«Ուղիղ երեք ամիս առաջ Հայաստանում հաղթեց թավշյա հեղափոխությունը, որը Ռուսաստանում երբեմն անվանում են գունավոր»,- գրում է «Վզգլյադը»:
Այս երեք ամիսների ընթացքում ինչի՞ հասավ հեղափոխության լիդերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդեն ի՞նչ սխալներ է թույլ տվել, և ի՞նչ հետևություններ կարելի է անել «հայկական ձևով մայդանից»:
Ռուսաստանում արմատականների կանխատեսումները չարդարացան. Փաշինյանը Հայաստանին դուրս չբերեց ԵԱՏՄ-ից, ձեռք չտվեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազային, չթակեց ՆԱՏՕ-ի դուռը, չնայած առաջացրեց ՌԴ-ի ԱԳ նախարարի դժգոհությունը: Սակայն մինչ խոսենք այն մասին, թե ինչից առաջացավ նշված դժգոհությունը, արժե պատասխանել այն հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանին հաջողվեց գալ իշխանության:
Ինչո՞ւ հայերը դա արեցին
Թավշյա հեղափոխությունը Հայաստանում շատերի համար անսպասելի էր, թեև սոցիալական հարցումները ցույց էին տալիս, որ հայ հանրությունը Սերժ Սարգսյանի և իշխող ՀՀԿ-ի նկատմամբ ուներ ահռելի ցածր վստահության աստիճան: Այդտեղ զարմանալի բան չկա, քանի որ երկիրը բաժանված էր քաղաքական վերնախավի, իր հետ կապված նեղ շրջանակի, օլիգարխների և հանրության միջև:
Բավարար էր նաև այն, որ վերջին տարիներին 3 միլիոնանոց երկիրը լքել էին հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես շանսոնյե Շարլ Ազնավուրն էր արտահայտվել, մարդիկ Հայաստանը լքել են ոչ այնքան օբյեկտիվ տնտեսական գործոնների պատճառով, այլ սոցիալական արդարության բացակայության:
Թվում էր՝ իրավիճակը անմխիթար է, և իշխող ուժի ներկայացուցիչներն անընդհատ կրկնում էին նույն արտահայտությունը՝ մեր դեմ խաղ չկա: Այդ շրջանակն անում էր ամեն հնարավորը իշխանությունը պահպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանի հետ հակամարտության, Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում, կառավարությունը համարձակվեց անել այնպես, որ ոստիկանների և ներքին զորքերի թիվն ավելանա, այսինքն՝ իշխանության պահպաններն ավելին էին, քան սահման պահող զինծառայողները:
Իհարկե, մեդալն ունի երկու կողմ, Երևանն ու մյուս խոշոր քաղաքները ակտիվ զարգանում էին, սակայն ոչ իշխանության շնորհիվ:
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանում իշխանության փոփոխությունը Ռուսաստանի համար
Պատմությունը ցույց է տալիս, որ հայերը ցանցային ազգ են: Նրանք ապրում են բոլոր աշխարհամասերում և շատ լավ են հաղորդակցվում: Այսինքն՝ հեղափոխության հանգեցրեց ոչ միայն իշխանավորների կոռումպացվածությունը, այլ նաև անտրոպոլոգիական գործոնը:
Այս գործոնը որոշ ռուս դիվանագետներ և չինովնիկներ միանգամից չկարողացան հաշվի առնել:
Այսպես, Հայաստանի դեսպանատան միջոցով կազմակերպվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Իզվեստիային», ինչն ընկալվեց որպես նրա թեկնածության պաշտպանություն Կրեմլի կողմից իր ընտրության նախօրյակին: Բայց արդյունքում այդ ընտրությունները հանգեցրին թավշյա հեղափոխության, ինչն էլ իշխանության գլուխ բերեց Նիկոլ Փաշինյանին:
Պետք չէ խաղադրույք կատարել և դուռը բացել ցածր մակարդակի քաղաքական գործիչների առաջ: Ակնհայտ է, որ նման եզրակացության Մոսկվայում եկել էին ցույցերի ավելի վաղ փուլում և փաստորեն պաշտպանեցին նոր իշխանությանը: Մայիսի 8-ին այդ գործընթացը փաստացի կերպով ավարտվեց, և ՀՀ-ում իշխանության գլուխը փոխվեց:
Մեծ մաքրություն
Պատմությունը ցույց է տալիս, որ երեք ամիսը եզրահանգումներ կատարելու համար կարճ ժամանակահատված է: Ցանկացած քաղաքական գործչի համար գոնե մեկ տարի հարկավոր է, որպեսզի իր դիրքերն ամրապնդի:
Նոր վարչապետը կայացել էր որպես ընդդիմադիր, հեղափոխական և հանրային հռետոր և նա դարձավ այն տանող ուժը, որը վերացրեց հանրության շրջանում վստահություն չունեցող կառավարությանը: Դրանով նա հանրությանը նոր կյանք ներարկեց, մարդիկ լցվեցին լավատեսությամբ և հույսով:
Բայց նախկին հարցը մնում է՝ կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը երկիր կառավարել և արդյոք նրա երգն ա՞յլ կլինի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում բավարար թվով ուժեղ կադրեր, փորձագետներ: Փաշինյանի որոշ նշանակումներ արդեն դժգոհություն են առաջացրել:
Սա նաև վերաբերում է որոշ գործնական քայլերի, որոնք կարելի է անվանել չափից ավելի կտրուկ և չմտածված, հատկապես նրանք, որոնց պատճառով առաջացավ Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը:
Սակայն Փաշինյանի կտրուկությունը մի հարցում տեղին էր: Նա, բացելով Բաղրամյան 26-ի դուռը, սկիզբ դրեց կոռուպցիայի դեմ մասշտաբային պայքարի: Սկսվեց մասշտաբային մաքրություն, տասնյակ քրեական գործեր և այլն:
«Վզգլյադ»-ը հիշեցնում է, որ հետախուզում հայտարարվեց Սերժ Սարգսյանի հարազատների նկատմամբ, ազատազրկվեցին Մանվել Գրիգորյանը, Վաչագան Ղազարյանը, Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը:
Զուգահեռաբար երկրում հայտարարվեց համաներում, որի շնորհիվ բազում գործարարներ, որոնք քաղաքական դրդապատճառներով լքել էին հայրենիքը, վերադարձան:
Փաշինյանի թիմը հասավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին:
Եվ վերջում ամենազգացմունքայինը. Փաշինյանը վերսկսեց մարտի 1-ի գործի քննությունը:
Ըստ «Վզգլյադ»-ի՝ այս ամբողջը ցանկության դեպքում կարելի է կոչել հեղափոխական պայքարի շարունակություն այլ մեթոդներով: Որոշները սա հետապնդում են անվանում, սակայն այս ֆոնին մարդիկ տեսնում են, որ երկրում փոփոխություններ են տեղի ունենում:
Բավական է համեմատել, թե ինչպես էին մամուլի հետ շփվում մերձիշխանական գործարարները և ինչպիսին է այժմ իրավիճակը: Հեղափոխությունը հանգեցրել է մեծ բիզնեսի և չինովնիկության տեսանելի զարգացման: Իհարկե, կատարելության հասնելու համար դեռ շատ կա, բայց առաջընթացը տեսանելի է, ավելի քիչ է ստորությունը:
Այս ամենի արդյունքում սուպերմարկետներում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գները նվազեցին:
Ամփոփելով հոդվածագիրը նշում է. «Սա ևս մեկ հետևություն է թավշյա հեղափոխությունից. իշխանությունները սկսեցին շփվել հանրության հետ: Սա էլ ընդդիմության հաղթանակի կարևորագույն գործոնն էր:
Այն կարողացավ համոզել քաղաքացիներին, որ նախկին գործելաոճը չկա: Միայն այն դեպքում, երբ «Սաշիկ 50%»-ին կարող են փոխարինել ակադեմիկոսներ, կամ գոնե այդ շրջանակներից մարդիկ, կարելի է ասել, որ կարող է երկիրը հաջողություն գրանցել: Այս իմաստով ՀՀ նախագահ, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Արմեն Սարգսյանի և վառ կերպար համարվող Նիկոլ Փաշինյանի դուետը թվում է՝ այնքան էլ վատ տարբերակ չէ Հայաստանի համար: Համենայն դեպս, նախկին կաստայի հետ համեմատության մեջ»:
Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ


















































