ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2 մասից բաղկացած Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը, որի առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը»։
Զեկույցի՝ Հայաստանին նվիրված բաժնում նշվում է, իր Հայաստանը հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է` տեղակայված աղբուր-երկրներ Աֆղանստանի և Իրանի, և Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների միջև: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին ապօրինի կերպով ներմուծվում են հիմնականում Իրանից:
2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկած ժողովրդավարական կառավարությունը գործարկել է նոր հակակոռուպցիոն ինստիտուտներ, բայց համեմատաբար քիչ է խոսել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին: Թմրամիջոցների հետ կապված խոշոր քրեական գործիչների ձերբակալություններ չեն եղել, և խոշոր բեռների առգրավում հազվադեպ է գրանցվել:
Նախքան Արցախյան պատերազմը՝ 2020թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի իրավապահ մարմինները քննել են 552 քրեական գործ ՝ կապված թմրանյութերի, հոգեմետ նյութերի հետ, ինչը 19 տոկոսով ավելի է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Կարդացեք նաև
Զեկույցում նշվում է, որ 2018թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը աստիճանաբար ամրապնդել է փողերի լվացման դեմ իր օրենսդրությունը և կտրուկ ավելացրել է փողերի լվացման հետաքննությունները: Հայաստանը քրեական գործեր է հարուցում նախկին կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ կապված օլիգարխների դեմ, և նոր օրենսդրության շնորհիվ այժմ կարող է անօրինական գործունեության հետ կապված ակտիվները քննել քաղաքացիական դատարանում:
Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել բանկային գաղտնիության մասին խիստ օրենքներում, որոնք խոչընդոտում են քննիչների` բանկային տվյալներին հասանելիություն ստանալու հնարավորությանը: Չնայած Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց փոփոխությունները՝ կառավարությունն այժմ աշխատում է օրենսդրության նոր նախագծի վրա՝ լուծում տալու Սահմանադրական դատարանի մտահոգություններին, ասվում է զեկույցում:
2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահ մարմինները ակտիվացել են փողերի լվացման գործերը բացահայտելու փորձերում: 2018թ. կեսերից մինչև 2019թ. թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը հարցում է ստացել փողերի լվացման տարրերի հետ կապված ընդհանուր առմամբ 200 քրեական գործերի վերաբերյալ: 2020թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ թիվը հասել է մոտավորապես 700-ի: Այդ գործերը հիմնականում հարուցվել են այնպիսի մեղադրանքների համար, ինչպիսիք են աղմկահարույց կոռուպցիան, հափշտակությունները, հարկերից խուսափելը, գողությունը և խարդախությունները: Այս գործերի զգալի մասը ուղղված է Հայաստանի նախկին ռեժիմների և նրանց հետ փոխկապակցված օլիգարխների դեմ:
2018թ. կեսերից մինչև 2019թ. վերջ ընկած ժամանակահատվածում Հայաստանի դատարաններն ութ դատավճիռ են կայացրել փողերի լվացման տարրերով գործերով: Չնայած 2020թ. պաշտոնական վիճակագրությունը դեռ առկա չէ, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանման պաշտոնյաներն ակնկալում են, որ այդ թիվն ավելի մեծ կլինի, ասվում է զեկույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































