Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է բացվում «Առավոտը» Արցախում

Սեպտեմբեր 09,1995 11:33

Արդեն բավականին ժամանակ է, ինչ Արցախի մամուլի ամենօրյա արշալույսի մեջ «Առավոտ»-յան երանգներ են հայտնվել. «Առավոտ» թերթը սկսել է պարբերաբար հայտնվել մայրաքաղաքի կրպակներում՝ գտնելով իր մշտական ընթերցողներին։ Վերջիններս այնքան էլ շատ չեն՝ կես հարյուրյակի չափ։ Բայց այս համեստ թիվը տարակուսանքի առիթ չի տա, եթե հիշեցնենք, որ նախ՝ միշտ չէ հնարավոր թարմ համար գտնել։ Ընդամենը այդքան օրինակ է Երեւանից առաքվում եւ, վերջապես, գնորդների մեջ պատահական մարդիկ չկան, բոլորն էլ թերթի երկրպագուներն են։ Այնպես որ, «Առավոտը» Ստեփանակերտում առնվազն 50 բարեկամ ունի։

– Առաջինը հենց ես եմ,- ասում է մայրաքաղաքի թիվ 13 կրպակի աշխատող

Անգին Սարգսյանը:

Այժմ՝ ավելի հեղինակավոր կարծիքներ։

Միքայել Հաջյան. ԼՂՀ լրատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն։

– «Առավոտը» այն թերթերից է, որ կարողացավ շատ կարճ ժամանակում գտնել իր տեղը արեւի տակ, իր ուրույն դիմագիծը ձեռք բերել։ Եվ այսօր հայ մամուլի դեմքն անհնար է պատկերացնել առանց նրա։ Թերթը ձգտում է քաղաքական կյանքում չեզոքություն պահպանել, միեւնույն ժամանակ պահպանելով իր սկզբունքները։

Մասիս Մայիլյան. ԼՂՀ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ- Հետաքրքիր թերթ է «Առավոտը»։ Ինձ. դուր է գալիս, որ հստակ ուղղություն ունենալով, չի խորշում այլակարծությունից, ծայրահեղության մեջ չի ընկնում եւ «ուղղափառությամբ» չի տառապում։

Սակայն ասվածից թող այն տպավորությունը չստեղծվի, թե արցախցի ընթերցողները առավոտ ծեգին, քնաթաթախ ու ճրագը ձեռքներին «Առավոտի» փնտրտուքի մեջ են։ Ոչ, իհարկե։ Կրպակներում «Առավոտ» կարելի է տեսնել ոչ միայն լուսաբացին, այլեւ երեկոյան։ Մի բան, սակայն, աներկբա է՝ թերթը կրպակներում մշտական գրանցում չունի, նրա վրա փոշի չի նստում։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930