Լրահոս
Օրվա լրահոսը

Տարաձայնություններ, սոցցանցերում դժգոհ գրառումներ. ԱԺ-ում քննարկվեց Կինեմատոգրաֆիայի մասին մայր օրենքի բազմաչարչար նախագիծը

Սեպտեմբեր 09,2020 16:25 Share

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվեց ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների համահեղինակությամբ «Կինեմատոգրաֆիայի մասին» մայր օրենքի նախագիծը, որը կարող է նպաստել մեր երկրում կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական ակտիվության բարձրացմանը, ֆիլմարտադրությանը, օտարերկրյա ներդրողների ներգրավմանը ՀՀ ողջ տարածքով կինոթատրոնների ստեղծմանը:

Նախագիծը զեկուցող Աննա Կոստանյանն ասաց, որ ՀՀ-ում գոյություն ունի 3 կինոմարմին, հիմա նախատեսվում է մեկ ազգային մարմին ստեղծել: Նախագծում սահմանվում են Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները եւ մի շարք այլ կարգավորումներ:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ նախագծում թերություններ կան, մի քանի տեխնիկական թերություն մատնանշեց:

«Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանը հարցրեց՝ նախագծում օտարերկրյա ներդրումների մասին եք խոսում, ի՞նչ է դա նշանակում, ռիսկեր չկա՞ն ծրագրում: Աննա Կոստանյանը պատասխանեց. «Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանի հետ համատեղ ֆիլմ նկարելուն կասկածով են մոտենում: Երաշխիքներ չկան գումարի հետ կապված, ուստի օրենքով ամրագրել են»:

«Իմ քայլից» Թագուհի Ղազարյանն ասաց, որ նախագծում ստեղծագործական թիմի մասին ձեւակերպում կա՝ ովքեր են՝ ռեժիսոր, բեմադրիչ եւ այլն, բայց սա սպառիչ ցանկը չէ, օրինակ, սարսափ ֆիլմ նկարելիս դիմահարդարը ոչ պակաս կարեւոր է ու այս ցանկում չկա: Աննա Կոստանյանը ընդունեց, որ այստեղ թերացում կա: Բացի այդ, ըստ Ղազարյանի, ֆիլմ հասկացության ձեւակերպումը հեղհեղուկ է՝ թեմատիկ ամբողջականության մեջ իրար կապակցված կադրերից ստեղծագործություն, ո՞ր պահից ի վեր ենք հասկանում՝ թերի է, որ պահից ենք հասկանում, որ ամբողջական դարձավ, կարող է մտքով մանկությունը հիշի, սեւ-սպիտակ կադրեր լինեն ու համարվի, որ գունային ամբողջականություն չկա:

Նախագծում ստեղծագործական ազատության եւ պետության միջամտության բացառման մասին ամրագրում կա: Թագուհի Ղազարյանն ասաց, որ կարող է պետությունը որոշի ֆինանսական աջակցություն տրամադրել ու պարզվի, որ օրենք է խախտում, որովհետեւ դա էլ է միջամտություն: Աննա Կոստանյանը պատասխանեց, որ հոդվածի վերնագրում հստակ բացում են միտքը, խոսքը ստեղծագործական ազատությանը միջամտելու մասին է:

«Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը հարցրեց՝ «Ոսկե Ծիրանի» փորձագիտական խմբի, մի քանի խմբերի հետ աշխատել եք, կոնսենսուսային մոտեցում կա՞, որովհետեւ որոշ մարդիկ սոցցանցերում գրառումներով դժգոհություն են հայտնել: Կոստանյանը պատասխանեց, որ ԱԺ լսումների միջոցով բոլոր շահագրգիռ անձանց լսել են, առաջարկություններ են հնչեցրել. «Բոլոր կողմերի առաջարկությունները ընդունվել, հաշվի են առնվել, սակայն կան սկզբունքային, գաղափարական առումով տարաձայնություններ էլ, կանգ ենք առել վերջնական այս տարբերակի վրա»:

Թե որ հարցերում են եղել գաղափարական տարաձայնություններ, Կոստանյանը պատասխանեց. «Գաղափարը մեկն է՝ ոլորտը զարգացնել: Տարաձայնությունը եղել է ազգային մարմնի ձևավորման հարցում: Նախկին նախագծի պարագայում այդ մարմինը, որը ստեղծվում է պետության կողմից, որեւէ կերպ ենթակա ու հաշվետու չէր լինելու պետությանը, որը անթույլատրելի է: Որքան էլ գիտենք, որ արվեստի մասին է խոսքը, բայց կան հարկերի հաշվին հատկացումներ ու բացարձակ անհաշվետվողականություն չէր կարելի թույլ տալ»:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ ամենախնդրահարույց կետը ԱԱՀ-ի մասով հարկային արտոնություն տալն է. «Թատրոնի տնօրենները արդեն իսկ խոսում են հետճգնաժամային իրավիճակում ԱԱՀ-ն մեղմելու արտոնության մասին: Մենք խնդիր ունենք ստեղծագործական խմբերին հստակ բացատրել, թե ինչու ենք կինեմատոգրաֆիայի ոլորտին տալիս հարկային արտոնություններ, իսկ այլ ճյուղերին չենք տալիս»: Նա ասաց, որ գործադիրը պետք է հստակ երաշխիք ունենա, որ հարկային արտոնության դեպքում ոլորտի շեշտակի զարգացում ենք ունենալու ու ներդրումներ:

Նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը Խզմալյանին հարցրեց, թե դուք ավելի լավ նախագիծ ունե՞ք, մշակե՞լ եք, եթե սա վատն է, բերեք ձերը: Խզմալյանն էլ պատասխանեց, որ օրենքի անհրաժեշտությունը կասկածի տակ չի դնում, բայց այս նախագիծը շատ է ծանրացրած այնպիսի կարգավորումներով, որոնք ենթաօրենսդրական ակտերով էլ կարող են կարգավորվել:

Իր ելույթում Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կինոն վերակենդանացնելու խնդիր ունենք, կինոն կարող է ե՛ւ բարձրացնել հասարակությանը, կրթել, ե՛ւ տանել դեգրադացման ու ընտրությունը մերն է, թե որ ճանապարհով գնանք: Նա ընդգծեց, որ դժգոհություններ կլինեն, չեն կարող բոլորի պահանջները բավարարել ու իդեալական փաստաթուղթ սարքել, սա մայր օրենք է ու չի բացառվում, որ բազմաթիվ սխալներ լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930