Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական

Սեպտեմբեր 10,2013 14:50

Դե իհարկե, կա անվտանգության, Ղարաբաղի, «Սմերչի» եւ «Ուրագանի», հազար ու մի այլ խնդիր, բայց կա մեկ այլ հանգամանք, որը հեշտացրեց եվրասիական ճանապարհի ընտրությունը: Մենք եվրասիացի ենք, ու մեզ այդ ուղղությունը հոգեհարազատ է:

Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր եվրոպական ծագում ունեն: Մեկ, երկու, հազար, երկու հազար… Մնացածս տեղացի ենք՝ եվրասիական տարածաշրջանից ու սերվում ենք Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին գտնվող տարածքից՝ Երրորդ մասից, Կոնդից, Քարինտակից, Ջավախքից, Հավլաբարից, Բաքվից ու Կիրովաբադից, Մուշից ու Կարսից, Կրասնոդարից, հիմա արդեն մի քիչ էլ՝ Հալեպից:

Ու մեր հետաքրքրություններն էլ եվրասիական են՝ սիրում ենք համ Օմար Խայամ, համ էլ Դոստոեւսկի, համ Չինգիզ Այթմատով, համ էլ Հենրիխ Բյոլլ: Երգում ենք «Յեսթերդեյ» ու «Ջուջալարի», ուտում ենք լահմաջո եւ ֆրանսիական սոուսով ատլանտյան տառեխ, խմում ենք «Գինես» եւ «Ավշար», հանգստանում ենք Նիցցայում եւ Անթալիայում:

Խոստովանենք, որ մեր այդ երկփեղկված կամ եթե ուզում եք՝ երկմիասնական էության եվրոպական մասն էլ իրականում հարավեվրոպական է: Էլ չեմ ասում, որ բասկերի նման անջատական ենք, հարսանիքներին էլ «Սիրտակի» ենք պարում: Պարզապես բնույթով շատ ենք նման հարավային եվրոպացիներին:

Օրինակ, անասելի հաճույք ենք ստանում զբոսաշրջիկներին խաբելուց:

Գնացել էի մեր հայտնի վանական համալիրներից մեկը. դիմացի հրապարակում, որտեղ կանգնում են արտասահմանյան տուրիստների հսկա ավտոբուսները, տեղի բնակիչները «մաքուր հոնի օղի» են վաճառում: Ես էլ որոշեցի աջակցել տեղական արտադրողին… Հետ գալու ճանապարհին մի կում արեցի՝ այնպիսի քիմիական նյութի հոտ էր գալիս, որը հաստատ «Նաիրիտի» ամենաթունավոր արտադրամասում էլ չեն արտադրում… Դե հո հետ չե՞ս գալու՝ «մաքուր հոնի օղին» լցնես գլխին, համ էլ, մեղք է մարդը՝ մազերը միանգամից կթափի, միգուցե՝ ականջներն էլ հետը: Ու տեղի բնակիչը գիտի, որ հետ չես գալու:

Մի քանի շաբաթից Հռոմի կենտրոնում էլ որոշեցի աջակցել տեղի արտադրողին՝ վերնաշապիկ գնեցի Կոլիզեումի գեղեցիկ նկարով: Երեւանում լվացի՝ Կոլիզեումից մնաց մի աբստրակտ պատկեր: Ու հիմա, երբ հագնում եմ, բոլորը հարցնում են, թե Երեւանի պետական պատկերասրահում ցուցադրվող Կանդինսկու ստեղծագործությամբ վերնաշապիկը որտեղի՞ց եմ գնել: Ու Հռոմի խաբեբան էլ հո գիտի, որ հետ չեմ գալու: Նույնիսկ խաբեություն էլ չէ, գիտե՞ք, ինչ-որ հաճելի ինքնազգացողություն է. ես քեզ՝ արտասահմանցուդ, ֆռռացրի, ուրեմն քեզնից խելոք եմ: Ախր ունենք այդ աննկարագրելի հաճելի ազգային զգացումը, թե մենք՝ հայերս, թե Ադրիանո Չելենտանոյի հայրենակիցները:

Չենք սիրում նաեւ, որ մեզ ասում են՝ այնքան էլ լավը չեք եւ պիտի ուղղվեք: Դա էլ է մեզ մերձեցնում Հարավային Եվրոպային: Էլ չհիշեցնեմ, թե ինչեր էին վանկարկում մի քանի ամիս առաջ հույները Անգելա Մերկելի հասցեին, երբ այդ կինն ասում էր, թե՝ «Հույներ ջան, ախր շատ շռայլ եք ապրում, այդպես չեղավ՝ շատ քիչ եք աշխատում ու շատ- շատ եք ծախսում»: Էլ «ֆաշիստ», էլ «Եվրոպայի դիկտատոր» անվանեցին խեղճ կանցլերին:

Իսկ հիմա հիշեք, թե մենք ինչպես էինք արձագանքում դեռ մի քանի տարի առաջ, երբ Եվրախորհուրդը մեզ ասում էր, թե այնքան էլ լավ ընտրություններ չենք անցկացնում, ու դեմոկրատիայից, մեղմ ասած, կաղում ենք: «Ստրասբուրգը մեզ համար Պոլիտբյուրո չէ», հնչում էր Երեւանից մեր խրոխտ պատասխանը: Այսինքն՝ սուս մնացեք եւ նստեք ձեր տեղը, դուք չէ, որ մեզ պիտի խելք սովորեցնեք:

Միգուցե մենք եվրոպացիներից նեղանալու հիմք ունենք: Ախր համառորեն չեն ուզում ընդունել մեր էության եվրոպական կեսը, անընդհատ միայն մեր ասիական մասն են տեսնում: Չէ, խոսքն այս վերջին՝ ասոցացման պատմության մասին չէ: Էստեղ, իհարկե, ասելու բան չունենք, ինքներս մեր հոժար կամքով հանկարծ որոշեցինք գնալ մաքսային արահետով:

Բայց ախր հիշում եմ՝ եվրոպացիները մեզ առաջ էլ առանձնապես մեծ հաճույքով ու գրկաբաց չէին ընդունում, Շենգեն չէին թողնում: Ձեզ միշտ թողե՞լ են: Ինձ, օրինակ, մերժել են: Ու պատճառն էլ չեն բացատրել: Երեւի սոված հայացքիցս էին  հասկացել, որ գալու եմ իրենց՝ եվրոպացիների, հացը խլելու: Թեեւ այն ժամանակ հենց Եվրոպայում էի ապրում ու առանց Շենգեն մտնելու էլ եվրոպացիների հացն արդեն  ուտում էի: Կարող եմ վկայել՝ գոնե այնտեղ, որտեղ ապրում էի՝ բավական անհամ հաց էր, մեր «Գորվետկայի» բուխանկան հազար անգամ համով է:

Մի խոսքով, երբեք էլ չեն ընդունել մեր եվրասիական էության եվրոպական բաղադրիչը: Իսկ մեր ասիականը միշտ էլ պատրաստակամությամբ ընդունվել է՝ իհարկե, երբ գնացել ենք մյուս ուղղությամբ: Եվ ասում եմ՝ միգուցե նաեւ ինչ- որ չափով դա էր պատճառը, որ սեպտեմբերի 3-ին որոշեցինք գնալ հենց այդ՝ դեռ Սովետի ժամանակներից բոլորիս լավ ծանոթ ճանապարհով: Այնտեղ մեզանից նույնիսկ վիզա չեն պահանջում: Հակառակը, իրենք են միգրացիոն ծրագրեր մշակում, որ գանք ու ասֆալտ փռենք: Այնտեղ ապրելն էլ հեշտ է. եթե Եվրոպա գնալու համար պետք է անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի դասընթացներ անցնես, շատերը հիմա նույնիսկ հոլանդերեն ու շվեդերեն են սովորում, ապա մյուս ուղղությամբ գնալու դեպքում բոլորիս համար մի տեսակ հարազատ ու  տնական դարձած ռուսերենն էլ է բավարար: Ընդ որում, Մաքսայինի բոլոր երեք երկրներում, որովհետեւ իրենց համար էլ է ռուսերենը հարազատ ու տնական:

Այնտեղ մեզ իրոք լավ են ընդունում, նույնիսկ Վլադիմիր Պուտինի ավանդական ձիարշավներին են հրավիրում: Այնտեղ՝ ապհական տարածքում նույն ռուսերենով կարող ես ազատորեն շփվել հարազատ դեմքերի՝ Պուտինի, Նազարբաեւի,  Բատկայի, Ռահմոնովի, Քերիմովի եւ նույնիսկ նոր Թուրքմենբաշու հետ՝ անուն-ազգանունը չեմ հիշում՝ շատ բարդ է:  Նրանք, ախր, հիմնավոր մարդիկ են, անփոփոխ, ոչ թե եվրոպացի առաջնորդների նման, որոնք արագորեն փոխվում են ու մի անգամ քեզ իրենց մոտ էլ չեն հրավիրում, էլ չեմ ասում Երեւան գալու մասին:

Այդ հիմնավոր տղամարդկանց հետ «Սմիռնով» ու կասպիական խավիար ըմբոշխնելիս միշտ էլ կարելի է մտերմիկ զրուցել հոգեհարազատ թեմաների շուրջ: Օրինակ, թե ինչ վատն է ամեն տեղ ընդդիմությունը, որի միակ նպատակն է՝ խոչընդոտել բարեփոխումների հաջող ընթացքը: Կամ ինչ մաս-մաքուր են ընտրությունները, որոնց փորձում են անուն կպցնել ԵԱՀԿ-ի բծախնդիրները: Ու ընդհանրապես, ինչ անհասկանալի ու անարդարացի են այդ եվրոպացիների պահանջները՝ դեմոկրատիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն: Ախր բոլորս էլ ընտրությունների ժամանակ կարող ենք «խփել» մեր ուզած տոկոսը, բայց չենք անում, չէ՞, որովհետեւ բոլորս էլ միշտ ընտրվում ու վերընտրվում ենք շնորհիվ ժողովրդի համընդհանուր սիրո:

Մի խոսքով, շատ հաճելի բաներ կան այդ կողմերում, երեւի նաեւ դրա համար գնացինք այդ ուղղությամբ:  Որովհետեւ Եվրասիան մեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կանք՝ եվրասիացի, իսկ Եվրոպան ասում է՝ չէ, նախ դարձեք եվրոպացի, թե չէ, դուք միայն մեր եվրոպական աշխատավարձն եք ուզում, իսկ եվրոպական օրենքներով ու կանոններով ապրել չեք ուզում: Բայց մենք՝ հայերս, միշտ էլ կմնանք մեր ավանդական, պապերից եկած «եւ, եւ»-ին հավատարիմ: Ու եթե պետք լինի, համաձայնագիր կկնքենք ոչ միայն ԵՎՐԱԶԵՍ-ի,  այլեւ լատինաամերիկյան ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ… Մանավանդ, հաջորդ տարի Բրազիլիայում ֆուտբոլ է՝ միգուցե զեղչով տոմսեր հատկացնեն «Մարականայում»: Նույնիսկ եթե մերոնք դուրս չգան եզրափակիչ: Բայց լավ կլիներ, որ այսօր դանիացիներին ջախջախեին ու դուրս մնային: Տղերք, ձեզ տեսնենք, հում-հում կերեք այդ եվրոպացիներին: Միեւնույն է, դրանք չեն ուզում մեզ հետ ասոցացվել…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հրաշալի մտորումներ են:Ժուռնալիստը մնում է ժուռնալիստ:Համացանցի գաղջ նյութերից հետո այսպիսիների պահանջը շատ ես զգում: Չէ,իրենց գրող-հրապարակախոս հորջորջողների պես, ում գրածները երկու-երեք անգամ կարդալուց հետո նոր հասկանում ես ասելիքը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30