Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ծննդյան վկայականից մինչեւ արբանյակներ, առողջ սնունդ ու ռոբոտաշինություն

Սեպտեմբեր 09,2022 16:41 Share

STARMUS-ի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը` Գիտության ճամբարը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ամեն օր ժամը 17-23-ը: Մեր այցելության պահին բոլոր տաղավարներում կուտակումներ էին, ինչը ոգեւորում էր տաղավարների կազմակերպիչներին:

«Շատ բարձր է ակտիվության մակարդակը, երեխաներն ավելի շատ հետաքրքրվում են առողջ քաշի, առողջ սնուցման հարցերով, արդյոք իրենց քաշը նորմայի մե՞ջ է, ավե՞լ է, թե՞ նորմայից պակաս է: Որպես կանոն` մեզ մոտեցողները հիմնականում թերքաշ են, հավանաբար այն մարդիկ, որոնք ավել քաշ ունեն, գիտակցում են դա եւ չեն մոտենում»,-ժպտալով ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Նա նաեւ նշեց, որ երեխաներն ավելի շատ հարցնում են, թե նորմայից պակաս քաշ ունենալը ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել:

«Մենք նաեւ իրենց մեր բավականին հետաքրքիր Սմարթ կշեռքն ենք ցույց տալիս, որը տան պայմաններում հնարավորություն է ընձեռում որոշել, թե օրական ինչքան սպիտակուց ու ածխաջուր ենք ստանում: Այն մարդկանց համար, որոնք ուզում են առողջ ապրելակերպ ունենալ, հրաշալի լուծում է` տան պայմաններում իրենց փոխարեն հաշվարկելը»,-ասաց Պիպոյանը:

Հարություն Հաբաշյանը

Զրուցեցինք նաեւ SCYLLA ընկերության ներկայացուցիչ Հարություն Հաբաշյանի հետ, որը շրջապատված էր երեխաներով, եւ նրանց տաղավարում ասեղ գցելու տեղ չկար: «Արհեստական բանականություն օգտագործելու միջոցով օբյեկտների ճանաչմամբ ենք զբաղվում, ինչպես օբյեկտներ, այնպես էլ վարքագիծ ենք տարբերակում: Օբյեկտների մեջ կարող է լինել` զենք, մարդ, մեքենաներ, վարքագիծը կարող է լինել գողություն, ծեծ, կռիվ, ծուխ կրակ»,- երեխաներին պատմում էր Հարությունը: Նա ասաց, որ երեխաներին հետաքրքրում է, թե արդյոք իրենք զբաղվում եւ ուսուցողական ծրագրերով:

Միքայել Բադալյանը

Հնագիտության տաղավարը ներկայացրեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: «Մենք փորձել ենք ընտրել ինտերակտիվ ծրագրեր, եւ այնպիսի ծրագրեր, որոնք այցելուները տեսնելիս նաեւ հաճույք կստանան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Հավելեց, որ տաղավարի մի հատվածում ներկայացված են հայտնի հնագիտական, ուրարտական իրերի կրկնօրինակները, օրինակ` Երևանի ծննդյան վկայականի քարե սեպագիր արձանագրության կրկնօրինակը, հատուկ պաստառներ են դրված, մի անկյունն էլ նախատեսված է տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: Նրանք կարող են Բրայլյան համակարգով կարդալ ցանկացած իրի բնութագիրը, իսկ ազնվական ուրարտուհու հետ նկարվողների պակաս չկար: Կային նաեւ Երվանդունիների ժամանակաշրջանի ռիտոնների կրկնօրինակներն , ինչպես նաեւ ստեղծվել էր պեղավայր, որտեղ փոքրիկները պեղումներ էին անում: «Սա եւ հաճելի է, եւ սեր է արթնացնում դեպի հողն ու դեպի հնագիտությունը»,-ասաց Միքայել Բադալյանը:

Հավելենք, որ տարբեր տաղավարներ ներկայացնում էին տարբեր ոլորտներ ու գիտության ճյուղեր` աստղաֆիզիկա, լազերային ֆիզիկա, դրոններ, ռոբոտաշինություն, աստղադիտակներ, տիեզերական և արհեստական արբանյակներ եւ այլն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930