Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետյանը և Յինգ Յոնգը Շանհայում վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Ապրիլ 13,2026 16:13 Share

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել երկու երկրների գլխավոր դատախազների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է՝ կոչված դյուրինացնելու տարբեր երկրների, այդ թվում՝ մեր երկրների դատախազությունների համագործակցությունը», – նշել է Աննա Վարդապետյանը և անդրադարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գործող միջազգային և երկկողմ իրավական փաստաթղթերին, որոնք կարգավորում են քրեական գործերով համագործակցությունը, այդ թվում՝ իրավական օգնության և հանձնման գործընթացները։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև համագործակցության վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն՝ 2018-2025 թվականներին ՀՀ դատախազությունը Չինաստան է ուղարկել 37 իրավական օգնության հարցում՝ տարբեր, այդ թվում՝ կիբեռհանցագործությունների, հարկերից խուսափելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն գործերի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ստացված հարցումներից բավարարվել է երկուսը:

Կողմերը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2025 թվականին հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակում իրավապահ ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը և, ի թիվս այլնի, քննարկել գործնական խնդիրներ, որոնք վերաբերել են իրավական օգնության հարցումներին։

Աննա Վարդապետյանը և Յինգ Յոնգը կարևորել են Դատախազությունների իրավասու ստորաբաժանումների միջև անմիջական կապերի ակտիվացումը՝ աշխատանքային հարցերն առավել օպերատիվ լուծելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության նոր ծրագրի մշակման և փաստաթղթավորման անհրաժեշտությանը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգը վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը՝ հատկապես անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930