Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ` Արցախի մի եզակի խաչքարի մասին

Փետրվար 02,2023 23:40

Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է.

«Արցախի խաչքարային պատկերաքանդակը եզակի դրսևորում է հայ խաչքարային մշակույթում։ Այն ներկայացնում է մահկանացուներին, նրանց հիմնական զբաղմունքը, ակնկալիքները, անմահության մասին ժողովրդական պատկերացումները։

Բազմաթիվ կերպարների և թեմաների մեջ առանձնակի կարևորություն ունի ռազմիկի կերպարը և կռվի թեման։

Թե երբ է սկիզբ առել այդ ուշագրավ դրսևորումը, մինչև վերջ պարզված չէ։

Ռազմիկների պատկերաքանդակներ կրող խաչքարային արձանագրություններից դատելով, կարելի է դրանց ամենահավանական սկիզբը համարել 12-րդ դարի կեսերը, երբ Արցախի իշխանությունները համառ պայքար էին սկսել երկրամասի ազատագրման համար։

Մոտ երեք տարի առաջ Պտրեցիք գյուղի անտառներում հայտնաբերվեց մի խաչքար, որն ամենայն հավանականությամբ նման խաչքարերի առաջնեկներից է։ Խաչքարը արձանագրություն չունի և նրա մոտավոր ժամանակի մասին կարող ենք դատել ելնելով ծավալային լուծումից, հորինվածքի առանձին բաղադրիչների պատկերագրական առանձնահատկություններից  և քանդակի տեխնիկական կատարումից։

Խաչքարասարի ձվաձև ծավալը, քիվի բացակայությունը, եզրագոտու թեթև առանձնացումը, պարզ հյուսվածքը, խաչի արտաքին ձևավորումը, խաչաթևերի կլոր երկու և երեք բլթակները, սխեմատիկ ականթազարդերը հատկանիշներ են, որ բնորոշ են 10-11րդ դարերի խաչքարերին։

Տեխնիկական կատարման տեսակետից էլ այն ավելի մոտ է վաղ օրինակներին, երբ ողջ հորինվածքը ստացվում է ետնախորքի հեռացման տեխնիորի դեպքում զարդերը կարծեք վերադրված լինեն հարթ մակերեսի վրա։

Իր պարզությամբ առանձնանում և պատկերաքանդակը. պատկերված չեն հեծյալի  հագուստը, գլխարկը, մանրամասնված չեն դեմքը, ձիասարքը, թամբը։ Մերկացրած թուրը և գոտուն ամրացրած պատյանն ավելի ենթադրելի են։  Թվարկած մանրամասները հիմք են տալիս խաչքարը վերագրել 11-րդ դարին, ամենավերին սահման համարելով 12-րդ դարի սկիզբը։

Բայց այս պարզ ու սխեմատիկ ներկայացումն իրականացված է հստակ կառուցվածքով՝ վարդյակ, խաչի կոթուն, ականթազարդեր, խորանի վերնակյունից իջնող ողկույզներ, ճշգրիտ ու ելնդավոր քանդակ՝ հատկություններ, որ առանձին հմայք են հաղորդում այս եզակի խաչքարին։

Վայելենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728