Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ պետական մարմին չի կարող ստուգել ու գրաքննության ենթարկել այլ մարմինների հետ ՄԻՊ գրագրությունը, բայց…

Ապրիլ 16,2026 12:00 Share

Սահմանադրական դատարան դիմած Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրում է, որ որեւէ պետական մարմին չի կարող բացատրություններ պահանջել վերջինից իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների ուսումնասիրության ընթացքում ձեռնարկած միջոցառումների առնչությամբ, չի կարող ստուգել ու գրաքննության ենթարկել այլ մարմինների հետ նրա գրագրությունը, չի կարող վերանայել Մարդու իրավունքների պաշտպանի կայացրած որոշումները, ինչն ուղղակի երաշխիք է Սահմանադրության 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անձի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից։ Մինչդեռ, դիմողի պնդմամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի խնդրո առարկա նորմերը հնարավորություն են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին քննելու վարքագծի կանոնների խախտման եւ շահերի բախման վերաբերյալ այն դիմումները, որոնք առնչվում են Պաշտպանի՝ իրեն հասցեագրվող դիմումների եւ բողոքների քննության առնչությամբ իրականացվող գործունեությանը, այդ համատեքստում պահանջելու գրավոր պարզաբանում Պաշտպանի գործունեության առնչությամբ իրականացված գործողությունների, իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ, ստուգելու եւ մեկնաբանելու այլ մարմինների հետ Պաշտպանի գրագրությունը, ինչը, դիմողի գնահատմամբ, հակասահմանադրական է։

2026 թ. փետրվարի 16-ին Սահմանադրական դատարան էր դիմել Մարդու իրավունքների պաշտպանը: Նա խնդրել էր. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 31-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածին հակասող այնքանով, որքանով դրանք հնարավորություն են տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ քննելու վարքագծի կանոնների խախտման եւ շահերի բախման վերաբերյալ այն դիմումները, որոնք առնչվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրեն հասցեագրվող դիմումների եւ բողոքների քննության առնչությամբ իրականացվող գործունեությանը, այդ համատեքստում պահանջելու գրավոր պարզաբանում ՄԻՊ գործունեության շրջանակներում իրականացված գործողությունների, ՄԻՊ-ին հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ ստուգելու եւ մեկնաբանելու այլ մարմինների հետ ՄԻՊ գրագրությունը»:

Պաշտպանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ. «Հատկանշական է, որ հենց վիճարկվող նորմերով քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների, գլխավոր դատախազի տեղակալների համար նախատեսված է Հանձնաժողովի լիազորությունների սահմանափակում այն դեպքերի համար, երբ գործերն առնչվում են վերջիններիս կարգավիճակից բխող, ինչպես նաեւ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը։ Ընդ որում, նման սահմանափակում նախատեսված է այն պայմաններում, երբ Սահմանադրությամբ, միջազգային չափանիշներով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանված են անկախության ու անձեռնմխելիության ամենաբարձր երաշխիքները, որոնք համեմատելի չեն վերը նշված պաշտոնատար անձանց համար սահմանված անկախության երաշխիքների հետ»։

Ըստ Սահմանադրական դատարանի` դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում նկատելի է դառնում, որ դրա շրջանակներում բարձրացված հարցերը վերաբերում են գլխավորապես Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը: Մասնավորապես՝ Դիմողը բարձրացնում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 31-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի սահմանադրականության հարց՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական հրամայականի երաշխավորման համատեքստում՝ փորձելով այն կապել Սահմանադրության 52-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացման հետ: Մինչդեռ դիմումում ներկայացված պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրյալ սահմանափակող կարգավորումների հիմնավորմանը:

ՍԴ աշխատակարգային որոշմամբ, պարզվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ սույն դիմումում բարձրացված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, հետեւաբար, ՍԴԱՈ-45 որոշմամբ մերժվել է նրա գործի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930