Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՇՈՈՒ» Է

Մարտ 23,2002 00:00

ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՇՈՈՒ» Է Իսկ ականատեսները լքում են հայրենիքը Հարեւանս՝ գործազուրկ մի լոռեցի, որ վերջին ձյան հալվելուն պես հանդ ու չոլից դուրս չի գալիս, հաճախ է ավելուկ-մավելուկով բեռնված մայրաքաղաք գնում՝ վաճառելու։ «Պրոսպեկտի» շուկայի կողքի բարձրահարկի ճակատին տեսել էր «Samsung-1700» լուսառեկլամը եւ ոգեւորվել. «Պարզվում է, որ մենք՝ հայերս, երբ 1700 տարի առաջ քրիստոնեությունն էինք ընդունում, էդ մեռած կորեացիք գունավոր տելեվիզորի գյուտն էին անում»։ Նման «գյուտեր» հարեւանս մայրաքաղաքից հաճախ է բերում։ Ոչ ոք չի էլ առարկում՝ մարդ է, թող ուրախանա, առանց էն էլ ուրախանալու քիչ բան կա։ Բայց ես էդ կարծիքին չեմ։ Մեր կյանքը համատարած տոն է։ Վերցնենք, օրինակ, հայրենական հեռուստաէկրանը։ Օրվա որ ժամին միացնես՝ համերգ է։ Երգում են, պարում, նվագում, անեկդոտ պատմում։ Որակն է միայն մեր կյանքին ադեկվատ, բայց դա ոչինչ, գլխավորն այն է, որ մեր ուտող-խմող իշխանավորների երկնակամարը չաղոտանա սոված ժողովրդի լալկան, բողոքավոր տեսքով։ Նրանք յուղոտ ժպիտով համերգ են լսում ու լավ զգում, որ Սփյուռքը կիսում է իրենց զգացումները։ Ոչինչ, որ գնալով հայաստանաբնակների թիվը սպառնալիորեն կրճատվում է։ Մայր Սփյուռքը «ապրած կենա», թող նաեւ չկասկածի՝ Հայաստանի իշխանությունների աշխատանքային յուրաքանչյուր օրը, ժամը անշեղորեն նպաստում է արտերկրի հայության ստվարացմանը (հանկարծ չանցնեն ստվերայնացմանը…)։ Էս հողաշերտի վրա մի հազար մարդ էլ մնա՝ լավ է։ Այդ թիվը կյանքի գնով պիտի պահպանել, որ Սփյուռքի մեծ կարոտը չցնդի։ Ինչքան էլ մաղվենք, մեկ է, երգելու սիրտ ունեցող կգտնվի։ Մի քանի միլիոն աչքեր կդիտեն Հայաստանի սոխակներին ու… համոզված, որ հայրենիքում ամեն ինչ հրաշալի է, կկտրեն էն երկու կոպեկը, որ ուղարկում են հարազատներին։ Անխելք կոմունիստները պայքարում էին, որ սփյուռքահայությունը հայրենիք վերադառնա։ Իսկ մեզ ուժեղ, կազմակերպված, փողատեր Սփյուռք է պետք։ «Ծովից ծով Հայաստան» երազող, «դեմք» դարձած տղերքից մեկն էլ սրտի խոր տագնապով ասում էր՝ շատ ցավալի է, որ Չինաստանի նման հսկա երկրում սփյուռք չունենք, անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել… Եվ կտանեն։ Շեղաչք դառնալու վտանգված մի տասնյակ հայ հո՜ կգտնվի։ Ի դեպ, դպրոցներում պետք է խիստ խորացնել աշխարհագրության ուսուցումը։ Ոչ մի երկիր տեսադաշտից դուրս թողնելու իրավունք չունենք։ Ի՜նչ մնաց Չինաստանը։ Դպրոցի, եկեղեցու հարցն էլ պետք է լուծել։ Էդ արանքում մի քանի կուսակցություն արագ մասնաճյուղեր կբացեն, որ իրար ուտելն ու հայրենասիրություն քարոզելը համատեղեն։ Թե չէ էստեղ վերնախավի բերանից կտրում, եկեղեցի են կառուցում, պարզվում է, որ ամեն հավատքի մարդ ունենք, իսկ Լուսավորչի հետնորդներ՝ ոչ։ Մինչ թայֆաները երկրի ունեցվածքն ուտելով էին զբաղված, օտար միսիոներները ժողովրդի ուղեղը օպերատիվ կերպով կերել-պրծել են։ Կասկած չկա, կառուցող ժողովուրդ ենք։ Դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում՝ աշակերտ ու մանկավարժ չկա, տներ ենք կառուցում՝ էս երկրում ապրելու ցանկություն ունեցող չկա։ Հետաքրքիրն այն է, որ մեղավոր չկա, «տապանը» թիավարողները անմեղսունակ են։ Այնուամենայնիվ, մեր ղեկավարների «հոգատարությունը» սահման չունի։ Նրանց տեսադաշտից չեն վրիպում նույնիսկ խեղճ ու կրակ սահմանամերձ գյուղերը։ Օրինակ՝ Ջիլիզա (Լոռու մարզ) գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 20-25 աշակերտ։ Հազար ու մի հիմնախնդիր ունեցող գյուղը, եթե Հայաստանի քարտեզից վերանա էլ, դպրոցը չի փակվելու։ Մարզի իշխանավորները տղամարդու խոսք են տվել։ Շատ էլ հպարտ են, որ զինվորական ծառայությունից խուսափող ջահել վարժապետներ են աշխատում, հետն էլ հայրենասիրություն սովորեցնում փոքրիկ գյուղացիներին։ Հայրենասիրության ոգին երկրում թեւածում է՝ վետերանները երջանիկ են, հիվանդները՝ պետության խնամքի տակ, մանուկների մասին էլ՝ խոսք չկա… Թե ինչո՞ւ չեն մեր առաքյալ-դեսպանները հայրենիք վերադառնում, չեմ հասկանում։ Անձամբ ես (ու երեւի շատերը) ՀՀՇ-ին չեմ ներում, որ Հայաստանի աստեղային ժամին (հոգեւոր անկրկնելի վերելքի շրջանում) իշխանությունը ստանձնելով, չկարողացան պատասխանատվության բեռի տակ մտնել, ժողովրդի լավագույն զավակներին մասնակից չդարձրին հայրենիքաշինության, ազգային արժանապահպանության սուրբ ու արդար գործին։ Բայց սա արդեն ուրիշ, մոռացված երգ է։ Անիվը ավելի արագ է ցած գլորվում։ Երեկվա ՀՀՇ-ականը կամ նրա հովանու տակ «մարդ» դարձածը՝ էսօրվաններին ծառայություն մատուցելու համար բերանը պատռում է, թե ընդդիմության դրոշակակիրը ՀՀՇ-ն է։ Նմաններին ոչ ոք չի հարցնում, թե էդ ո՞ւմ «պասով» ու փողերով ես հրապարակ մտել։ Մի՞թե իշխանության գրեթե բոլոր «դեմքերը», սկսած նախագահից, նույն «դպրոցի» սաները չեն։ Ընդամենը մաշկի գույնն են փոխել։ Էլ դրսում ո՞վ է մնացել, որ էդքան անհանգիստ են։ Մի Վանո՞… Նա գոնե էնքան մարդ է, որ «հին ընկերներին չի դավաճանում» (ուսանողական տարիներին հրաշալի՝ տաղանդավոր ու սկզբունքային տղա էր)։ Տեսա՞ք «Պապլավոկում» ո՜նց դավաճանեցին «հին ընկերներին»։ Դավաճանելը, ծախվելը, գնվելը դարձել է մեր կյանքի այբուբենը։ Ժողովուրդը մի տուփ մակարոնով է ծախվում, մնացածը՝ ինչով ասես։ Բա կուսակցական լիդեր-միջակությունների «գաղափարական» առք ու վաճառքը։ Սրանց զինանոցի առաջ ռուսական «ՏՐցՋպռվՌ»-ն գլուխը քարն է տվել։ Մեր ուրախությունների անսպառ աղբյուրներից մեկն էլ Ազգային ժողովն է։ Բավական էր խոսնակի կիսաբերան հրաժարականը, եւ առաջին անգամ ապահովվեց իրենց ղեկավարին հոշոտողների քվորումը։ Ազգանպաստ ոչ մի խնդիր էդքան կրքեր չի բորբոքել։ Ազգային ժողովի եղերական օրվա մասին ընտրողների հարցերին լոռեցի պատգամավորներից մեկը պատասխանել է. «Ես բան չեմ տեսել, էնքա՜ն մարդ էր վրաս պառկած…»։ Իսկ թափուր աթոռի պարագայում էդ պառկողները ո՜նց են ակտիվանում… Ի դեպ, շատ են ակտիվանում նաեւ ընտրությունների շեմին։ Լեզուները հանած գյուղերն են ընկնում եւ տեսածը ձայնային հուզիչ երանգներով հանձնում խոսափողին։ Ուրիշ պահ տալու տեղ չկա։ Անկեղծ ասած, խոսնակի գրոտեսկային վերաբերմունքը լսարանի նկատմամբ ժողովրդին դուր է գալիս, նա «շոուն» գնահատում է ըստ արժանվույն։ Մեր կյանքը համատարած «շոու» է, ափսո՜ս, որ ականատեսները լքում են հայրենքը։ Առանց հանդիսատեսի ի՜նչ «շոու»։ Սփյուռքի աչքը լույս։ Օսկարակերպ միջոցառումներով թող մեզ՝ յուրայինների մեջ օտարացածներիս ուրախացնեն, մեզ «բուլյոնն» էլ շատ է։ Չոր հաց կկրծենք, բայց օտար լեզուներ կսովորենք, որ մայր Սփյուռքը սիրենք, կարոտենք ու… հասկանանք։ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ալավերդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել