Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրի լուծումները Խոսրով Հարությունյանին չեն բավարարում. «Միգուցե լավ չե՞նք պատկերացնում, թե մեր խնդիրներն ինչպիսին են»

Հունիս 06,2018 17:32 Share

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «թուղթ ու մատիտով» աշխատել է կառավարության ծրագրի վրա: Առաջին տպավորությունը հետևյալն է. «Կառավարությունը, միգուցե օբյեկտիվ պատճառներով, դեռեւս չի տիրապետում տնտեսության, այդ թվում նաեւ առանձին ոլորտներում, այդ թվում նաեւ իր կողմից գերակա հռչակած ոլորտներում, իրերի իրական վիճակին: Հետեւաբար, որեւէ կոնկրետ քաղաքական եւ կոնցեպտուալ լուծումներից իր ծրագրում խորշում է առաջարկել»:

Մեր զրուցակիցը դրական է վերաբերվում ծրագրի`հանրային կյանքի բարելավման խոստումներին`պայքար կոռուպցիայի դեմ, պայքար մենաշնորհների դեմ, հավասար մրցակցության ապահովում եւ այլն: Ցանկացած կառավարության հիմնական թեզ է ինքը համարում այն, որեւէ մեկն իրավունք ունի հետապնդել նույն տնտեսական նպատակներն, ինչ որ ուրիշը:

Ինքն իր կողմից երկու բան է հավելում`կոռուպցիայի դեմ պայքարի համար պատժի անխուսափելիության թեզը շատ կարեւոր է: Կարծում է, որ հանցագործություն ծնող իրավական, հայեցակարգային նախադրյալները պետք է վերացնել: Ասում է, օրենսդրորեն այնպիսի մեխանիզմներ պետք է լինեն, որ որեւէ պաշտոնյայի ձեռնտու չլինի կաշառք վերցնել, քանի որ հետեւանքները կարող են իր համար կործանարար լինել:

Եվ երկրորդ`իր տպավորությամբ նոր կառավարության մոտ ընկալում կա`ստվերը կրճատենք, կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացնենք, կոռուպցիան էապես նվազեցնենք, այլեւս տնտեսական աճ երաշխավորած կլինեն: «Ոչ: Դա այդպես չի լինելու: Տնտեսական աճը մեր պարագայում պայմանավորված է բացառապես ներդրումներով»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ տնտեսական աճ ապահովող հիմնական տնտեսվարողները երկրի ներսում մրցակցության խնդիր չունեն: Բերում է «Արմենալի» օրինակը, «Նաիրիտն» էլ կարող է այդպիսին լինել, եթե վերագործարկվի:

Ազատ մրցակցության ապահովման խնդիրն, ըստ մեր զրուցակցի`շուկայական տնտեսական համակարգի կայացումն է եւ բիզնես-մտածելակերպի արմատավորումը:

«Հուսանք, որ կառավարությունը, որ կարեւորում է այս հարցադրումներն իր ծրագրում, կհաջողի: Բայց համաձայնեք, որ կառավարության ծրագիրը իբրեւ ինստիտուտ, իմաստ ունեցող փաստաթուղթ է. ծրագրի հեղինակ հանդիսացող քաղաքական ուժը տալիս է խոստումներ, ստանում հանրության վստահությունը եւ կառավարության միջոցով փորձում իրականացնել դրանք: Այսինքն, կառավարության ծրագիրը ցանկությունների մի համախումբ չպետք է լինի: Պետք է լինի ուղղակի այն պատասխանատվության արտացոլումը, որը տվյալ քաղաքական ուժը ստանձնել է հանրության առջեւ`իր խոստումներով: Ինտեգրալ չափանիշներ եւ չափորոշիչներ պետք է սահմանվեն, որոնք ծրագրի իրականացման ընթացքում կառավարության պատասխանատվությունը կդարձնեն ավելի չափելի»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, եթե չափորոշիչներ չկա, ապա դա կառավարության քաղաքական պատասխանատվությունն ավելի լղոզված է դարձնում: Առանց այդ ցուցանիշների, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն հանրությունը վաղը չի կարող կառավարությանը պահանջ ներկայացնել, այլ նաեւ կառավարությունը իր գործունեությունը չի կարողանալու ճիշտ կազմակերպել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Խոսրով Հարությունյանը չի կիսում թեզը, որ այս ծրագիրը ժամանակավոր է, մինչեւ արտահերթ ընտրություններ, չի ընդունում համեմատությունները, երբ 2016-ին նույնատիպ ծրագիր ներկայացրեց Կարեն Կարապետյանը`մինչեւ 2017-ին նախատեսված ընտրությունների համար: Ասում է`2017-ի մարտին կայանալիք ընտրությունները սահմանադրորեն էին սահմանված: Սրանք համարում է արդարացման փորձեր:

Բացի թվերի բացակայությունից, կոնցեպտուալ առումով էլ կառավարության ծրագրի լուծումները Խոսրով Հարությունյանին չեն բավարարում: Մտահոգվում է. «Միգուցե լավ չե՞նք պատկերացնում, թե մեր խնդիրներն ինչպիսին են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930