին փորձում առաջ քաշել, որի արդյունքում հնարավոր չեղավ արձանագրել արդյունքներ, որոնց շուրջ կար կոնսենսուս:

Թեմա՝ Բնապահպանություն

Խնդիրներ՝
1. Մետաղական հանքերի խնդիրները, դրանց ազդեցությունը ինչպես գյուղական, այնպես էլ՝ քաղաքային համայնքների վրա, Երևանում կա մի քանի մետաղական հանքահումքի մշակման ֆաբրիկա, երեխաների արյան մեջ կապարի քանակությունը գերազանցում է նորման մի քանի անգամ
2. Սևանի մաքրության հարցը
3. Գետերի՝ փոքր հէկ-երով ծանրաբեռնված լինելու խնդիրները
4. Աղբի ու աղբի վերամշակման բացակայության խնդիրը
5. Գյուղական համայնքներում բնակարանային հարմարությունների ու ենթակառուցվածքների բացակայության, կոյուղու հեռացման, աղբի հեռացման համակարգերի բացակայության խնդիրը
6. Տարբեր նախագծերի շրջանակներում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների թերի ու ոչ արդյունավետ լինելը
7. Հանրային տարածքները, այդ թվում կանաչ տարածքները մասնավորի կողմից զավթելը

Առաջարկներ՝
1. Բնակավայրերի ենթակառուցվածքների ստեղծում-բարելավում, որպեսզի թե՛ աղբահանության ու կոյուղաջրերի հեռացման խնդիրները լուծվեն գյուղերում, քաղաքներում, և աղբը չթափվի ձորերը, գետերը, և թե՛ կոյուղաջրերը չգնան դեպի Սևան և գետեր:
2. ՇՄԱԳ-ի էֆֆեկտիվության բարձրացում
3. Մետաղական հանքերին թույլտվություններ տալը միառժամանակ դադարեցում
4. Համայնքներում բնապահպանական-տնտեսական վերլուծությունների իրականացում համայնքների պոտենցիալների շուրջ և հանքային արդյունաբերությանը ալտերնատիվ տնտեսություններով փոխարինելու պոտենցիալների մասին
5. Ամուլսարի ծրագրի դադարեցում
6. Գետերում բոլոր փոքր հէկ-երի ստուգում, անհրաժեշտ ջրողների ապահովում, գետերի վրա փհէկ-երի ծանրաբեռնվածության գնահատում և անհրաժեշտության դեպքում դրանց քանակի կրճատում
7. Քաղաքային այգիներում շինարարության բացառում, հանրային տարածքներում որևէ բարեկարգում միայն հանրության հետ խորհրդակցելով, հանրության կարծիքը հաշվի առնելով

Թեմա՝ Խտրականության դեմ պայքարի համապարփակ և համընդգրկուն օրենք և հանրության հետ աշխատանք

Խնդիրներ՝
Խտրականությունը հայաստանյան հասարակության մեջ լայնորեն տարածված երևույթ է։ Արդեն մի քանի անգամ պատրաստվել են օրենքի նախագծեր, որոնք վիժեցվել են տարբեր պատճառաբանություններով։ Բոլոր ներկայացված նախագծերը, սակայն, չեն եղել համապարփակ և համընդգրկուն, քանի որ չեն ներառել առավել խտրականացված խմբերին։ Պետք է ընդունել այնպիսի օրենք, որը կներառի բոլոր հիմքերը։ Պետությունը թերացել է նաև հանրության շրջանում հակախտրականության սկզբունքի տարածման մեջ։ Բացի այդ օրենքի նախագծում կան որոշ խնդրահարույց դրույթներ։

Առաջարկներ՝
1. Ընդունել համապարփակ օրենք, որը կքննարկվի հանրության և ոլորտում աշխատող ՀԿ-ների հետ։ Այն պետք է ներառի նաև առողջական վիճակի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության և արտահայտման, սեռային հատկանիշի հիմքով խտրականության բացառման սկզբունքը։
2. Դիտարկել ՄԻՊ-ից Հավասարության խորհրդի առանձնացման հնարավորությունը՝ խորհրդի անկախության պահպանման նպատակով։
3. Գործուն մեխանիզմներ նախատեսել խտրականության բացառման, հայտնաբերման և հասցեագրման համար։
4. Հակախտրականության օրենքից հանել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին հոդվածը։
5. Խրախուսել կազմակերպություններին ընդունել հակախտրականության քաղաքականություններ, որը կբացառի խտրականությունը ոչ միայն գործատու-աշխատող, այլ նաև՝ աշխատող-աշխատող հարաբերություններում։
6. Առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների ու կրթական հաստատություններում՝ սովորողների արժանապատվությունը նսեմացնող դեպքերի վրա։
7. Կատարել լայնածավալ հանրային իրազեկում օրենքի, խտրականության տեսակների և դրանց բացառման կարևորության մասին։
8. Դասագրքերից բացառել բոլոր տեսակի խտրական արտահայտություններն ու պատկերները։
9. Հանել կրոնական կամ որևէ եկեղեցու պատմության դասերը դպրոցական ծրագրից։
10. Արդարադատության, ոստիկանության, առողջապահության և կրթության ոլորտներում անցկացնել մասնագետների վերապատրաստումներ՝ ոլորտում խտրականության բացառման նպատակով։
11. Նախատեսել կառուցողական գործողություններ որոշակի՝ առավել խտրականության ենթարկված խմբերի աշխատանքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ուսանողների, մեծահասակների, ազգային փոքրամասնությունների և այլն):

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930