Վրաստանի սահմանին գտնվող Ջիլիզա գյուղում սահմանապահ սպան այնքան էր ոգեւորված իր «պաշտոնական դիրքով», որ ամեն քայլափոխին ցանկանում էր ցույց տալ իր իշխանությունը եւ տարբեր արգելքներ դնել գյուղում նկարահանումներ կատարող լրագրողների առջեւ: Մարդուն փոքրիկ իշխանություն էր տրվել, եւ այդ ինչ-որ մեկի վրա «վերխ հավաքելու» զգացողությունը նրա մոտ գլխապտույտ էր առաջացրել, էյֆորիկ վիճակ, որը, հավանաբար, համեմատելի է թմրանյութ ընդունելու հետեւանքներին:
Նազենի Ղարիբյանին ես ճանաչում եմ վաղուց, եւ իմ տպավորությունն այդ անձնավորությունից խիստ դրական էր, նաեւ հաճույքով կարդում էի նրա հոդվածները: Սակայն, երբ նրան հնարավորություն տրվեց «իշխելու» մշակութային ոլորտում, այդ հնարավորության մեջ նա տեսավ «շեֆություն անելու», ինքնահաստատվելու ինչ-որ ճանապարհ, եւ մանավանդ մշակութային գործիչների պարագայում դա բացարձակապես տեղին չէր եւ որեւէ դրական արդյունքների չբերեց:
Ինչո՞ւ են մարդիկ ձգտում պաշտոնի: Խորհրդային եւ անկախ (նախահեղափոխական) Հայաստանում այս հարցի պատասխանը հիմնականում ակնհայտ էր՝ որպեսզի հարստանան: Հիմա պաշտոնի այդ «բաղադրիչը», հուսանք, վերացել է: Բայց հարստանալը միակ շարժառիթը չի. որոշակի հոգեկերտվածք ունեցող մարդկանց համար (ենթադրում եմ, նրանք կազմում են մարդկության մեծամասնությունը) իշխելը, հրահանգներ տալը, չենթարկվելու համար պատժելը շատ ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր հարստությունները: Իհարկե, պաշտոնների, իշխանության ձգտող մարդիկ դա չեն խոստովանում, գուցե նաեւ անկեղծորեն հավատում են, որ «ինչ անում են, ազգի համար են անում»: Բայց դրանից իշխանավորի բնույթը չի փոխվում. ընդ որում՝ ցանկացած իշխանավորի՝ ցանկացած երկրում՝ սկսած ջունգլիներում ապրող մարդակեր ցեղի «վոժդից», վերջացրած ԱՄՆ նախագահով: Ցանկացած մտածող մարդ դա հասկանում է, իսկ չմտածողներն ընկնում են պատրանքների գիրկը՝ սիրելով կամ ատելով իշխանավորներին:
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկում է խորհրդարան չթողնել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց: Բայց նախ պետք է պարզել, թե ինչ է նշանակում «հոգեկան խնդիրներ»: Մեծ հաշվով աշխարհում չկա գեթ մի մարդ, որը նման խնդիրներ չունի: Բայց եթե դա յուրահատուկ պաթոլոգիա է, երբ մարդն ուզում է ինքնահաստատվել՝ ուրիշներին ճնշելով, ապա ցանկացած մեծ կամ փոքր պաշտոն ունեցող անձնավորություն տառապում է այդ ախտով: Չգիտեմ, ինչպես է պետք վարվել պատգամավորների հարցում, բայց պետական համակարգի «նաչալնիկների» շրջանում «հոգեկան խնդիրների» թեսթ դնելն անիմաստ է: Ուրիշներին ճնշելու բարդույթ չունեցող մարդը պաշտոնի չի ձգտի:
Կարդացեք նաև
Բայց ի՞նչ անեն այն «խեղճ» մարդիկ, որոնք այդ բարդույթն ունեն, բայց պաշտոնների չեն հասել: Նրանք էլ են իրենց գլխի ճարը տեսնում՝ ղեկավարում են եւ վերահսկում են իրենց ընտանիքի անդամներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































