Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորել ազգային գաղափարական առանցք, որի շուրջ «կհյուսենք» տնտեսական առաջընթացի մեր` ազգային մոդելը․ «168 ժամ»

Հուլիս 20,2019 11:06
tntesutyun

Վաղուց մոդայիկ է դարձել, ընդ որում, ոչ միայն Հայաստանում` մատնացույց անել այս կամ այն երկրի օրինակը (Իռլանդիա, Շվեյցարիա, Սինգապուր, Հոնկոնգ, և այլն), և հայտարարել` «…այ, եթե այս երկրի պես քաղաքականություն, օրենքներ ու կարգավորումներ ընդունենք և կիրառենք, ապա` կունենանք հիանալի անշեղ զարգացում, և շատ լավ կլինի ամեն ինչ…»:

Լավ ե՞նք մտածել: Իսկ կարո՞ղ ենք կիրառել այդ օրենքներն ու կարգավորումները, դա հնարավո՞ր է, իրատեսակա՞ն է: Իսկ մարդի՞կ… մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, իսկ այդ մարդկանց գործոնը հաշվի առե՞լ ենք: Հաշվի առե՞լ ենք մեր երկրում ապրող ու արարող 3 միլիոն հայ «գործոնները», որոնք, ի թիվս այլ, ենթադրենք՝ մաթեմատիկորեն ու տնտեսագիտորեն ճշգրիտ հաշվարկված գործոնների, անմիջականորեն և ուղղակի ազդում են տնտեսության վրա` իրենց մշակույթով, պատմությամբ, կրոնով, և, վերջապես` էթնիկ հոգեբանությամբ և դրանցից բխող վարքագծով: Հաշվե՞լ ենք, կամ` ի վիճակի՞ ենք հաշվել:

Օրինակ` կարո՞ղ ենք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ դեռևս ԽՍՀՄ կազմի մեջ գտնվող հանրապետություններում միաժամանակ կառուցված, գործարկված երկու, բացառապես միատեսակ գործարանների արտադրանքի որակը, ըստ ԽՍՀՄ կազմի մեջ մտող հանրապետությունների` սար ու ձորի տարբերություններ էր ունենում: Կամ` որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե այդ ո՞ր ազգի ներկայացուցիչներն են, որ շատ արագ (2-5 ամսում), ադամանդ մշակողի կամ ոսկերիչի աշակերտից դառնում են վարպետ:

Կամ` որքանով է կիրառելի, ասենք` կորպորատիվ կառավարման շվեդական մոդելը Հայաստանի և հայերի համար: Կամ` կարո՞ղ է գերմանացին ձեռագործ մետաքսե գորգ գործել, այնպես, ինչպես դա կարող է անել պարսիկը, իսկ պարսիկը` գերմանական որակի ավտոմեքենա արտադրել: Օրինակները շատ-շատ են:

Ընդ որում` հենց սրա վրա է հիմնված «աշխատանքի միջազգային բաժանում» վերջերս իսպառ մոռացված, սակայն օբյեկտիվորեն գործող հասկացությունը:
Եվ վերջապես… Ի վիճակի՞ ենք հաշվել, թե ո՞ր պահին Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա:

Այս ամենի հետ միասին, պետք է նշել, որ միանշանակ կարելի է համաձայնել այնպիսի արդեն կիրառված ու հաջողված երկրի մոդելի ամբողջական կրկնօրինակմանն ու կիրառմանը, որը`

1. չունի ելք դեպի ծով,

2. որի սահմանակից հարևաններն են` Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան, իրենց բոլոր առանձնահատկություններով,

3. որն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններ,

4. որն ունի Հայաստանի հետ բացառապես նույնանման ռեսուրսային, կլիմայական պայմաններ ու աշխարհագրություն,

5. որն ունի աշխարհով մեկ սփռված, իր բնակչության համեմատ եռապատիկ քանակով Սփյուռք,

6. որն ունեցել է բացառապես նույնանման քաղաքական ու տնտեսական հետագիծ` նախորդ առնվազն երկու տեխնոլոգիական շրջափուլերի ընթացքում,

7. Եվ ամենակարևորն ու որոշիչը` որ այնտեղ ապրեն 3 միլիոն հայեր` իրենց պատմությամբ, կրոնով, լեզվով ու մշակույթով, կրթական մակարդակով:

Իսկ կա՞ այդպիսի երկիր: Եթե կա, ապա` թող ասեն «մոդելապաշտները»:

Ոչ ոք չի պնդում, և առնվազն խելամտության սահմաններից դուրս կլինի այն պնդումը, թե` մենք պետք է դեն նետենք համաշխարհային փորձը, հաշվի չառնենք գոյություն ունեցող իրողությունները, ահռելի գիտական պաշարն ու գործնական ընթացքը, այս, կամ այն հատվածում` երկրների փորձը, և այլն: Երբեք…

Սակայն այդ ամբողջի տեղայնացումը մեր երկրում, ներդաշնակեցումը Հայաստանի առանձնահատկություններ հետ, Հայ տեսակի էթնիկ վարքագծի և գործելակերպի յուրահատկությունների հետ պարզապես այլընտրանք չունի: Հակառակ դեպքում մենք պարզապես կկտրվենք օբյեկտիվ իրականությունից` իր բոլոր բացասական հետևանքներով:

Չափազանց կարևոր է այդ համադրումն այն իմաստով, որպեսզի առավելագույնս օգտագործվեն այդ առանձնահատկությունների առավելությունները և միաժամանակ՝ հաշվի առնվեն թերությունները, այսինքն` տնտեսվարման տեսանկյունից` ուժեղ և թույլ կողմերը: Պետք է պարտադիր հաշվի առնել, որ այդ առանձնահատկությունները որոշ դեպքերում` համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ ընդլայնում են այս կամ այն տնտեսական կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:

Իսկ ինչպե՞ս հաշվի առնել այդ գործոնները, առանձնահատկությունները, ինչպե՞ս համադրել դրանք տնտեսության տարբեր մոդելների, կարգավորումների, օրենսդրության, տնտեսագիտության օրենքների, աքսիոմատիկ թվացող պնդումների հետ, որպեսզի դրան զուգահեռ` աշխարհի համար մնանք հասկանալի, ընկալելի, չափելի, և որպես պետություն` փորձենք պահպանել, ամրապնդել վստահելի, արժանապատիվ կեցվածք և զարգացման հեռանկար ունեցող գործընկերոջ կերպարը:

Հարցերը շատ-շատ են, և առաջին հայացքից՝ շատ բարդ, սակայն լուծումները գործնականում այնքան էլ բարդ չեն:

Սակայն, մինչ այդ, և այդ հարցերին առավել ճշգրիտ պատասխանելու համար, անհրաժեշտ է գիտակցել, զգալ, սահմանազատել, հստակեցնել մեր ազգային ու պետական նպատակադրումները, պարզ սահմանել դրանք:

Ըստ այդմ` ձևավորել այն գլխավոր ազգային գաղափարական առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի Սփյուռքի հետ միասին «հյուսել» հետագա զարգացման ուղին` ճկուն քաղաքական ու անվտանգային համակարգը, համաշխարհային գիտական ու գործնական հարուստ փորձի վրա հիմնված ու տեղայնացված տնտեսական առաջընթացի մեր` ազգային մոդելն ու դրանից ածանցվող ոլորտային քաղաքականությունները:

Ամենայն հավանականությամբ, վերջինս է այն ելակետը կամ մեկնակետը, որից սկսելը հնարավոր կդարձնի` հասկանալ և պատասխանել վերը շարադրված հարցերին:

Կընկալե՞նք այս ամենը` հավանաբար կհաջողենք, իսկ եթե ոչ, ապա` միգուցե այսպես էլ կշարունակենք ապրել, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր` նորից վատ, իսկ հետո` ավելի վատ…
Իսկ հետո, երբ ինչ-որ մի օր կհասկանանք, միգուցե և` շատ լավ:

 

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031