Մեր հարավային հարևան` Իրանի Իսլամական Հանրապետությունը, պատրաստվում է տոնելու իր 09 փետրվարի 1979 թվականի հեղափոխության քառասունամյակը:
Տարածաշրջանը ցնցող մի հեղափոխություն, որը բախվեց գերմեծ տերությունների շահերին` Ամերիկայի Միացյալ Նահանգները զրկվեց Խորհրդային Միության հարևանությամբ ունեցած իր լավագույն բարեկամ պետության հնարավորություններից, իսկ ԽՄ-ն հանձին ԻԻՀ-ի ձեռք բերեց նոր զինակից: Իրանի շահական վարչակարգի ներկայացուցիչ հզոր արքայի փախուստից և հեղափոխության ռահվիրա Իմամ Խոմեյնիի աքսորից վերադարձից հետո, բազմազգ և բազմադավան հասարակություն ունեցող երկրի հեղափոխական տրամադրությունները կամ այսօրվա բառով ասած էյֆորիան, շատ շուտ մարեց:
Իսլամ հեղափոխականները, որոնք երկրի տարբեր խավերի և բազմաշերտ հասարակության օգնությամբ էին ժողովրդական հզոր ընդվզման գլուխ անցել, հաղթանակից ընդամենը երկու ամիս հետո հանրաքվեով` երկիրն անվանեցին «Իրանի Իսլամական Հանրապետություն»: Հեղափոխության առաջնորդ և նոր պետականության հիմնադիր Իմամ Խոմեյնին հրապարակային խոստումներով երաշխավորեց մարդու հիմնարար ազատությունները, ազգությունների, կրոնների և դավանանքների իրավունքները, քաղաքական ազատությունները, գենդերային հավասարությունը և պետական պաշտոններում աշխարհիկ դեմքերի ներգրավվածության կարևորությունը:
Նոր Սահմանադրության վավերացումից հետո ընտրվեց երկրի առաջին նախագահը` Բանի Սադր, որը մուսուլման ճանաչված ընտանիքից էր և աշխարհական:
Իսլամ ծայրահեղականները շուտով հակադրվեցին օրինական կերպով ընտրված նախագահի քայլերին, մինչև որ Բանի Սադրը հալածանքներից խուսափելու համար «Մուջահեդին խալղ» ընդդիմադիր հզոր կազմակերպության ղեկավարի հետ փախավ Ֆրանսիա: Եկավ երկրորդ աշխարհիկ նախագահ` Ռաջային. նա աշխատեց ընդամենը մեկ ամիս և ռումբի հուժկու պայթյունի զոհ դարձավ: Դրանից հետո Իմամ Խոմեյնին հոգևորականներին արտոնեց նախագահի թեկնածու դառնալ և ընտրվեց պրն Խամենեին, որը ծառայեց երկու ժամկետ և Իմամի մահվանից հետո դարձավ պետության առաջնորդ: Դրանից հետո Իրանն ունեցել է ևս երեք հոգևորական և մեկ աշխարհիկ նախագահ:
Իսլամական Հանրապետության մեր բարեկամական երկրի ղեկավարներն անցնող քառասուն տարիների ընթացքում միշտ եղել են փնտրտուքի մեջ, փորձել են ավանդության և նորարարության ոսկե միջինը գտնելով, ստեղծել պետականության նոր մոդել, դրանով երջանկացնել իրենց ժողովրդին և կատարելագործելուց հետո դա հրամցնել նաև մուսուլմանական մյուս երկրներին: Մեր կարծիքով նրանք առայժմ ընկրկում են, քանի որ իրենց ստեղծած պետության զուգահեռ կառույցները և առաջնորդ-նախագահ հաճախ չհամաձայնեցված քայլերը խանգարում են երկրի հառաջադիմության:
Մինչ ժողովրդի կողմից ընտրված նախագահի շուրջ հավաքված գործիչները և լուսամիտ տարրերը ձգտում են իրական «հանրապետություն» ստեղծել, անդին մեծ թիվ կազմող կղերականները և իրենց «արմատական» ու «մտահոգ» կոչող պահպանողականների փաղանգը հավաքվել են կրոնապետերի կողմից ընտրված առաջնորդի և հոգևոր դպրոցների ու կառույցների ղեկավարների շուրջ և անդրջրհեղեղյան օրենքներով են առաջնորդվում: Վերջիններս մեծ ազդեցություն ունեն նաև Դատական ատյանների վրա, քանի որ Իրանի դատարանները կրոնահենք են:
Երկրի զինված ուժերը, ռադիո-հեռուստատեսությունը և տասնյակ այլ պետական հաստատություններ օրենքի ուժով ենթարկվում են առաջնորդին:
Երկրում դեռևս կուսակցություններ չկան, խստորեն վերահսկվում են տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը, սահմանափակված են ազգությունների, կրոնների և դավանանքների` անգամ մուսուլման ոչ շիաների իրավունքները. դատավարությունները , կալանավորումը կամ ձերբակալությունները միջազգային նորմերին չեն համապատասխանում, կանանց պարտադրվել է գլխաշոր և այլ սահմանափակումներ, մի շարք պաշտոններ և բուհական ճյուղեր փակ են կանանց և աղջիկների համար, կին դատավորներ չկան, կինն առանց ամուսնու նոտարական համաձայնության չի կարող արտասահմանյան անձնագիր ստանալ: Իր հեղափոխության քառասունամյակը բոլորող մեր հարևանն այժմ դիմագրավում է արտաքին լուրջ մարտահրավերներ և տնտեսական տագնապ:
ԱՄՆ նոր ղեկավարությունը անցյալ տարվա մայիսին հրաժարվեց ՄԱԿ-ի հովանու ներքո ստորագրված «Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլան»-ից (Joint comprehensive plan of action) /2015 հուլիս/ և Իրանի դեմ սաստիկ պատժամիջոցներ կիրառեց: Ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար Իրանի դեմ վերապահ են դարձել նաև պլանը ստորագրած ուժերից Ռուսաստանն ու Չինաստանը:
Առայժմ Իրանին մասնակի կերպով շարունակում են հովանավորել պլանը ստորագրած Եվրոպական եռյակը` Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Նրանք Եվրոմիության գլխավորությամբ Իրանին հորդորում են չլքել «Համապարփակ պլան»-ը և փորձում են Իրանի կալանքի տակ գտնվող նավթային փողերով երկրին մթերք և դեղ հասցնել: Մինչ Իրանի նախագահ Ռոհանին և ԱՄՆ-ում կրթություն ստացած իր արտաքին գործերի նախարար Զարիֆը փորձում են ճանկերով պահպանել Եվրոպայի հովանավորությունը, ծայրահեղականներն այդտեղ ևս խանգարողի դերում են և երազում են «Համապարփակ պլան»-ը Եվրոպայի ձեռքով փլուզվի, որպեսզի իրենք ազատվելով կապանքներից շարունակեն միջուկային և հրթիռաշինության տեխնոլոգիաների հզորացումը: Նրանք անգամ խանգարում են Իրանի դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը և Եվրոպական մի շարք երկրներում իրենց ինքնագործունեությամբ լուրջ խնդիրներ են ստեղծել Ռոհանիի կառավարության համար:
Մեր հզոր հարևանի հեղափոխության քառասունամյակի սեմին նրանց մաղթում ենք հաջողություն և նորանոր նվաճումներ. միաժամանակ մաղթում ենք ողջախոհություն, որպեսզի խուսափեն զուգահեռ և միմյանց խանգարող կառույցների գործունեությունից, իրենց քայլերը մոտեցնեն համաշխարհային ընտանիքում ընդունված խաղի կանոններին և հրաժարվեն ծայրահեղություններից:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ


















































