Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր թեման պետք է լիներ հենց համավարակի դեմ պայքարը, ազգաբնակչության պաշտպանությունը․ «Ազգ»

Հունիս 06,2020 11:00 Share

Երեկ ես ստիպված եղա աչքի անցկացնել մեր Ազգային ժողովի վերջին երեք ամիսների ընթացքում քննարկած եւ անցկացրած օրինագծերի թեմատիկ ցուցակը: Առաջին բանը, որը նկատեցի, այն էր, որ քննարկման ներկայացված օրինագծերի շուրջ 80 տոկոսը առաջարկվել է կառավարության կողմից, ինչը վկայում է խորհրդարանական պատգամավորական նախաձեռնողականության ցածր մակարդակի մասին, մանավանդ որ մնացած 20 տոկոսի գրեթե կեսը ներկայացվել է այսպես կոչված ներխորհրդարանական ընդդիմության կողմից, որոնցից շատերը մերժվել են:

Բայց իմ ներկա հոդվածի համար ինձ առավել հետաքրքրողը քննարկված եւ ընդունված կամ չընդունված նախագծերի թեմաներն էին, որոնք, շատ չնչին բացառությամբ, բնավ չէին վերաբերում համավարակի դեմ պայքարին: Ճիշտ է, եղել են մի քանի լսումներ, առողջապահության նախարարի հետ մի քանի հարցուպատասխանի սեանսներ, որոնք, ինչպես անգլիացիներն են ասում, դեգերումներ են եղել «թփի շուրջը» (around the bush): Մինչդեռ, անհրաժեշտության պահանջով, գլխավոր թեման պետք է լիներ հենց համավարակի դեմ պայքարը, ազգաբնակչության պաշտպանությունը:

Քննադատությունս վերաբերում է հենց խորհրդարանական մեծամասնությանը, այն տղաներին եւ աղջիկներին, որոնց տարիքն ու անփորձությունն անգամ ենթադրում է, անգամ ներում է հախուռն, խիզախ դրսեւորումները: Իսկ նրանք վավերացնողի դերն են վերցրել: Մինչդեռ պահանջվում է ստանձնել պատասխանատվություն եւ չհանդուրժել կոմսոմոլական ենթարկվածությունը: Համավարակը հաղթահարող երկրների մեծ մասում հենց խորհրդարաններն են, երբեմն զույգ պալատներով, աչալուրջ հսկում գործադիր իշխանությունների կիրարկած մեթոդներին ու միջոցներին. նրանք պատասխանատու են իրենց ընտրող ժողովրդի առաջ, եւ ոչ թե գործադիր իշխանությունների:

Ոչ, ոչ ոքի չեմ մղում ըմբոստության: Բայց ուզում եմ, որ մեր պատգամավորները իսկական խորհրդարանի վերածեն Ազգային ժողովը: Չէ՞ որ մեր երկիրը 2015 թ. Սահմանադրությամբ իբր դարձել է խորհրդարանական հանրապետություն:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930