Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեվոնյան․ առաջին ուսումնական տարին ցույց տվեց ունկնդիրների մեծ հետաքրքրությունը հայերիս և Հայաստանի նկատմամբ

Ապրիլ 17,2022 22:29

Ինչպես գրել էր Aravot.am-ը անցած տարվա հուլիսի 17-ի իր համարում, Վերապատվելի դոկտոր Ռընե Լեվոնյանը նշանակվել էր Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր վարիչ՝ համալսարանի ռեկտորի կողմից, նաև՝ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ խորհրդակցությամբ: Իր հետ համալսարանի կայքի հարցազրույցը տես ստորև․

Սույն թվականի ապրիլին ավարտվեց 2021-2022 ուսումնական տարին։ Ինչպիսի՞նն էր այն։ Այս մասին զրուցեցինք դոկտոր Ռընե Լեվոնյանի հետ։

Ռընե Լեվոնյան։ Ծնվել և կրթություն ստացել է Ֆրանսիայում։ Համալսարանական վկայականներ է ստացել սոցիալական և կրթական բնագավառներում։ Ունի նաև աստվածաբանության դոկտորի տիտղոս։

Ծառայել է քսան տարի իբր հոգևոր հովիվ Ֆրանսիայում, հետո՝ տասնյոթ տարի՝ Հայաստանում և Արցախում, և երրորդ շրջանը՝ Եվրասիայի (Արևելյան Եվրոպա և նախկին Խորհրդային Միության) երկրների Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ։ Ներկայումս Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչն է Եվրասիայում։

Խառնվածքով դիվանագետ է։ 1990-ականներին ծառայել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ, Հայաստանում՝ նախագահի աշխատակազմի խորհրդական, Արցախի արտգործնախարարի խորհրդական։

-Առաջին ուսումնական տարին տևեց 2021թ․սեպտեմբերից մինչև 2022թ․ ապրիլ։ Այդ ընթացքում մենք ունեցել ենք 21 մշտական ուսանող և ազատ ունկնդիր, որի 1/3 ծագումով հայ են, իսկ 2/3՝ ֆրանսիացի։

Պետք է առանց չափազանցության նշեմ, որ այն անցավ գերազանց, քանի որ ունկնդիրները ունեին մեծ հետաքրքրություն Հայաստանի և հայերի նկատմամբ, նաև կային այնպիսինները, որ ունեին բավականաչափ տեղեկություններ։ Չեմ թաքցնի, որ մեծ թվով ունկնդիրներ մինչ դասընթացի սկիզբը տեղեկություն չունեին նյութի մասին, սակայն գրեթե մեկ տարվա այս դասընթացից հետո դրա մասնակիցների հետ ամփոփեցինք դրա արդյունքները։  Ունկնդիրների մեծ մասը փոխանակվեց իրենց կարծիքներով, ու պարզվեց, որ շատերը պատրաստ են մասնակցելու նաև գալիք տարվա դասընթացներին, ավելին, հուսով եմ, որ կներգրավենք նաև նոր մասնակիցների։

Հայության ընդհանուր պատմությունը ներառել է սկսած մեր ազգի ծագման օրերից մինչև 44-օրյա պատերազմն Արցախում, բացի դրանից, բավականին մասնագիտացված ձևով խոսվել է Կիլիկիայի Թագավորության մասին, Հայոց Ցեղասպանության, վերջին հարյուր տարվա Հայոց Հանրապետությունների մասին։

Ուստի, ունկնդիրները շատ տպավորված էին նրանից, որ, չնայած բոլոր արհավիրքներին, հայերը այսօր էլ կան։

Առանձին բաժնով տրվեց «Քրիստոնեությունը և հայերը» նյութը, լինի դա պատմական, կամ աստվածաբանական առումով։ Հպարտությամբ պետք է նշեմ նաև, որ մենք հյուրընկալեցինք պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանին, ով նշանավոր մաթեմատիկոս և պատմաբան  է, նաև մեկը, ով խորացած է Կիլիկիո պատմության և Ղարաբաղի հարցի մեջ։

Նույնը վերաբերում է պրոֆեսոր Կլեր Մուրադյանին, ով պատմաբան է, և երկու հոգևորական դասախոսություններ ունեցան համապատասխանաբար Հայ Առաքելական եկեղեցու՝ Անդրանիկ քհն․Մալջյանը և Հովսեփ եպս․Քելեքյանը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու մասին։ Հասկանալի է, որ Հայ Ավետարանական եկեղեցու պատմությունը և աստվածաբանությունը դասավանդեցի ինքս․․․

– Թույլ տվեք Ձեզ մի փոքր ընդմիջել, մեծապատիվ դոկտոր Լեվոնյան այն, որ Ձեր՝ գլխավորած ամբիոնի ունկնդիրները այդքան մեծ հետաքրքրություն ունեն դեպի մեզ՝ հայերիս նկատմամբ, արդյոք չի՞ բացատրվում, ի թիվս այլ պատճառների, նաև ֆրանսիացի ժողովրդի և պետության դարավոր դրական կեցվածքով հայ ազգի նկատմամբ․․․

– Անշու՛շտ։

– Իսկ ինչպիսի՞նն են լինելու գալիք ուսումնական տարվա հիմնական թեմաները։

– Խնդիրն այն է, որ անցած ուսումնական տարում մենք արագորեն անցանք հայերի ծագման հարցը, սակայն այս տարի պետք է խորանանք դրա մանրամասների մեջ։

Մյուս թեման է «Հայկական արվեստը և ճարտարապետությունը»։

Նաև պետք է խոսենք երկու կարևոր դեմքերի մասին՝ Ներսես Շնորհալիի և Գրիգոր Նարեկացու։

Սրան գումարած մխիթարյանների պատմությունը և առաքելությունը։

Դասախոսություն կարդալու պիտի հրավիրենք նաև պրն Տիգրան Եկավյանին, ով վերջերս հրատարակել է «Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը» գիրքը։ Ինչո՞ւ ցանկացա, որ սա լինի․որ մարդիկ չկարծեն, որ մեր պատմությունն է միայն հետաքրքիր…։

Մի խոսքով, սրանք են նախնական թեմաները գալիք ուսումնական տարվա համար։

–  Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ֆրանսահայ համայնքը։ 

–Ինչպես տարիներ առաջ իմ գրքում՝ նվիրված ֆրանսիական հասարակության մեջ օտարազգի համայնքների ինտեգրմանը, ես նշել էի, և սրան համաձայնեցին ինչպե՛ս հայերը, այնպե՛ս էլ ֆրանսիացիները, որ ամենից լավ ինտեգրվողները, կամ օրինակելիները հայերն են․․․։ Սա, անշուշտ, լավ է, սակայն մյուս կողմից մեր հայկական ինքնությունը պահելը՝ և դա պետք է, այսպես ասած,  համագործակցեն․․․

1980-ականների սկզբերին Միջին Արևելքից և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանից Ֆրանսիա  տեղափոխված ընտանիքները, սակայն, նոր ուժ, նոր արյուն տվեցին ֆրանսահայ համայնքին։ Եվ մեր համայնքը տարբեր հաջողված ծրագրերի շնորհիվ կարողացավ լավագույնս ներկայացնել թե՛ ֆրանսիացի ժողովրդին, և թե՛ երկրի քաղաքական վերնախավին և իշխանություններին Հայ Դատը, ինչի արդյունքում Ֆրանսիան 2001թ․ո՛չ միայն ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, այլ նաև ընդունեց այն որպես օրենք։

Ավելացնե՛մ, որ հայ համայնքը պետք է ջանք թափի, որ է՛լ ավելի կազմակերպված բնույթ ստանան սոցիալական, մշակութային և կրթական աշխատանքները։

Հիմա մեր կապի մասին Հայաստանի հետ․ֆրանսահայ համայնքը երբեք անտարբեր չի եղել նրա նկատմամբ, ինչ տեղի  է ունենում Հայաստանում և Արցախում,  և մշտապես ցանկացել է ամրապնդել կապերը իրենց հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930