Լրահոս
Օրվա լրահոսը

Ասողիկը եւ նոր պատվիրանները

Հուլիս 07,1998 22:51

Արդեն հայտնել ենք, որ անցած շաբաթ պետությունից շուրջ մեկ միլիոն դոլարի հափշտակության գործով ի թիվս այլ մարդկանց ձերբակալվել է Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը: Ձեռնպահ մնանք քրեական գործի մասին որեւէ դատողությունից, մանավանդ որ, ենթադրում ենք, վաղ թե ուշ այդ գործը այս կամ այն ձեւով օգտագործվելու է քաղաքական նպատակներով: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրողը գործի հոգեւոր, ավելի ճիշտ, հոգեւորական կողմն է:
Եկեղեցու սպասավորները չափազանց ջղագրգիռ ձեւով են արձագանքում իրենց մասին ասված ցանկացած թթու խոսքին: Նրանք մեծամտաբար կարծում են կամ ձեւ են անում, թե իրենց քննադատելը նույնն է, ինչ Աստծո եւ Հավատի դեմ խոսելը: Հետեւաբար, մենք, հասարակ մահկանացուներս, պետք է աչք փակենք քահանաների եւ առանձնապես սրբազանների մեղքերի վրա, որ իրենք մեզ չմեղադրեն սրբապղծության մեջ: Ստացվում է, որ սքեմ հագած մարդիկ կարող են սրբապիղծ լինել իրենց վարքով, իսկ մենք իրավունք չունենք դրա մասին խոսել: Ճիշտ այնպես, ինչպես պետության հղփացած պաշտոնյան, որ իր չարագործությունների մասին գրելը համարում է հանցագործություն ազգի եւ պետության դեմ:
Ասողիկ եպիսկոպոսը, ըստ ամենայնի, կոպտորեն ոտնահարել է Աստծո մի շարք պատվիրաններ: Ճիշտ է, հատուկ սրբազանի համար կարելի էր հնարել մի շարք նոր պատվիրաններ: Օրինակ, «պետությանդ մի’ գցիր, որ չնստես» կամ «ուրիշի փողերը մի ֆռացրու, որ քո վրա չֆռան» եւ այլն: Բայց կարեւորը դա չէ: Էականն այն է, որ տարիներ շարունակ Ասողիկ եպիսկոպոսը մեզ Աստծո խոսքն էր հաղորդում: Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպիսի ոգեւորությամբ եւ հռետորական ինչպիսի անզուգական վարպետությամբ էր դա անում:
Ո՞վ է հիմա սրբապիղծը, ո՞վ է իրականում հասարակությանը ցինիզմ եւ անհավատություն ներարկում: Հարցերի պատասխանը թողնում ենք ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031