Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս տարիների ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանի ոչ մի խոստում չի կատարվել, հետևաբար, ոչ մի երաշխիք էլ չկա, որ այս մեկը կիրականացվի». Դավիթ Հովհաննիսյան. «Ժամանակ»

Մարտ 03,2021 10:54 Share

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը և երկրի կառավարման մոդելի փոփոխությանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարին էր Հայ ազգային կոնգրեսը կոչ անում սահմանադրական փոփոխություններ իրականացել և անցում կատարել կիսանախագահական կառավարման։ Ըստ ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը պետք է սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը դառնա։

Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, «Ժամանակ-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, նշեց, որ ՀՀ շահերի տեսակետից լավագույն որոշումն է ունենալ կիսանախագահական կառավարման համակարգ, սակայն լավատես չէ, որ իշխանությունը ամեն դեպքում կգնա դրան. «Մենք այս 3 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ խոստումներ իշխանություններից, որոնցից ոչ մեկը չի իրականացվել։ Բայց ես շատ կարևոր եմ համարում սահմանադրական փոփոխությունները, քանի որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 5-6 քաղաքական ճգնաժամ ենք ունենում գործող Սահմանադրության պատճառով, որը Հրայր Թովմասյանը գրել էր Սերժ Սարգսյանի համար, բայց իրենք չէին կանխատեսում, որ կարող էին այսպիսի պրոցեսներ տեղի ունենալ։ Իրենք ավելի հանգիստ կառավարման տեսլականով էին գրել այս Սահմանադրությունը, բայց հեղափոխությունից հետո պարզվեց, որ Հայաստանի նման երկրներում չի կարող խորհրդարանական կառավարման համակարգ լինել։ Դա իր ազդեցությունը ունեցավ նաև պատերազմում մեր ձախողման վրա։ Այսինքն՝ բոլոր ասպեկտներով մենք գալիս ենք, հանգում ենք նրան, որ մեզ անհրաժեշտ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգ, որտեղ հստակ դերերի բաշխում կլինի»,- ասաց Հովհաննիսյանը։

Գործող Սահմանադրության խնդրահարույց կետերից են նաև արտահերթ ընտրությունների գնալու խոչընդոտները, երբ դրա համար հարկավոր է, որ վարչապետը անպայման հրաժարական տա, նոր դրանից հետո խորհրդարանական ոչ մի խմբակցություն վարչապետ չառաջադրի, որից հետո խորհրդարանը ցրվի, ու ընտրություններ լինեն։ «Բայց ինչպես երևում է՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է գնալ այդ քայլին, քանի որ մտածում է, որ գուցե ինչ-որ մեկը կառաջադրվի ու, հնարավոր է, հետո «Իմ քայլի» պատգամավորների մի մասին գնեն ու այդպիսով խորհրդարանով վարչապետի հարցը լուծվի։ Իսկ ստեղծված իրավիճակում սահմանադրական փոփոխությունները կոմպրոմիսային տարբերակ է և այլևս անհրաժեշտություն չի առաջանալու ոչ խորհրդարան ցրելու, ոչ վարչապետի հրաժարականի․ հանրաքվեով լինում է նոր Սահմանադրություն և կիսանախագահական համակարգի հաստատվելուց հետո 2-3 ամսվա մեջ կանցկացվի նոր նախագահական ընտրություն, որի արդյունքում Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն։ Այլ կերպ ասած՝ կիսանախագահականի անցնելու առաջարկը անելանելիությունից ինչ-որ ձև դուրս գալու առաջարկ է, որից, ինչ-որ պահից իշխանությունը կարող է հրաժարվել, եթե այլևս վտանգներ չլինեն։ Մենք այս տարիների ընթացքում տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոստում չի կատարվել։ Հետևաբար, ոչ մի երաշխիք էլ չկա, որ այս մեկը կիրականացվի»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031