Սեպտեմբերի 9-ին Տարոն Հակոբյանը կնշեր 34-ամյակը, մինչդեռ նա անմահացավ Արցախյան երկրորդ պատերազմում։ Հերոսի ծնունդին ընդառաջ ընկերները ֆիլմ են նվիրել նրան։
Տարոնը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում յուրօրինակ մտածողությամբ և բացառիկ տեսակով։ Տարոնը դպրոցը գերազանց էր ավարտել, անվճար ընդունվել համալսարան, բանակից զորացրվելուց հետո էլ մեկնել Եվրոպա։ Ճանապարհորդել շատ էր սիրում, բայց այնտեղ երկու տարի ապրելուց հետո որոշում է վերադառնալ Հայաստան ու ապրել հայրենիքում։ Հաջորդ քայլը խաղաղապահ առաքելության մեկնելն էր։
Կարդացեք նաև
«Հինգ տարի աշխատեց ու որպես լավ աշխատող՝ իրեն երկու անգամ Գերմանիա, երկու անգամ Աֆղանստան են ուղարկել։ Տաջիկստան, Ուզբեկստան գնաց, հաղթանակով եկավ։ 50 հոգով գնացին Տաջիկստան, ինքը հպարտ էր, ասաց՝ «մամ ջան, երեքից մեկը քո տղան էր, որ պատվոգիր ստացավ»։ Գերմանիայից էլ երկու անգամ պատվոգրով հետ եկավ, ճամպրուկից առաջինը պատվոգիրը հանեց։ Աֆղանստանին էլ մեդալ ստացավ», – պատմում է մայրը։
Հարազատներն ու ընկերները մինչև այսօր չեն կարողանում հաշտվել Տարոնի կորստի հետ, նրա մասին անցյալով չեն խոսում։ Տարոնին բնութագրում են որպես բարության, ազնվության և հայրենասիրության խորհրդանիշ։
«Կյանքը շատ էր սիրում, չափից շատ։ Երեխու պես հետաքրքրություններ ուներ, սիրում էր վայելել, զգալ ամեն ինչը, ծառի կանաչը, ծաղկունքը․․․ ամեն ինչը, ինքը գնահատում էր, տեսնում ու վայելում էր», – պատմում է Տարոնի ընկերը՝ Աղվան Թևոսյանը։
Տարոն Հակոբյանը անմահացել է եռօրյա թեժ մարտերից հետո՝ անառիկ պահելով Օմարի դիրքերը: Հանրապետության նախագահի՝ 2020 թ. հոկտեմբերի 6-ի հրամանագրով Տարոն Հակոբի Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:




















































