Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ը մեզ է մնացել Խորհրդային Միությունից, որպես ժառանգություն

Ապրիլ 13,2026 12:30 Share

ՀՀ մինչեւ 2036 թվականի էներգետիկ զարգացման համառոտ հայեցակարգ

  1. Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները:

ա) Շատ կարեւորելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության գերկարեւորությունը, պետք է ընդունել, որ ատոմային էներգետիկայի բնագավառում անքննելի առաջատարը ՌՈՍԱՏՈՄ-ն է: ԱՄՆ-ը, լինելով աշխարհում առաջին ռեակտորը, առաջին ատոմային ռումբը ստեղծողը եւ այժմ շահագործելով հարյուրից ավելի էներգետիկ ռեակտորներ, չունի ուրանի հարստացման հզորություններ՝ սեփական պահանջների նույնիսկ փոքր մասը ապահովելու համար եւ գրեթե ամբողջ միջուկային վառելիքը գնում է ՌՈՍԱՏՈՄ-ից՝ ուղիղ կամ միջնորդավորված՝ Չինաստանի կամ Ղազախստանի միջոցով: Հայաստանում նոր ամերիկյան ռեակտոր կառուցելով՝ ստիպված ենք լինելու ԱՄՆ-ից գնել նույն ռուսական հարստացված ուրանը շատ ավելի բարձր գնով, քան Ռուսաստանը կարող է առաջարկել մեզ իր ռեակտորը ընտրելու դեպքում:

բ) Պետք է չմոռանալ, որ ՀԱԷԿ-ից գնվող էլեկտրաէներգիայի ցածր գինը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ ՀԱԷԿ-ը մեզ է մնացել Խորհրդային Միությունից, որպես ժառանգություն եւ ստիպված չենք կառուցման գինը վերադարձնել նույնիսկ փոքր տոկոսներով: Նոր ատոմակայանի արտադրված էլեկտրաէներգիան ստիպված կլինենք գնել առնվազը տասից տասներկու ցենտով, որը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի ոչ միայն էներգահամակարգը, մյուս գեներացնող ընկերություններին, այլ նաեւ տնտեսվարողներին եւ որքան մեծ լինի բլոկի հզորությունը, այնքան ավելի վատ:

գ) Չի կարելի չարաշահել Չեռնոբիլի վթարը, պատրանք ստեղծելով, որ ռուսական ռեակտորները վտանգավոր են: Չմոռանանք, եւ Տրի-Մայայլենդի եւ Ֆուկուսիմայի ռեակտորները ամերիկյան էին: Միայն թե ռուսական ռեակտորը ընտրելու դեպքում պետք է այնպես պայմանավորվել, որ հնարավոր չլինի 2002 թվի աշնանը եւ հաջորդող ձմռանը տեղի ունեցած էներգետիկ ճնշման, ճգնաժամի կրկնությունը:

  1. Կլիմայի փոփոխման դեմ պայքարում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման եւ էներգետիկ անվտանգության ապահովման համար Հայաստանում ստեղծվեցին բարենպաստ պայմաններ արեգակնային էներգետիկայի զարգացման համար: Սակայն կառավարության կառուցվածքում էներգետիկայի նախարարության՝ որպես այդ բնագավառի պատասխանատուի, կարգավորողի, վերահսկողի բացակայության պայմաններում արեգակնային հզորությունների չկարգավորված ներդրումները հանգեցրին ներկա իրավիճակին, երբ էներգահամակարգում բախվում են տարբեր էներգագեներացնողների շահերը, էներգահամակարգի բալանսավորումը խիստ կախված է ամպամածության փոփոխականությունից, ֆոտովոլտայիկ կայանների ստիպողական անջատումների արդյունքում խախտվել են այդ կայանները գնողներին նախապես ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվարկները եւ այլն: Այս խնդիրները ծագել են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այլ երկրներում: Իրավիճակի կարգավորման առավել տեսանելի, իրագործելի լուծումները նախատեսում են էներգիայի կուտակման եւ էլեկտրաէներգիայի վերագեներացիայի սխեմաներ: Հայաստանի համար առավել արդյունավետ լուծումը կարող է լինել էներգիայի հիդրոակումուլյացիան: Այն կարելի է իրականացնել երկու ուղղությամբ միառժամանակ:

ա) Կարելի է բարենպաստ պայմաններ առաջարկել, որպեսզի այն մեծ ու փոքր հէկերը, որոնք չունեն կամ ունեն փոքր ջրհավաք-ջրթող ավազաններ, կառուցեն մեծ ավազաններ եւ կարողանան ավելացնել հիդրոտուրբինների քանակը, հզորությունը՝ պիկային ռեժիմներում աշխատելու համար: Անապատացման եւ ջրի շարունակվող նվազման պայմաններում որոշ հէկերի համար դա գոյատեւման գրավական կլինի:

բ) Պետք է ստեղծել մասնագիտական խումբ՝ եղած հէկերի բազայի վրա ռեւերսիվ հիդրոակումուլյացիոն կայան կառուցելու համար: Առաջին հերթին որպես ամենախոստումնալից կայան առաջարկվում է Արգելի ՀԷԿ-ը: Ճիշտ է, պետք կլինի վերին՝ ջրթող ավազանի ծավալը երեք անգամ ավելացնել, որի համար կա տարածք: Ստորին ավազանի համար առկա են տեղանքի բարենպաստ գործոններ՝ բազալտե պատերով կիրճ: Տուրբինների եւ գեներատորների ձեւափոխման համար կարելի է դիմել աշխարհում հիդրոակումուլյացիոն կայանների առաջատարներին՝ նորվեգացիներին: Այս կայանի պիկային հզորությունը կգերազանցի 250Մվտ-ը: Ներդրումային ծախսերն ավելի փոքր կլինեն նույն հզորության եւ էներգատարողության լիթիումերկաթաֆոսֆատային մեգամարտկոցի գնից, իսկ շահագործման ժամկետը կլինի բազմաթիվ տասնյակ տարիներ: Դա հնարավորություն կտա ոչ միայն զգալիորեն թուլացնել էներգահամակարգի խնդիրները, այլ նաեւ ավելացնել ֆոտովոլտայիկ հզորությունները եւս մեկ-երկու հարյուր մեգավատտով:

Քանի որ այս կայանի վերին ավազանը երեկոյան պիկից հետո դատարկ կլինի, այն կարող է վերալցվել գիշերային գերարտադրության դեպքում՝ առավոտյան փոքր պիկի բավարարման համար:

  1. Հանրահայտ է, որ ջերմոցներում արտադրված բնամթերքի ինքնարժեքի զգալի մասը էներգետիկ ծախսն է: Աշխարհի զարգացած ջերմոցային տնտեսություններ ունեցող երկրներում ջերմային էներգիան ստանում են բացառապես կոգեներացիայի եւ տրիգեներացիայի արդյունքում, որը կտրուկ նվազեցնում է արտադրանքի ինքնարժեքը եւ դարձնում է այն մրցունակ: Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերեսը 1500հա-ից ավելի է: Նախատեսվում է մոտ ժամանակներում այն հասցնել 2000հա-ի: Եթե յուրաքանչյուր հեկտարի ջեռուցման ժամանակ կոգեներացիայի միջոցով գեներացվի 500Կվտ էլեկտրական հզորություն, ապա հիսուն տոկոսանոց կիրառման դեպքում 1000հա-ից կստանանք 500Մվտ հզորություն: Կոգեներացիայի եղանակով տարեկան 4000 ժամ ջեռուցման դեպքում մեկ կիլովատտ հզորության ներդրումային ինքնարժեքը կկազմի 300 դոլար՝ 30 դրամ /կվտ/ժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի եւ զուգահեռ 4,5դրամ /կվտ/ժ ջերմային էներգիայի ինքնարժեքի հաշվարկով: Հայաստան ներմուծվող գազի քանակը կավելանա ոչ ավելի, քան տասը տոկոսով, սակայն հաշվի առնելով այն անուղղակի օգուտները, որ կստացվի արդյունքում՝ դա կլինի բնական գազի ամենաարդյունավետ օգտագործումը: Այս ուղղության ներդրումը եւ զարգացումը խթանող ամենաուժեղ գործոնը կլինի էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագինը. գոնե տասը ցենտ կիլովատտ/ժամի համար:

Փոխարենը կարելի է պարտադրել անխուսափելի գեներացիա երեկոյան պիկի ժամանակ գոնե հոկտեմբերից ապրիլ ժամանակահատվածում: Պետք է իրականացնել լայնամասշտաբ իրազեկում, կիրառել հարկային եւ մաքսային արտոնություններ ֆիտոլամպերի ներկրման համար՝ կոգեներացիա եւ տրիգեներացիա կիրառող տնտեսվարողների նկատմամբ:

  1. Մոտ ապագայում էլեկտրաէներգիայի ծախսի մեծ բաժնեմաս կունենա էլեկտրատրանսպորտը. որը մի կողմից կբարձրացնի հանրապետության էներգետիկ անվտանգությունը, բայց մյուս կողմից կծանրացնի էներգահամակարգի բեռնվածությունը: Էլեկտրամոբիլների եւ լիցքավորվող հիբրիդների քանակի կտրուկ աճ ապահովելու համար պետք է մեղմացնել մաքսազերծման անհիմն սահմանափակումները: Մեծ արդյունք կունենա բազմաբնակարան շենքերի բակերում անձնական տարածք վարձակալելու եւ անձնական լիցքավորիչ տեղադրելու հնարավորության ստեղծումը, սեփական եւ վարձակալվող ավտոտնակները էլեկտրաէներգիայով եւ լիցքավորիչներով ապահովելու հնարավորության տրամադրումը: Բայց որպեսզի դա չծանրաբեռնի էներգետիկ ենթակառուցվածքները, պետք է այդ լիցքավորիչների էլեկտրամատակարարումը իրականացվի միայն կեսօրվա եւ գիշերային սահմանված ժամերին: Որպես հնարավոր հետեւանքի կանխարգելում, պետք է այդ աշխատանքների մեջ ներգրավել նաեւ ԱԻՆ-ին՝ նախապես բարձրացնելով վերջինիս այդ բնույթի հակահրդեհային պայքարի կարողությունները:

Արմեն ՀԱՄԱԶԱՍՊԻ ՓԱԹԱԹԱՆՅԱՆ

ինժեներ-ֆիզիկոս

«Առավոտ» օրաթերթ
11.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930