Հետանկախական շրջանում՝ մասնավորապես 1995 թվականից ի վեր, ներհայաստանյան քաղաքական խոսույթի հիմնական թեման եղել եւ շարունակում է մնալ իշխանության օրինակարգության (լեգիտիմություն) խնդիրը: Զուգահեռաբար՝ գոյություն ունի լայնորեն տարածված հանրային պատկերացում, ըստ որի՝ Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը», ասել է թե՝ ամենախոցելի տեղը, օրինական հիմունքներով իշխանություն ձեւավորելու անհնարինությունն է: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետին։ Բնականաբար՝ այն, ինչ կարող է անել հանրային վստահություն վայելող, օրինակարգ իշխանությունը, չի կարող իրեն թույլ տալ ոչ լեգիտիմ համարվողը։
Սակայն այստեղ ամեն ինչ միանշանակ չէ։ Այս պնդումը առնվազն երկու հարթություն ունի. ա/ օրինակարգ իշխանության որոշումները հանրությունը չի կարող չընդունել, քանի որ ինքն է ձեւավորել իշխանությունը, եւ բ/ օրինակարգ իշխանությունը կարող է իրեն թույլ տալ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք հանրության համար կարող են անընդունելի լինել, անգամ՝ ցավոտ։ Պարզ է, որ ազատ, արդար ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանությունը կարող է իրականացնել հանրության համար ոչ այնքան ցանկալի փոփոխություններ՝ օգտագործելով իր օրինակարգության պաշարը։
Սակայն խնդիրն այլ է՝ արդյո՞ք քաղաքացիների արդար քվեով ընտրված իշխանությունը միշտ է, որ գործում է ի շահ հանրության, արդյո՞ք ձեռնհաս ու իրավասու է կառավարման մեջ եւ արդյո՞ք չի սպառել օրինակարգության ռեսուրսները, հանրության երբեմնի աջակցությունն ու վստահությունը։ Այս ամենի դառը փորձը մենք ճաշակեցինք Աժ 2018թ.-ի եւ 2021թ.-ի ընտրությունների արդյունքների համատեքստում, ինչպես նաեւ ճաշակում ենք այսօր, երբ 3-րդ Հանրապետության գաղափարական ողնաշարը ջարդվեց Արցախյան պատերազմի պարտությամբ, որից հետո գործող ընտրախավը դավադրաբար ճանաչեց ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, ուրացավ Հայոց պատմությունը, եկեղեցին, ինքնությունը, «արշավեց» ազգային խորհրդանիշների վրա եւ այլն:
Փաստորեն՝ 2018-ին իշխանության եկած խմբակը բոլոր առումներով անձեռնհաս ու անկարող դուրս եկավ եւ արագ մսխեց իր քաղաքական կապիտալը: Այժմ կառավարող քաղաքական ուժի իրական վարկանիշը ամենացածր սանդղակում է, եւ այդ նվազագույնն էլ պահպանվում է շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով անձնական տվյալների օգտագործման ու հանրային կարծիքի ձեռնածությունների: Կարեւոր է հասկանալ, որ արդար եւ թափանցիկ ընտրությունների առկայությունը դեռ երաշխիք չէ, որ իշխանության եկած ընտրանին ցանկանալու է կամ ունակ է լինելու ծառայել հանրային շահին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































