Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների «Երկնագույն շան աչքեր»-ը՝ Սանկտ Պետերբուրգի հեղինակավոր բեմերից մեկում

Նոյեմբեր 22,2019 22:02

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 5-8-ը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում։ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր»-ը պիեսի ներկայացումը կխաղան «Բալթյան տուն» պետական թատրոնում։ Ներկայացման լեզուն, իհարկե, հայերենն է, բայց այս թատրոնի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է ստեղծում նաև սինքրոն թարգմանությունների համար։ Դերակատարները Արսեն Միքյալեյանն ու հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանն են, իսկ ռեժիսորը՝ Ռաֆայել Ասատրյանը։

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ ինքը մի քանի օր առաջ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային 8-րդ համաժողովին՝ «Մշակութային կոդերը գլոբալացման պայմաններում» թեմայով, որի ժամանակ էլ հրավեր են ստացել հյուրախաղով հանդես գալ ՌԴ-ի մշակութային մայրաքաղաքում։

Հյուրախաղին աջակցողը Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է, ծախսերը մեծամասամբ հոգալու է Գյումրու թատրոնը, որոշակի մաս կհոգա հրավիրող կողմը։

Լյուդվիգ Հարությունյանի ասելով, քանի որ իրենք այցելելու են դեկտեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում, ուստի իրենց այցը կրելու է «Վերածնվող Գյումրի» խորագիրը․ նախ լուսանկարների ցուցահանդես է բացվելու պետերբուրգյան թատրոնի մեծ ճեմասրահում․ դրանք երկրաշարժի ու հետերկրաշարժյան 31 տարիների ընթացքում վերածնվող՝ մշակութային, կոլորիտով քաղաքի մասին պատմող լուսանկարներ են լինելու, հին ու նոր Գյումրու, այնուհետ խաղալու են «Երկնագույն շան աչքերը»։

Ըստ մեր զրուցակցի, ցուցադրության համար ընտրելու են տարբեր լուսանկարներ․ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն առաջարկել է տանել գյումրեցի նկարիչների ստեղծագործությունները, քննարկում են նաև այդ տարբերակը։

«Ներկայացումը լինելու է հայերեն տարբերակով «Բալթյան տանը», հանդիսատեսը տեղի հայերն են, բայց, իհարկե, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք մի քանի փառատոների ղեկավարների հետ, որ գան, դիտեն ներկայացումը։

Ինչպես գիտեք, « Բալթյան տունն» ունի նաև մոնո ներկայացումների փառատոն, սա արդեն առիթ կհանդիսանա, որ մեր թատրոնը մոնո ներկայացումներով մասնակցի թատերական փառատոներին։ Նմանատիպ այցելությունները շատ են օգնում թատրոնին, ես կարծում եմ, որ թատրոնը դրսում էլ ասելիք ունի։ Այս ներկայացումը պատրաստում ենք նաև ռուսերեն տարբերակով խաղալ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս և մեր ծրագրերի մեջ կա նաև մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եթե հնարավորություն ունենք, դերասանները կարող են, ոչ միայն այս ներկայացումը, այլ մյուսներն էլ պիտի փորձենք օտար լեզվով խաղալ։

Կարծում եմ՝ այս ներկայացումը դեռ երկար պտտվելու հնարավորություն ունի իր ձևաչափով, իր մոտեցմամբ․ երիտասարդականից բացի փոքր-ինչ էքսպերիմենտալ ներկայացում է, իսկ փառատոներում օգտագործում են էքսպերիմենտալ՝ նորարական ոճով բեմադրված ներկայացումներ։ Մեր թատրոնից Սանկտ Պետերբուրգ կմեկնեն հինգ հոգի, նաև ռեժիսորը, քանի որ կարիք կլինի համարվել նոր բեմին։

«Բալթյան տանը» ներկայացում խաղալ, կարծում եմ շատ քչերին կհաջողվի։ Այցելության ընթացքում կլինեն թատերական աշխարհի երևելի ներկայացուցիչներ, չնայած մեր քաղաքի մասին, կարծում եմ, աշխարհի բոլոր ծայրերում գիտեն, բայց կուզենանք այլ կերպով ներկայանալ, հավուր պատշաճի ներկայացնել մեր քաղաքը։ Մեր ստեղծագործական խումբը մի քանի թատրոններ այցելություններ կանի, փորձի փոխանակման պայմանավորվածություններ ձեռք կբերենք։ Եթե մեր «Դուետ» փառատոնն էլ կյանքի կոչվի, երկար ժամանակ դադարեցվել է, մենք էլ իրենց կհրավիրենք, սա մի նոր մտերմություն է, որը հաստատ շարունակություն կունենա»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի տնօրենն առանձնահատուկ կարևորություն է տալիս արտերկրյա հյուրախաղերին, ըստ նրա, մի բան է, որ ստեղծագործում ես քո քաղաքում կամ քո երկրում, մեկ այլ բան է, որ ներկայացնում ես դրսում։ Հյուրախաղերը, Լյուդվիգ Հարությունյանի կարծիքով, պարտադիր պետք է լինեն դերասանների կյանքում, դրանք անչափ ոգևորում են նրանց։

«2020 թվականին թատրոնը պարտադիր իր հյուրախաղերը պիտի շարունակի Հայաստանից դուրս։ Ինչպես գիտեք, մենք նոյեմբերին պատրաստվում էինք մեկնել Լիբանան Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում՝ 4 ներկայացումներով, բայց այնտեղի ներքաղաքական խնդիրների պատճառով մեր այցելությունը հետաձգվեց։ 2020 թվականին պարտադիր կգնանք և այնտեղ կներկայացնենք և՛ լիբանանահայ մեր ռեժիսորի աշխատանքը, և՛ մեր ներկայացումները»։

Լյուդվիգ Հարությունյանի ասելով, շուտով իրենց խաղացանկում տեղ կգտնեն ռուսերեն լեզվով ներկայացումներ Գյումրիում ապրող ռուսախոս ազգաբնակչության համար։ Օտարլեզվյա ներկայացումներով կկարողանան նաև մասնակցել փառատոների, քանի որ, երբեմն, պարտադիր է՝ ներկայացումը լինի տվյալ երկրի լեզվով։

Նախկինում, ըստ թատրոնի տնօրենի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների ու նրանց ընտանիքների համար Նիկոլայ Ծատուրյանն ու Արա Բաղդասարյանը բեմադրել են ռուսալեզու ներկայացումներ, հիմա կապը, կարծես, կտրվել է, որը փորձում են վերականգնել։

«Թատրոնը պետք է կարողանա լինել բազմաշերտ, ինչպես որ խաղացանկը պիտի ճկուն լինի՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների գործերով»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Լյուդվիգ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Կներեք, բայց թույլ ներկայացում է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930