«Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության» (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 66.):
Քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող քանի-քանիսի դեմքն է հիացմունքից պայծառացել այս տողերը կարդալիս։ Քանի-քանիսը, որոնք անտարբեր են ամեն ինչի ինչի նկատմամբ, բացի սեփական գրպանից, այդ պահին հանկարծակի համակվեցին հայրենիքին անմնացորդ ծառայելու բարձր ու վեհ զգացումով։ Եվ քանի՞սը տիտանական ճիգով ընտրվեցին պատգամավոր, մի կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից։ Բնականաբար նրանք գումարներ չխնայեցին ժողովրդի ընտրյալ դառնալու համար։ Այսպիսով, օրինախախտը կարող է դառնալ օրինաստեղծ։
Բոլոր երկրներում էլ այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցված, իրավունք ունեն իրենց թեկնածությունը առաջադրելու։ Սա բացառում է անցանկալի թեկնածուի նկատմամբ քաղաքական
նկատառումներով «գործ սարքելու» հնարավորությունը։ Այնտեղ հակակշիռ դերը կատարում է հրապարակայնությունը։ Ընտրողները սովորաբար տեղյակ են լինում, թե տվյալ թեկնածուն ինչ հարաբերությունների մեջ է օրենքի հետ։
Կարդացեք նաև
Հանրությունն առանց մեծ մտավոր ճիգի կարող է կողմնորոշվել, թե ում հետ գործ ունի՝ հետապնդվող քաղաքական գործչի, թե՞ հանցագործի։ Նման դեպքերում հանրության համար կարեւոր կողմնորոշիչներից մեկը կերպափոխության հանկարծակիությունն է։ Այնտեղ կասկածամիտ են այն անձանց նկատմամբ, ովքեր հանկարծակի, կտրուկ որոշում են փոխել գործունեության ոլորտը եւ դառնալ քաղաքական գործիչ։ Սրանով, մի կողմից դժվարանում է «պատահական» մարդկանց մուտքը քաղաքականություն, մյուս կողմից՝ ապահովում է պրոֆեսիոնալ բյուրոկրատիայի ձեւավորումը։
Հայաստանում, ինչպես անցումային փուլում գտնվող բոլոր հասարակություններում, սոցիալական կայունություն չկա։ Շատ հաճախ են փոփոխվում սոցիալական դիրքն ու մասնագիտական պատկանելությունը։ Հասարակության համար նման փոփոխությունը արտառոց չէ։ Նոր ժողովրդավարության երկրներում հասարակական գիտակցության մեջ դեռ չի ամրակայվել նման հարցերում մանրախնդիր լինելու անհրաժեշտությունը, քանի որ նախնական կուտակման փուլում օրինապահությունը գերակայող արժեք չէ։ Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները եւ անվստահությունը ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հանգեցնում են հասարակության մի մեծ հատվածի լյումպենացմանը։ Լյումպենը պատրաստ է չնչին գումարի դիմաց քվեարկել ուզածդ թեկնածուի օգտին։ Այդպես էլ կատարվեց։ «Կարուսելները» պտտվում ու պտտվում էին տարբեր տեղամասերում, ոչ թե տերյանական քնարականությամբ, այլ հանցագործ աշխարհին բնորոշ խորամանկությամբ ու սառը հաշվարկով։ Եվ նրանցից շատերն ընտրվեցին։
Վտանգավորն այն է, որ նախադեպը կարող է դաոնալ ավանդույթ։ Խորհրդարանը կդաոնա հանցագործ աշխարհի համար փրկության խարիսխ։ Արդեն ուշ է որեւէ բան ձեռնարկելու համար, սակայն որպես վերջին միջոց պետք է մամուլում հրապարակվի այն պատգամավորների անունները, որոնց նկատմամբ մինչեւ ընտրությունները քրեական գործ էր հարուցված։ Այս հարցում մամուլին կարող են օգնել իրավապահ մարմինները։ Այս ուշացած հրապարակայնությունը հետագայում կնախազգուշացնի թե՛ ընտրողներին, թե՛ ընտրվողներին։ Ընտրողներին կստիպի մյուս անգամ լինել ավելի զգույշ ու մանրախնդիր։ Եթե չենք կարող խոչընդոտել չբացահայտված հանցագործների մուտքը խորհրդարան, ապա գոնե կարողանանք արգելել բացահայտվածների կամ բացահայտվողների մուտքը։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ


















































