Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
– Արդեն մի քանի օր է, հանրապետությունում մեկնարկել է ՀայաՔվեի ստորագրահավաքը։ Նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել նաև ոչ իշխանական դաշտում։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս նախաձեռնությունն, ըստ Ձեզ, Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակները շտկելու համար։ Նաև` ի՞նչ ռիսկեր կան ու, արդյո՞ք, դրանց դիմագրավելու ռեսուրսը կա։ Օրինակ, ենթադրյալ բացասական արդյունքի պարագայում, դա պետք է ընդունե՞լ վերջնական արդյունք։
-Անկեղծ ասած, երբ հռչակվեց ՀայաՔվե նախաձեռնության մասին, ինքս որոշակի վերապահումներ ունեի։ Եթե այս նախաձեռնությունը, ընդդիմության կողմից իրականացվող սահմանադրական ճանապարհով դիմադրության հերթական փորձն է, ապա վստահաբար պնդում եմ, որ այն ձախողվելու է։ Իմ կողմից վերապահումը վերաբերում է հենց այդ՝ «սահմանադրական» ճանապարհին։ Հայաստանում երբևէ չի գործել, առավել ևս, 2018թ․ հետո չի գործում, այսպես կոչված, սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգ ասելով, նկատի պետք է ունենանք, ոչ թե ՀՀ Սահմանադրության մեջ հռչակված մարդու և քաղաքացու իրավունքներն, այլ իշխանական համակարգը։ Իսկ Հայաստանում, կրկնեմ՝ հատկապես 2018թ․ հետո, խոսել իրավունքի, իրավական նորմերի մասին, ուղղակի զավեշտալի է, քանի որ ողջ՝ գործադիր, օրենսդիր, դատախազաքննչական, արդեն նաև դատական համակարգերը գտնվում են մեկ մարդու՝ վարչապետ կոչեցյալի վերահսկողության և հպատակության տակ։
Այնպես որ, եթե նախաձեռնության հեղինակները հույսը դնում են սահմանադրական, իրավական հիմքերով հաջողության հասնելու վրա, ապա վստահաբար պնդում եմ, որ նրանք ձախողվելու են։ Չի կարելի գործել, հանուն ցույց տալու համար, որ գործում ես։ Հուսով եմ, որ նախաձեռնության հեղինակներն այդքան միամիտ չեն, ինչպես նաև ՀայաՔվեն չի արվում, ինչ-որ բան անելու համար։ Ուղղակի, այս նախաձեռնությունը ժողովրդի պայքարող զանգվածին միավորելու նպատակ պետք է ունենա, հետագա վճռական պայքարի տանելու համար։ Նախաձեռնությունը, համոզված եմ, որ մեծ հույսեր է առաջացրել արցախցի մեր հայրենակիցների մեջ, որոնք ամիսներ է տառապում են շրջափակման հետևանքով։ Եվ ինքս արդեն միացել և ստորագրել եմ հօգուտ ՀայաՔվեի։
Կարդացեք նաև
ՀայաՔվե նախաձեռնությունը դատապարտված է հասնել հաջողության, հակառակ դեպքում, սա կլինի մեր ժողովրդի համար հերթական համազգային խայտառակությունը՝ պատերազմում պարտվելուց, դրանից հետո պարտության խորհրդանիշ և թիվ մեկ մեղավորի իշխանությունը հանդուրժելուց, 2021թ․ «ընտրությունների» արդյունքներով և վերջապես, վարչապետ կոչեցյալի կողմից հրապարակային Արցախն ուրանալուց հետո։ Հուսով եմ, որ այս ամենը գիտակցում են ՀայաՔվե նախաձեռնողները։
-Ուշագրավ է իշխանական հակաքարոզչությունն այս նախաձեռնությանը. ուղիղ հայտարարվում է, որ այն հանգեցնելու է պատերազմի։ Ի՞նչ տրամաբանությամբ է դա արվում, կա՞ ճշմարտության հատիկ այդ մտայնության մեջ և ի՞նչ է լինելու, երբ իշխանությունն իր ոճին հարիր` դիմադրություն ցուցաբերեց:
-Իշխանությունն իր ողջ լծակներն օգտագործելու է ՀայաՔվեն ձախողելու համար՝ ահաբեկումներ, բռնություններ, հակաքարոզչություն։ Իհարկե, որպես հիմնական հակաքարոզչություն, օգտագործվում է, փորձված մեթոդը՝ վախեցնել ժողովրդին նոր պատերազմով։ Կարդում, լսում ես, քպ-ական տարբեր, ներեցեք՝ դեղնակտուցների խոսքերը․ «Ես թույլ չեմ տա Օսկանյանին և տարատեսակ թղթեր ստորագրողներին ևս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին» և չգիտես ինչ ասել, թե ինչպիսի երիտասարդ անարժանապատիվ սերունդ է ձևավորվել Հայաստանի անկախության տարիներին։
Նախ, պետք է արձանագրել, որ վարչապետ կոչեցյալի կողմից հրահրված և պարտության տարած 2020թ․ պատերազմն ավարտված չէ և ոչ մի, այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» այն չի ավարտելու։ Մեր թշնամու ախորժակն օր օրի ավելանում է, արդեն ադրբեջանական պաշտոնական լուրերում Հայաստանն անվանում են արևմտյան Ադրբեջան։ Առայժմ, Ադրբեջանին զսպող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, ոչ Արևմուտքը, առավել ևս՝ Հայաստանն իր «խաղաղասիրական» աղաչանքներով։
ՀայաՔվե նախաձեռնության, չեմ ցանկանում կասկածել՝ հաջողության դեպքում, հակառակը՝ հայ ժողովուրդը ցույց կտա իր արժանապատվությունն ու պայքարի ոգին, որն էլ հարգանք կառաջացնի մեր նկատմամբ և մեր դաշնակիցների և այլ երկրների կողմից։ Եվ հենց ՀայաՔվեի հաջողությունն ու դրան հետևող իշխանափոխությունը միայն կհանդիսանան պատերազմը կանխելու միակ միջոցը։ Տվյալ դեպքում, նկատի ունեմ, ոչ միայն վստահության վերականգնում մեր դաշնակիցների կողմից, այլև բանակի վերականգնում և ողջ ժողովրդով ինքնապաշտպանության կազմակերպում։ Արձանագրենք, որ հատկապես մեր տարածաշրջանում, առանց ուժեղ բանակի, ինքնապաշտպանական ոգու, Հայաստանն ուղղակի կվերանա քարտեզից։
Սարսափով եմ մտածում, եթե 1918թ․ իշխեր քպ-ական մտածողությունը և չլինեին Սարդարապատի և Լեռնահայաստանի ինքնապաշտպանական հերոսամարտերը, Հայաստան անունը կմնար միայն պատմության մեջ, ինչպես Ասորեստանը։ Միթե՞ շուրջ 100 տարի անց մենք «սրբագրելու» ենք Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի և մյուս նվիրյալների ժառանգությունը։
– Հավանական համարու՞մ եք, որ այս նախաձեռնությունը դառնա միավորող գաղափար հակաիշխանական քաղաքական դաշտի և հանրության համար ու սրանով սկիզբ դրվի իշխանության հեռացման նոր գործընթացի։
-Այսօր, Հայաստանում գործում են մի քանի ընդդիմադիր միավորումներ։ Կարծում եմ, որ անկախ ամեն ընդդիմադիր միավորման մարտավարությունից, բոլորը պարտավոր են իրենց ռեսուրսներով աջակցել ՀայաՔվեին, քանի որ, ինչպես վերը նշեցի՝ ՀայաՔվեի, լեզուս չի պտտվում, ձախողումը, կլինի բոլորիս ձախողումը և հերթական համազգային խայտառակությունը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


















































