Ուշադրության է արժանի, որ Թուրքիա կատարած այցից առաջ Ալիևը պահանջել էր, որ Հայաստանն ընդունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձն» իրենց «պատմական հողեր»։ Իսկ մի քանի օր անց էլ Բաքվի ջանքերի արդյունքում իսլամական երկրները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Այսինքն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում ձևախեղված ու կեղծ հայտարարություններով փորձում է «պատրաստել» հանրությանը նոր զիջումների, իսլամական պետությունները պարզ ու բաց ասում են՝ «մենք չենք հավատում քո խաղաղասիրությանը», «մենք աջակցում ենք Ադրբեջանին»: Փաստացի, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ համարձակություն են ձեռք բերում, իսկ Փաշինյանի «սիրալիրությունները» ոչ միայն չեն մեղմացնում այս նկրտումները, այլ ընդհակառակը՝ խրախուսում են հակահայկական արշավները։
Ընդ որում, չի բացառվում, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ հենց թուրքական ու ադրբեջանական պահանջների մասով է քննարկում տեղի ունեցել, որտեղ թուրքական կողմը, իր սովորույթի համաձայն, նախապայմանների տեսքով նշել է, թե ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը։ Հատկանշական էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունները սկսելու է զրոյական կետից։ Սա իսկապես վտանգավոր է, հատկապես եթե հիշենք, որ մի ժամանակ էլ հայտարարում էր, թե Արցախի վերաբերյալ բանակցություններն է սկսում զրոյական կետից, իսկ վերջում կորցրինք Արցախը։
Մյուս հարցը, որի վրա արժե կենտրոնանալ, վերաբերում է նրան, որ ստամբուլահայերի հետ հանդիպմանը Փաշինյանն իսկապես շատ վտանգավոր ուղերձներ էր փոխանցում։ Նա նշում էր, թե իբր Թուրանը մեզ համար վտանգ չէ, ուրիշ տեղից են մեզ հայրենասիրություն սովորեցրել (նկատի ունի Ռուսաստանին), Թուրքիայից ընդամենը ճանապարհ են ցանկանում, որ ակտիվացնեն կապերն Ադրբեջանի, Միջին Ասիայի ու Չինաստանի հետ։
Կարդացեք նաև
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում