Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը վա՞տ է աշխատում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հետ

Հուլիս 18,2013 12:25

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանվածության վիճակը» եւ «Հոգեկան եւ նարկոլոգիական բժշկական օգնության եւ խնամքի ծառայությունների ֆինանսավորման գնահատում» զեկույցների շնորհանդեսը:

Ներկա էին «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության ծրագրերի փոխտնօրեն, իրավական ծրագրերի համակարգող Դավիթ Ամիրյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը եւ այլք:

Ուսումնասիրությունն իրականացվել է պարզելու հոգեբուժական եւ նարկոլոգիական ծառայությունների տրամադրման առումով պետության` օրենսդրությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը, այդ ծառայությունների տրամադրման առկա ծավալների համապատասխանությունը հոգեկան առողջության խնդիրներ եւ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը, հոգեբուժական եւ նարկոլոգիական ծառայությունների ֆինանսական կառավարման արդյունավետությունը եւ ծառայության թափանցիկությունը:

Զեկույցում արձանագրված է այն, որ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ եւ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց թիվը զգալի է: Տարվա ընթացքում առաջին անգամ բացահայտված հոգեկան խանգարումներով անձանց թիվը 2008 թվականին 2549 է, 2009-ին` 2689-ը, 2010-ին` 3584:

2011 թվականի դրությամբ հաշվառված են 45 163 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, որը 2010 թթ համեմատ նվազել է 1041-ով: Ալկոհոլն եւ թմրամոլությամբ տառապող անձանց թիվը 2008, 2009, 2010 թթ համար համապատասխանաբար 666, 595, 616 է:

Հովհաննես Մադոյանը նշեց, որ իրենք աշխատում են թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հետ, եւ իրենց գործունեության ընթացքում շատ խնդիրների են հանդիպել: «Փորձել ենք գնահատել, թե որքանով են այս մարդկանց իրավունքները խախտվում, բացի այդ՝ փորձել եք պարզել, ինչ ծառայություններն են նրանց համար հասանելի: Մի կողմից դա կախվածություն է` հիվանդություն, մյուս կողմից էլ այս մարդիկ պատասխանատվության են ենթարկվում, տուգանվում են: Առողջապահական ոլորտում թմրամիջոց օգտագործող մարդկանց համար չորս տեսակի ծառայություն է իրականացվում»,- նշեց Մադոյանը:

Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը միջամտելով զեկույցի ներկայացմանը՝ ասաց, որ փորձ է արվում սեւացնել ոստիկանությանը, որոնք միջամտում են թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժմանը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Դավիթ Ամիրյանն էլ հավելեց, որ իրենք ամենեւին էլ մտադրված չեն պախարակել, վատաբանել ոստիկանությանը, կամ` որեւէ այլ կառույցի:

Սաքունցը ներկայացնելով զեկույցը ավելացրեց, որ պետության կողմից ապօրինի թմրամիջոցների շրջանառության, օգտագործման բացահայտման դեպքերն ավելի շատ պատժողական բնույթի են, քան կանխարգելման:

Խախտվել են իրավունքներ, որոնք արձանագրել է Սաքունցը, դիտարկած քրեական գործերից ելնելով. Դրանք հիմնականում հետեւյալն են եղել՝ ոստիկանություն բերման ենթարկված 38 անձանցից 37-ին ոստիկանության աշխատակիցները ցույց չեն տվել իրենց վկայականը, ձերբակալվածներին չի բացատրվել իրենց իրավունքները, նրանց խաբել են, ասելով, թե ձեզ պաշտպան պետք չէ, մենք ենք պաշտպանելու, այն անձանց ում բնակարանում կատարվել է խուզարկություն, նրանցից որոշ մասին է հնարավորություն տրվել ծանոթանալ խուզարկության մասին որոշմանը, շատ քչերին է բացատրվել, որ կարող եք կամովին հանձնել՝ դա կմեղմացնի պատիժը, որոշ փաստաթղթերում նշված չէ խուզարկության ժամը, դրա ավարտը, տեւողությունը…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031