Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Հունիս 10,2003 00:00

ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ Թե ինչպես բարեկամը ֆռռացրեց բարեկամին 1998 թ. Լյովա Մալոյանը գտնվել է անձնական գործերով Մոսկվայում, հյուրընկալվել հորեղբոր որդուն՝ Զորիկին։ Վերջինիս տանն էլ հանդիպել է նրա քրոջ որդուն՝ Սամվել Մադոյանին։ Խոսքուզրույցի, փոխադարձ վստահության պայմաններում Լյովա Մալոյանը թանկարժեք քարերով 3 ոսկյա ժամացույց է տրամադրում Սամվել Մադոյանին, քանի որ վերջինս հավատացնում է, որ Սանկտ Պետերբուրգում ապրող կնոջ եղբոր միջոցով կարող է իրացնել այդ ժամացույցները։ Հյուրընկալողների ներկայությամբ ժամացույցները տրվեցին Սամվելին։ Պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուրը պետք է վաճառվեր 300 դոլարով։ Գործի չդրվեց ստացականը։ Նկատենք, որ շատ ու շատ գործարքների ժամանակ հայերը չեն սիրում իրենց իրավահարաբերությունները կարգավորել պայմանագրերի, ստացականների եւ այլ իրավական փաստաթղթերի միջոցով։ Դա մեր մենթալիտետի մաս չի կազմում։ 2003 թվականն է, եւ այդ ընթացքում անտեղի նյարդեր կորցրեց Լ. Մալոյանը։ Նա նախ դիմեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան։ Հայցվորը պահանջում էր բռնագանձել 3 ժամացույցների արժեքը՝ $900։ Հետաքրքիր է, որ պատասխանողը՝ Ս. Մադոյանը, առարկեց հայցի դեմ, հայտնելով, որ ժամացույցները չի կարողացել վաճառել եւ այն տվել է Զորիկին, որի հասցեն մոռացել է։ Դատարանը բավարարեց հայցը եւ վճռեց, որ պատասխանող Սամվել Մադոյանից հօգուտ Լյովա Մալոյանի պետք է բռնագանձվի 900 դոլարին համարժեք դրամ։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին դիմեց այս անգամ Սամվել Մադոյանի ներկայացուցիչը։ Վերաքննիչում պարզվեց, որ Ս. Մադոյանի ներքնահագուստում կարվել են հատուկ գրպաններ։ Ըստ այդմ, «դատարանը եկավ այն համոզման, որ եթե պատասխանողը ժամացույցների վաճառքից չունենար իր անձնական շահը, ապա մաքսային մարմիններում անպայման կգրանցեր ոսկի ունենալու փաստը»։ Վերաքննիչ դատարանն էլ բավարարեց Լյովա Մալոյանի 3 ոսկյա ժամացույցը կամ դրա արժեքը բռնագանձելու պահանջը։ Հետաքրքիր է, որ վճիռը երեք դատավորները հաստատեցին իրենց կապույտ, կարմիր եւ սեւ կնիքներով։ Կատարողական թերթիկ իջեցվեց դատարանի վճիռը ապահովելու համար։ 1998-ից կորած ժամացույցները հանկարծ «հայտնաբերվեցին» Սամվել Մադոյանենց բնակարանում։ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը կատարողական վարույթը կարճելու մասին որոշում ընդունեց։ Թվում էր, թե ժամացույցների հարցը լուծվեց։ Ապրանքագիտական փորձաքննության տրամադրվեցին ժամացույցները. դրանք օգտագործված չէին, վրայի 6 անգույն քարերը հանդիսանում էին ադամանդներ, ժամացույցի ընդհանուր կշիռը 7,03 գրամ էր եւ ըստ փորձագետների, թվով 6 ադամանդների շուկայական գինն էլ գնահատվեց 3000 դրամ։ Փորձագիտական կենտրոնը նշել էր նաեւ, որ «տեղեկատու բանկում նմանատիպ ժամացույցների գների վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ այն գնահատվում է 27000 դրամ»։ Հետեւեց այն, որ Լ. Մալոյանը դիմեց Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ ծառայության։ Դատարանը իր վճռի պարզաբանական մասում գտնում էր, որ հարկադիր կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը պետք է անվավեր ճանաչել «դատարանի օրինական ուժի մեջ գտնվող վճիռը ի կատար ածելու գործընթացն ապահովելու համար»։ Սակայն «վճռեց» հատվածում մերժվեց Լյովա Մալոյանի դիմումը։ Այս հանելուկը լուծելու համար երկար ժամանակ չպահանջվեց։ Վերոնշյալ դատարանը որոշում կայացրեց այս անգամ «վրիպակը ուղղելու մասին» եւ որոշեց. «Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2-1621/02 վճռի «վճռեց» մասում թույլ տրված վրիպակը ուղղել, «դիմումը մերժելու»-ի փոխարեն կարդալ «դիմումը բավարարել եւ անվավեր ճանաչել վարույթը կարճելու մասին որոշումը»։ Լ. Մալոյանը վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին դիմեց՝ փաստաթղթերին կից ներկայացնելով նաեւ իր պարտավորագիրը. «Խնդրում եմ, հայցը բավարարելու դեպքում, հայցապահանջի գումարը փոխանցել Նուբարաշենի մանկատան հաշվին», որի համար եւ ստորագրեց։ Հարցը, ըստ Լ. Մալոյանի, զուտ բարոյական նշանակություն ունի։ Նա չի ուզում հաշտվել այն երեւույթի հետ, որ օրը ցերեկով իրեն ֆռռացնում են։ «Ս. Մադոյանը Երեւանի ոսկու շուկայից գնել է մեր վարպետների կողմից վերափոխված 3 ժամացույց, որոնց ոսկու քաշը, քարերի մեծությունն ու մաքրությունը չեն համապատասխանում իմ տված ժամացույցներին։ Եթե այդ ժամացույցները նա չէր վաճառել վաղուց ու չէր տվել մեկ ուրիշի, ապա ինչո՞ւ 5 տարի հետո վերադարձնելու փորձ կատարեց»,- իրավամբ հարցնում է քաղաքացին։ Վճռաբեկը որոշեց վերաքննիչ դատարանի վճիռը թողնել անփոփոխ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել