Պարզ է, Փաշինյանը շատ մեծ ցանկություն ունի առաջիկա ընտրություններում չգրանցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքին (ինչպես եւ այլ ընդդիմադիրներին), որպեսզի ապահովի իր սահուն վերարտադրությունը: Դրա համար իր ձեռքի տակ գտնվող ռեպրեսիվ ապարատը դիմում է եւ դեռ դիմելու է ամենաստոր ապօրինությունների:
Հասկանալի է նաեւ, որ սովորական մարդկային պատկերացումների սահմաններից դուրս այդ դաժանությունը (մասնավորապես, Դավիթ Մինասյանի եւ Գոհար Ղումաշյանի նկատմամբ իրականացրած պատժիչ գործողությունները) ողջունելու են ՔՊ-ականները, նրանց վարձու քարոզիչները, ինչպես նաեւ ատելությունից կուրացած նիկոլականները` ի դեպ, հիմնականում կանայք: Թե ինչեր են նրանք գրում եւ խոսում, ես պարզապես չեմ ուզում կրկնել. դա հին պատմություն է, թե ինչով են տարբերվում մարդիկ եւ չմարդիկ՝ մարդկային դեմքը կորցրածները: Ցավոք, դարերի ընթացքում եւ 20-րդ դարում մենք հանդիպել ենք «զանգվածի» կողմից մարդակերությունն արդարացնելու բազմաթիվ դեպքերի: Օրինակ, Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ իրենց խիղճը հանգստացնում էին՝ «մեր երկրում մարդկանց հենց այնպես չեն ազատազրկում» սփոփիչ բանաձեւով:
Այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները Հայաստանում այսօր նույնպես լծվել են ռեպրեսիաների արդարացմանը: Եվ այստեղ նույնպես զարմանալու բան չկա: Հ/կ-ների գոյությունը պայմանավորված է արեւմտյան դրամաշնորհներով: Եվ, այդ դրամաշնորհներն արդարացնելու համար, նրանք, փոխանակ ժողովրդավարությունը, մարդասիրությունը, համերաշխությունը խրախուսելու, ծափահարում են վայրագ բռնաճնշումներին: Իմ տպավորությամբ՝ եթե Փաշինյանն անգամ 10 000 մարդ գնդակահարի, Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Կայա Կալասը, արյան լճակների միջով անցնելով, կգան եւ իրենց պրոտեժեի ճակատը կպաչեն:
Մտավորականները նույնպես մեծ մասամբ լռում են կամայականությունների եւ բռնաճնշումների մասին: Ոմանք անգամ «շիթիլվել են» իշխանությանը: Թող անհամեստ չհնչի, բայց եվրոպական հումանիզմի եւ ժողովրդավարության ջատագովներ ավելի շատ կարելի է հանդիպել փաստաբանների եւ լրագրողների շրջանում:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































