Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցում «պաշտպանական» մարտավարությունը փոխարինել է «հարձակողականով». Թուրքագետ

Հուլիս 07,2020 21:00

«Թուրքիայի համար ավելի խնդրահարույց է դառնում ոչ այնքան այդ երկրների զուտ քանակը, այլ թե կոնկրետ որ երկրներն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը»

Հունիսի կեսին Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Այդ հարցը օրակարգային էր դարձել Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստում: Դռնփակ նիստը շուրջ 5 ժամ էր տեւել:

Հայոց ցեղասպանության հարցում թուրքական քաղաքականությունում փոփոխություննե՞ր են տեղի ունենալու, հարցրեցինք թուրքագետ Հայկ Գաբրիելյանին:

«Հայոց ցեղասպանության հարցում թուրքական քաղաքականության հարցում արդեն իսկ որոշակի փոփոխություններ կան, քանի որ Էրդողանը գնալով ավելի է կոշտացնում այդ հարցում իր դիրքորոշումը։ Հիշենք հայերի հանդեպ նրա վերջին վիրավորական հայտարարությունները (սրի մնացուկներ եւ այլն), եւ նաեւ Ձեր հիշատակած հանդիպումը։ Էրդողանը նախեւառաջ տեսավ, որ տվյալ հարցում հայերին սիրաշահելով (տարատեսակ հայտարարություններ անելով, «ցավակցական» բնույթի ուղերձներ հղելով)՝ ոչնչի չի հասնում․ հայկական կողմը տուրք չի տալիս դրանց եւ շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր քայլերը։ Դրա համար էլ Էրդողանը որոշել է Հայոց ցեղասպանության հարցում «պաշտպանական» մարտավարությունը փոխարինել «հարձակողականով»։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է աշխարհում, ընդ որում՝ Թուրքիայի համար ավելի խնդրահարույց է դառնում ոչ այնքան այդ երկրների զուտ քանակը, այլ թե կոնկրետ որ երկրներն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Էրդողանին հատկապես մտահոգել է վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում Հայեց ցեղասպանության մասին ընդունված բանաձեւերը, որոնք, թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերով, ամերիկահայերի առջեւ ճանապարհ են հարթում՝ Թուրքիայի նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու համար», նշեց մեր զրուցակիցը:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի՝ հուլիսի 8-ի եւ 9-ի համարներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031