«Դա իրատեսական խոսակցություն չէ առաջիկա տասնամյակների համար»,- լրագրողների հարցին՝ Գաբալայում ձեր՝ ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է Ադրբեջանի կողմից հաճախ բարձրացվող 300 հազար «արևմտյան ադրբեջանցիների»՝ ՀՀ-ում բնակեցման հարցը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանը։
Նշենք, որ ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում,«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Արեգ Քոչինյանն ասաց, որ հայ փորձագետների խումբը գնացել է Ադրբեջան սահմանազատված, սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը։
Նա վստահեցրեց՝ «արևմտյան ադրբեջանցիներին» ՀՀ-ում բնակեցման հարցն իրենց հանդիպումների քննարկման առարկա չէ․ «Քննարկվում է նեղ խաղաղության կոնցեպցիան։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունը խաղաղության մեջ ապրի։ Նեղ խաղաղության կոնցեպցիա նշանակում է, որ կնքվում է խաղաղության համաձայնագիր, տեղի է ունենում սահմանագծում, սահմանազատում, կոմունիկացիաների ապաշրջափակում։ Ես անկեղծ ասեմ՝ առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի և Ադրբեջանի համար հնարավոր է միայն նեղ խաղաղության կոնցեպտը։ Չափազանց շատ արյուն ու ողբերգություններ են տեղի ունեցել, որ մենք խոսենք վաղը ադրբեջանցիների՝ այստեղ ապրելու և հայերի՝ Ադրբեջանում ապրելու մասին։ Ես դրան չեմ հավատում։ Հավատում եմ, որ երկու հասուն պետությունները կարող են հասնել նրան, որ իրար վրա չկրակեն ու չսպանեն։ Դրանք ավելի շուտ ՀՀ ներքին քաղաքական խոսույթի տարրեր են, որոնցով ինքներս մեզ ենք փորձում վախեցնել»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ ասում եք՝ իրատեսական խոսակցություն չէ ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ-ում․, բայց օրինակ՝ բազմիցս տեսել ենք, որ Ադրբեջանում թեզեր են հնչում 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցի մասին և հետաքրքրվեցին՝ քննարկե՞լ եք այդ հարցը, մանավանդ, որ այնտեղ անձնագրեր են տրամադրում որոշակի մարդկանց հայկական տեղանուններով, Արեգ Քոչինյանն արձագանքեց․ «Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում։ Այդ ամբողջ խոսակցությունները գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց։ Այն փաստաթուղթը, որ կոչում եք անձնագիր, դա մի հասարակական կազմակերպության կողմից տպված թղթի կտոր է, անձնագիր չէ։ Մենք չենք քննարկում մի թեզ, որը բացահայտ քարոզչական է․ դրա անհրաժեշտությունը չկա։ Մինչև այս պահը նրանք անգամ հարյուր հազար մարդ չեն կարողացել տեղափոխել այժմ իրենց վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղ»։
Հարցին՝ ադրբեջանական կո՞ղմն էլ է համարում 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցը քարոզչական, մանավանդ, որ Իլհամ Ալիևը պարբերաբար ասում է, թե ե՞րբ պետք է 300 հազար ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, Արեգ Քոչինյանն ի պատասխան նշեց, որ վերջին երկու տարում նման բան չի հայտարարվել, հետո, թեև ընդունեց, որ եղել է, երբ կոնկրետ հիշեցում եղավ Ալիևի հայտարարության։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանն էլ այս առիթով նշեց․ «2022 թվականից Ադրբեջանը հայելային նարատիվների քաղաքականությունն է որդեգրել։ Արևմտյան Ադրբեջանի թեզը դեռ 1990-ականներից եղել է։ Վերջին տարիներին իրենք օգտագործում են դա չեզոքացնելու համար վերադարձի նարատիվը հայկական կողմից։ Իրենք ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում հայաստանյան դաշտում։ Հաճախ, երբ մենք զարմանում ենք՝ ինչո՞ւ այս կամ այն հայտարարությունը հնչեց, ըստ իրենց դա նրանց փոխադարձ պատասխանն է ՀՀ-ում շրջանառվող բոլոր թեզերի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արեգ Քոչինյանի ֆեյսբուքյան էջից

















































