Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ ենք Մոսկվայից իմանալ, թե ինչ ահաբեկիչներ կան Ադրբեջանում. ԱԱԾ պետի պաշտոնակատարի պարզաբանումը

Մարտ 03,2020 17:22 Share

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում էր «ԱՊՀ շրջանակում ահաբեկչության եւ ծայրահեղականության, այլ բռնի դրսեւորումների, դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին համաձայնագիրը վավերացնելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որ ուժի մեջ պետք է մտնի ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացման դեպքում: Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.-ին՝ ՌԴ-ի, ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից:

«Համաձայնագիրը կնպաստի ահաբեկչության եւ բռնության դեմ պայքարում տեղեկատվության դիվանագիտական եւ այլ միջոցներով փոխանակմանը՝ միջպետական մակարդակում»,-նշեց Էդուարդ Մարտիրոսյանը: Նա փաստեց, որ ըստ ՀՀ ՍԴ եզրակացության՝ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնելիք պարտավորությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ մինչեւ համաձայնագիրը հարցն ինչպե՞ս էր լուծվում: ԱԱԾ պետի պաշտոնակատարը հայտնեց, որ ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը, որի հետ գործակցում են, գտնվում է Մոսկվայում, իսկ այդ ոլորտում Մոսկվայի հետ մինչեւ համաձայնագրի ստորագրումը գործակցությունը եղել է դեռեւս 1992թ.-ին. «Իրավական առումով այս համաձայնագիրը մեր գործակցությունն ավելի արդյունավետ կդարձնի: Գործակցություն ունեցել ենք ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների հետ առանձին-առանձին»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց. «ԱՊՀ երկրների ցանկում մեր համար հակառակորդ երկիր էլ կա՝ Ադրբեջանը: Հակաահաբեկչական պայքարը ենթադրում է, որ հակառակորդ երկրի տարածքով կարող են ՀՀ ներթափանցել… այս ռիսկը գնահատե՞լ եք»:

Էդուարդ Մարտիրոսյանը շեշտեց. «ԱՊՀ երկրների հետ գործակցությունը մեր համար չի կրում պարտավորություն, եթե այն հակասում է մեր շահերին: Մենք իրավասու ենք այլ պետությանը տվյալներ եւ տեղեկություն չտրամադրելու: Իհարկե, համաձայնագրում կան պետություններ, որոնք կարող են ինչ-ինչ շահերից ելնելով՝ հարցումներ կատարել իրենց նեղ շրջանակների, ահաբեկիչների համար, որոնք կմուտքագրվեն ընդհանուր շտեմարան: Մեր պատասխանը կլինի այն, որ դա հակասում է մեր շահերին եւ օրենսդրությանը, ուստի իրավունք ունենք մերժելու հարցման կատարումը: Դա ամրագրված է համաձայնագրի կետերից մեկով»:

Սերգեյ Բագրատյանն օրինակ վկայակոչելով հարցրեց. «Հնարավո՞ր է Մոսկվայի հակաահաբեկչական այդ կենտրոնից հարցնել եւ իմանալ, թե ինչ ահաբեկչական խմբեր են ներթափանցել Ադրբեջան»:

Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց. «Տեղեկատվությունը համակարգում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը: Պետություններն ահաբեկիչների մասին իրենց տվյալները մուտքագրում են շտեմարան, որի համակարգումը կատարում է կենտրոնը: Մենք, իհարկե, կարող ենք տեղեկացնել այս կամ այն խմբավորումների վերաբերյալ եւ տեղեկատվության փոխանակման նպատակով համագործակցություն սահմանենք ԱՊՀ մյուս պետությունների հետ: Ասեմ, որ ահաբեկչությունը սահման չի ճանաչում, եւ բոլոր պետություններն են հակված դրա դեմ պայքարին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031