Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ չէ, որ լռությունը ոսկի է

Մարտ 20,2002 00:00

Միշտ չէ, որ լռությունը ոսկի է Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Դուք անպայման լավ եք հիշում 1997-ի այն օրը, երբ Ձեր վարչապետական ստորագրությունը դնելով ԱրմենՏելի հետ կնքած մեր ժողովրդին ու պետականությանը ստորացնող պայմանագրի տակ, այն թափահարեցիք հեռուստաէկրանի լայնքով ու երկայնքով՝ բնութագրելով որպես դարի հաջողված փաստաթուղթ։ Որոշ ժամանակ անց էլ, երբ հակասահմանադրորեն նախագահական թեկնածու դարձած գյուղից գյուղ, քաղաքից քաղաք շրջելով ժողովրդի քվեն էիք հայցում, միեւնույն ժամանակ ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող կապի միջոցի մենաշնորհի փաստաթուղթն օտարին էիք հանձնում, դրանով իսկ մեկ անգամ եւս «բռնաբարելով» ՀՀ սահմանադրությունը։ Ի՞նչը Ձեզ դրդեց այդ քայլին։ Դժվար է ասել։ Սակայն շախմատային այդ քայլին անմիջապես հաջորդեց աբոնենտային սակագնի թռիչքը. նախ 100 դրամը դարձավ 600, որոշ ժամանակ անց՝ 900 դրամ։ Գոնե մեկ անգամ հայտարարեք, որ անսխալական նախագահ չկա ու Դուք էլ եք սխալվել։ Գոնե վերհիշեք, թե նախընտրական արշավների ժամանակ ինչպիսի բարձրագոչությամբ էիք արտահայտվում երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու, տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում բեկում մտցնելու Ձեր անկոտրում կամքի ու վճռականության մասին։ Իրական աշխատավարձերի կտրուկ աճ, կենսաթոշակների եւ նպաստների բազմակի բարձրացում։ Սակայն ճիշտ հակառակը եղավ։ Դրամի արժեզրկման եւ գների աճի պատճառով իրական աշխատավարձերն ու կենսաթոշակները Ձեր իշխանության օրոք կիսով չափ պակասել են։ Պարոն Քոչարյան, չգիտեմ ինչպիսին է Ձեր հարգանքը սեփական ծնողների նկատմամբ, բայց փաստը վկայում է, որ Դուք արհամարհական վերաբերմունք եք դրսեւորում մասնավորապես կենսաթոշակառուների նկատմամբ։ Մարդիկ, ովքեր կառուցել, շենացրել են այս երկիրն ու ձեռնունայն մնացել։ Երկու տարի առաջ, երբ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ օրենք ընդունվեց, ըստ որի կենսաթոշակառուները պետք է անվճար երթեւեկեին վերգետնյա էլեկտրատրանսպորտով, իրենց իսկ ձեռքերով կառուցած մետրոյով, անմիջապես կիրառության մեջ դրեցիք նախագահական վետոյի իրավունքը, եւ կամակատար պատգամավորները լռեցին։ Պարոն նախագահ, գեթ մեկ անգամ իջեք Ձեր զրահապատ ավտոմեքենայից եւ քայլեք երեւանյան փողոցներով, կտեսնեք, որ կողք-կողքի նստած մուրացկաններն ու աղբամաններ փորփրողներն ավելի շատ են, քան անցուդարձ անողները։ ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ գոյացած հերթերը գերազանցում են Լենինի դամբարանի առջեւ երբեմնի հերթերին, իսկ Դուք գեներալական աստղեր ու շքանշաններ բաժանելու առատաձեռնությամբ՝ Բրեժնեւին։ Մարդիկ գնում-հեռանում են այս երկրից, որտեղ մեկ բնակարանի ու մեկ գերեզմանատեղի արժեքները համազոր են։ Մարդիկ գնում-հեռանում են անօրեն այս երկրից։ Եվ եթե այսպես շարունակվի, իսկապես, մեկ-երկու տարի հետո ոչ միայն Դուք, այլեւ Ձեր իրավահաջորդը (եթե այդպես լինի) չեք հանդիպի «այն տղամարդուն…», որին մի ժամանակ այնքան համառորեն փնտրում էիք… ԱՐՄԵՆԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀՀ ժուռնալիստների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել