Լրահոս
Օրվա լրահոսը

Սախարովի դասը

Հունիս 29,2013 12:16

Երբ 1989 թվականին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ժամանակ ամբիոնին էր մոտենում Անդրեյ Սախարովը, դահլիճում նստած կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները սկսում էին սուլել, բղավել, ոտքերով դոփել, որպեսզի նրա ձայնը լսելի չլինի: Ակադեմիկոսի կեցվածքը բոլորովին խրոխտ չէր՝ նա խոսում էր կմկմալով, ձայնը դողում էր, մտքերը գեղեցիկ չէին «փաթեթավորվում»: Հիշում եմ, մի անգամ նա իր ելույթը սկսեց այսպես. «Այսօր ինձ մոտեցավ մի աղջիկ, նա լաց էր լինում» (ոստիկանները չէին թույլատրել ինչ-որ ցույց): Լսելով դա՝ «ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ներկայացուցիչները սկսեցին անկեղծորեն հռհռալ՝ ինչի՞ մասին է այս մարդը խոսում բարձրագույն պետական ատյանում, ի՞նչ աղջիկ, ի՞նչ լաց: Բայց Սախարովը այն մարդկանցից էր, որին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ինչպիսի տպավորություն է նա թողնում, նա ասում էր իր մտածածը, եւ այսօր, ի դեպ, նրա ասած շատ բաներ իրականություն են դառնում: Մասնավորապես, նա դեռեւս 1974 թվականին կանխատեսել էր, թե ինչ ազդեցություն է ունենալու համացանցը մարդկության կյանքում, իսկ նույն 1989 թվականին՝ կյանքի վերջին ամիսներին, առաջ էր քաշել Եվրասիական միության գաղափարը:

Բայց գլխավորը այս կերպարի մոտ ոչ թե գիտական մարգարեություններն էին, այլ չարության բացակայությունը: Նա ուզում էր խաղաղ բարեփոխել այն երկիրը, որում  ապրում էր, բայց ոչ մեկին չէր ցանկանում ցավ պատճառել: Դրանում էր նրա ուժը եւ հեղինակության աղբյուրը: Այսօր, երբ նույն համացանցի միջոցով  հորդում են չարությունն ու խեղված, անառողջ հոգեբանության դրսեւորումները, Սախարովի օրինակը շատ արդիական է դառնում: Մեզ մոտ այսօր կարծես թե արիության եւ սկզբունքայնության բարձրագույն դրսեւորում է համարվում որեւէ «հակահերոսի»՝ վառելու, մորթելու, խեղդելու կոչեր անելը: «Ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ճնշումը թույլ չի տալիս մեկ սանտիմետրով շեղվել այս հարձակողական դիրքից:

Ես ինքս էլ ամենեւին բացառություն չեմ: Ես էլ ինչ-որ անձնական նեղվածություն ունեմ ինչ-ինչ մարդկանցից, ես էլ ինքս ինձ «բռնացնում եմ» չար, փրփրոտ, անընդունելի տոնայնության մեջ: Ես էլ եմ երբեմն ներքաշվում ինչ-որ մանր, ճղճիմ «ռազբորկաների» մեջ: Այնպես որ՝ «սկսիր քեզնից» կարգախոսը, անշուշտ, այստեղ ավելի քան կիրառելի է: Ամեն մեկս իր միջից պետք է հանի այդ չարությունը:

Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը: Ամեն մի պարկեշտ մարդու պարտքն է՝ նպաստել, որ պետական արդարադատությունը կայանա: Բայց երբ մարդիկ սեղմում են բռունցքներն ու ատամները եւ ատելության խոսքեր են արտասանում այդ չարագործների հասցեին, ես, ճիշտն ասած, սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ ատողների նպատակը արդարությունն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Արամ,այս հոդվածը գրելիս Ձեր տրամադրությունը եղել է երազկոտ-քնարական…Դուք ընդունու՞մ եք՝ ,,Երբ ապտակում են աջ այտիդ,թող որ ապտակեն նաև՝ ձախին,, քրիստոնեական պատգամը…

  2. brinjao says:

    Բայց գլխավորը այս կերպարի մոտ ոչ թե գիտական մարգարեություններն էին, այլ չարության բացակայությունը: …Դրանում էր նրա ուժը եւ հեղինակության աղբյուրը

    Իսկ նրա ուժի եւ հեղինակության ամենագլխավոր աղբյուրի՝ արեւմտյան երկրների աջակցության մասին արդեն մոռացե՞լ եք: Համոզված եմ, որ խորհրդային բռնապետության համար սա շատ ավելի կարեւոր էր, քան “չարության” բացակայությունը: Քանի՜-քանի՜ “բարի” քեռիներ են փտել խորհրդային պետանվտանգության զնդաններում… 🙂

    Այսօր, երբ նույն համացանցի միջոցով հորդում են չարությունն ու խեղված, անառողջ հոգեբանության դրսեւորումները, Սախարովի օրինակը շատ արդիական է դառնում:

    Իսկ ձեզ չի՞ թվում, որ հայկական իրականության մեջ Սախարովների գոյությունը պարզապես բացառված է: Միայն խնդրում եմ “բարի” հաճախորդ Րաֆֆիի օրինակը չբերեք, այլապես “ազատամարտի ռահվիրան” ու “աստվածավախ” ոստիկանապետը կարող են ծիծաղից մեռնել… 🙂

    «Ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ճնշումը թույլ չի տալիս մեկ սանտիմետրով շեղվել այս հարձակողական դիրքից:

    Կներեք, բայց «ագրեսիվ-հնազանդ մեծամասնությունը» ըստ սահմանման չի կարող լինել ոչ-իշխանական: Ժամանակին խորհրդային քաղբյուրոն այդ մեծամասնությանը լարում էր Սախարովի դեմ, իսկ այժմ “տոկոս խփողները”՝ “գաղջ մթնոլորտի” դեմ…

    • Համլետ says:

      Այժմ հարցնում եմ ուրիշ խմբագրությամբ.
      -Մինչև ե՞րբ կարելի է ,,չըչարանալ,,…
      Նաև հիշացնեմ ժողովրդական ասացվածքը՝ էշի համբերության ու ապաշխարության փողադարձ կապի մասին…

  3. brinjao says:

    Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը:

    Ինչի՞ց է երեւում, որ կստանան: Օրինակ՝ Լիսկան կամ էլ օֆշորներում կովի պտուկ լվացող աֆերիստները կստանա՞ն: 🙂

    Ամեն մի պարկեշտ մարդու պարտքն է՝ նպաստել, որ պետական արդարադատությունը կայանա:

    Հրաշալի միտք է: Ափսոս միայն, որ այդ պարկեշտ մարդիկ մեղադրվում են “գաղջ մթնոլորտ” ստեղծելու մեջ ու դուրս շպրտվում երկրից…

    Բայց երբ մարդիկ սեղմում են բռունցքներն ու ատամները եւ ատելության խոսքեր են արտասանում այդ չարագործների հասցեին, ես, ճիշտն ասած, սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ ատողների նպատակը արդարությունն է:

    Իսկ երբ մարդիկ փորձում են նուրբ ձեւերով արդարացնել այդ չարագործներին, ես սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ մարդկանց նպատակը պետական արդարադատության կայացումն է…

  4. Լավատես says:

    Մեզ կուռքեր պետք չեն, դրանք երեխայական բնական ծայրահեղություններ են, մեզ հայ համազգային հեղինակություններ են պետք, նրանց բացակայությունը բերում է երեխայական հակառակ ծայրահեղության՝ բացարձակ անհատականության: Այդ անհատականությունները որքան էլ առանձին-առանձին առյուծներ լինեն, քոսոտ բորենիների թե շնագայլերի ոհմակի դեմ արդյունավետ չեն կարող գործել: Իսկ ոչ հայերին մեզ օրինակ բերել՝ որքան էլ նրանք մեզ համար հարգված մարդիկ լինեն, մի քիչ տհաճության զգացում է ստեղծում:

  5. Ծով says:

    կարող ենք ավելացնել ցանկին, Martin Luther King, Nelson Mandela… հակարակորդի նկատմամբ չարություն քարոզելով չէ, որ կարողացել են դրական փոփոխության հասնել։ Շնորհակալություն նման մտքերը գրի առնելու համար։

  6. Samvel Jeshmaridian, PhD says:

    Dear Mr. Abrahamyan
    The situation is not about hatred. The question is the irrationality of the situation in Armenia.

  7. brinjao says:

    «Այսօր ինձ մոտեցավ մի աղջիկ, նա լաց էր լինում. նրա ծնողները պատրաստվում էին արտագաղթել ապահով Հայաստանից:» Լսելով դա՝ «տոկոս խփողների» ներկայացուցիչները սկսեցին անկեղծորեն զարմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ աղջիկ, ի՞նչ լաց: Իրենք ի՞նչ մեղք ունեն, որ քո ծնողները արտագաղթում են: Եկել ես ստեղ, լաց ես լինում, որ ի՞նչ անես: Մի խոսքով, աղջիկ ջան, չարություն մի՛ արա, գաղջ մթնոլորտ մի՛ ստեղծիր, ձայնդ կտրի՛ր ու «սկսիր քեզնից». ամեն մեկս իր միջից պետք է հանի այդ չարությունը…

  8. brinjao says:

    “կարող ենք ավելացնել ցանկին, Martin Luther King, Nelson Mandela”

    Այս ուշագրավ ցանկից կարելի է թերեւս եզրակացնել, որ ներկայիս Հայաստանի իշխող վարչախումբը ամբողջատիրական է ու այլախոհություն չհանդուրժող (ինչպես ԽՍՀՄ-ը), մարդատյաց (ինչպես ԱՄՆ-ը մինչեւ 1960-70-ական թթ.) եւ ճորտատիրական-ստրկատիրական (ինչպես Հարավային Աֆրիկայի ապարտհեյդը): “Հայկական աշխարհի” ճարտարապետներին խորհուրդ կտայի արտագաղթի խրախուսմանը զուգընթաց ուսումնասիրել նաեւ բանտուստանների զարգացման փորձը. ոչ պակաս ապահով Հայաստան կստացվի…

  9. գևորգ says:

    Հոգևոր կյանքից հեռանալը /ես եմ այդպես մտածում/ ՆՅՈՒԹը առաջնային համարելով,խարխափում ենք:
    Հոգևոր հովվին չենք ընդունում,մեզնից հեռու է/քչերն են, որ անբասիր են մնացել/ Իշխանավորներին ընդունել չենք կարողանում, որովհետև մեծամասնության մեջ բարոյականության մեծ պակաս ենք զգում , այսպես անկշռելության մեջ խարխափում ենք:

  10. harut says:

    Արեւմուտքը առհասարակ պոռնիկի քաղաքականութիւն կ՜ընէ ուրիշներու հանդէպ- Սախարով կամ Գասպարով կը հերոսացնեն քանի իրենց ոխերիմ թշնամիին դէմ կը պայքարին (ճիշտ է յանուն
    համամարդկային սկզբունքներու) բայց երբ մերոնք են պայքարողը յանուն նոյն ժողովրդավարութեան’
    Արցախի մէջ թէ Երեւանի- ամէնէն խաղաղ ձեւերով ալ (Առնենք Սարդարապատ Շարժումի տղոց պարագան ) կը խանգարէ զիրենք , քանի որ իրենց կողմէ օրինաւորապէս ընտրեալ նկատուած նախագահէն պիտի չկարենան փրցնել իրենց դաշնակից թուրքերուն եւ ազերի-թաթարներուն համար զիջումներ: Ատլանտեան ուխտը եւ քարիւղի հոտը աւելի կարեւոր են քան ամբողջ հայութեան տարապանքն ու բռնի գաղթը իր հայրենիքէն։
    Մենք ալ ունինք Սախարովներ մեր հասարակութեան մէջ, բայց պետութենէն գնահատուողները Ղուկասեաններն ու Սուրիկներն են՜Նեմեցներն ու Լֆիկները … !!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930