Գերմանիայի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան եւ Ադրբեջան այցելեց
Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը Հայաստան ու Ադրբեջան այցելեց: Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն էր Երեւան եւ Բաքու։
Մարտի 31-ին Շտայնմայերն առավոտյան նախ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալեցին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլկե Բուդենբենդերին:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետը եւ Գերմանիայի նախագահը հանդիպել էին նաեւ ընդլայնված կազմերով: Փաշինյանը ողջունելով Շտայնմայերի այցը Հայաստան, նշել էր, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր, ապա ընդգծել էր, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ եւ խորացող համագործակցություն։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռանկարային էր համարել փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության եւ մշակույթի ոլորտներում: Գերմանիայի նախագահը հայտնել էր իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում: Կողմերն ընդգծել էին երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաեւ մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, Փաշինյանը կարեւորել էր ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:
Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: Կողմերը կարեւորել էին համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել էր Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին: Մտքեր էին փոխանակվել նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Երեւանում Գերմանիայի նախագահը մասնավորապես, հայտարարել է՝ «կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը՝ խաղաղություն հաստատելու համար»։
Կայացել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը, նրանք համատեղ հայտարարություններով էին հանդես եկել: Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում: «Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` խթանելու կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները»,- նշել էր նա: Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի նախագահի եւ վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նրանք շրջել էին կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին եւ զրուցել աշակերտների հետ:
Գերմանիայի նախագահն ապրիլի 1-ին այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ նկատի առնելով, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաեւ Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել էր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաեւ հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Շտայնմայերը հավաստիացրել էր, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի նախագահի հետ աղոթել են աշխարհում խաղաղության եւ մարդկության բարօր ու ապահով կյանքի համար, ապա Շտայնմայերը շրջել էր Մայր Տաճարում, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
Արցախի դրոշը՝ Բեռլինի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական սկանդալի պատճառ
Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը՝ գրելով. «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել»։
Գերմանիայի նախագահի՝ Արցախի մասին ինստագրամյան գրառումը դիվանագիտական սկանդալի վերածվեց Բաքվի ու Բեռլինի միջեւ: Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ: Ադրբեջանում Գերմանիայի դեսպանն անմիջապես կանչվեց երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա փոխանցեցին: Շեշտելով, թե տեղի ունեցածը «ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ», Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի նախագահի գրառումը նաեւ որակել էր «բացահայտ քաղաքական սադրանք», ընդգծելով, թե այն կատարվել է տարածաշրջանային այցի ընթացքում: Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտայում նաեւ նշել էր, թե Գերմանիայի նախագահի հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարություններին, ինչպես նաեւ շարունակվող խաղաղության գործընթացին:
Պաշտոնական Բաքուն գերմանական կողմին նաեւ փոխանցել էր, թե Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական միավոր չկա, հետեւաբար խոսելով ադրբեջանական տարածքների մասին՝ պետք է զերծ մնալ «գոյություն չունեցող եւ ֆիկտիվ անուններ օգտագործելուց»: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել էր Գերմանիային, թե 30-ամյա հակամարտությունն արդեն անցյալում է, եւ որ այն իրենք արդեն լուծել են ռազմաքաղաքական ճանապարհով: Ծավալուն բողոքի նոտայից հետո Բաքուն պահանջել է, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի գրառման համար։
Ավելի ուշ «Ազերթաջ»-ը հրապարակեց Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին, որտեղ պետքարտուղարը ներողություն էր խնդրել հրապարակման համար՝ նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։ «Ադրբեջանի շրջանին վերաբերող սխալ դրոշի պատկերումն ու դրան ուղեկցող տեքստը նախագահի սոցիալական էջում շատ կարճ ժամանակ է եղել: Այն պահին, երբ սխալն արձանագրվել է, հրապարակումը հեռացվել է, ես խորապես ցավում եմ այդ սխալի համար եւ անկեղծորեն ուզում եմ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որն այդ հրապարակումն առաջացրել է Ադրբեջանում որոշ մարդկանց շրջանում», – գրել էր Դինգերը: Գերմանիայի պետքարտուղարը Հաջիեւին ուղղված իր նամակում նաեւ հայտնել էր, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ գործընկերությունը եւ աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։
Մոտ ապագայում կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը. Շտայնմայերը` Բաքվում
Բեռլինի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երեւանից պաշտոնական այցով ապրիլի 1-ին ժամանեց Բաքու։ Հաջորդ օրը կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձին հանդիպումը Շտայնմայերի հետ։ «Պաշտոնական Բեռլինի ուղիղ եւ հստակ դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է եւ այսօր եւս հաստատում ենք Գերմանիայի այդ դիրքորոշումը, ես այսօր վերահաստատում եմ մեր այդ տեսակետը», -Բաքվում կայացած ասուլիսում նշեց Գերմանիայի նախագահը։ Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Գերմանիայի նախագահն ընդգծել էր. «Շատ մեծ քայլ է արվել եւ ես կողմերին շնորհավորում եմ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առիթով։ Այսօր, նախագահ Ալիեւի հետ զրույցի ընթացքում, ես հույս եմ հայտնել, որ մոտ ապագայում մենք կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը։ Դա կհանգեցնի կայուն խաղաղության։ Ես կոչ եմ անում կողմերին, չնայած բարդություններին եւ մարտահրավերներին, բաց չթողնել այս հնարավորությունը: Մեծ հույս ունեմ եւ կոչ եմ անում կողմերին՝ բաց չթողնել այս պահը, չնայած բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին», – նշել էր Շտայնմայերը։ Նրա կարծիքով՝ կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն գործընթացը մինչեւ վերջ հասցնելու համար. «Վստահ եմ, որ դա տեղի կունենա»: «Համաձայնագրի համար հրաշալի պահ է եկել, եւ այն պետք է անպայման օգտագործել: Համաձայնագրի ստորագրումից հետո դեռ շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի այն իրականություն դառնա»,- նկատել էր Գերմանիայի նախագահը:
«Գնդակը Հայաստանի դաշտում է». Ալիեւ
Նույն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիեւը նշել է. «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են»։
Սակայն Ալիեւը դարձյալ խաղաղության հաստատման ձգձգման մեղքը բարդել է հայկական կողմի վրա, նշելով. «Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան: Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ: Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։ Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»։ Ալիեւը, սակայն, պնդել է. «Մեր պայմանները հայտնի են Հայաստանին. դրանք նոր չեն։ Մենք վաղուց առաջ ենք տանում դրանք։ Հայաստանից մինչ օրս մենք լուրջ պատասխան չենք ստացել»։
Ահա այս երկու պայմաններն, ըստ Ալիեւի, եթե բավարարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ «Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի կողմն է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները», – ընդգծել է Ալիեւը:
Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 1-ին Բաքվում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական եւ գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդուին եւ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին եւ դժգոհել է Հայաստանից։ «Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ու խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները մեր երկրի նկատմամբ, ինչպես նաեւ այդ երկրի արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար», նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 03.04.2025


















































