Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ»

Հուլիս 15,2003 00:00

«ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ» Եվրոպական միության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթթենի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը: – Վերջին շրջանում Եվրոպական միությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի շեմին: Այդ պատճառով տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացումը, եւ որպես հետեւանք, նրա կայունությունը, նշանակություն ունեն մեզ համար: Ավելին, կա նաեւ Կասպից ծովի էներգակիրների խնդիրը, որոնք ԵՄ-ն դասում է իր էներգետիկ պահանջների դիվերսիֆիկացման աղբյուրների շարքին: – Մտադի՞ր է ԵՄ-ն զբաղվել տարածաշրջանում առկա «սառեցված հակամարտությունների» կարգավորմամբ: – ԵՄ-ն ձգտում է ավելի լավ հասկանալ՝ ինչպես մենք կարող ենք օգնել առաջընթացի ապահովման գործում: Սերտորեն համագործակցելով տարածաշրջանի երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵՄ-ն կշարունակի լուծումների որոնումները, որոնք ուղղված կլինեն ինչպես հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, այնպես էլ հետկոնֆլիկտային վերականգնմանը: Սակայն կուզենայի ընդգծել կարեւոր մի պահ. հիմնական ջանքերը պետք է գործադրեն տարածաշրջանի մեր գործընկերները: Բոլորովին վերջերս մենք որոշում ընդունեցինք ֆինն դիվանագետ Հայկի Տալվիտիեին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Նրա առանցքային խնդիրներից մեկն է լինելու ԵՄ-ի ողջ «կշռի» օգտագործումը հակամարտությունների կարգավորման մեջ ներգրավված միջազգային կազմակերպությունների ջանքերին ավելի արդյունավետ աջակցելու համար: – Չնայած Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ԵՄ-ի բազմաթիվ նախագծերին, այս ուղղությամբ հատուկ առաջընթաց դեռեւս չի գրանցվել: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրադրությունը: – ԵՄ-ն չափազանց նշանակալի աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանը: Ցավոք, մենք դեռեւս չենք տեսնում այն առաջընթացը՝ ժողովրդավարությանը, ազատ շուկայական տնտեսությանը եւ խաղաղությանը հասնելու ճանապարհին, որն ակնկալում էինք: Մենք որոշակի հաջողությունների ենք հասել տարածաշրջանային համագործակցության խրախուսման ճանապարհին, սակայն դրանք չեն համապատասխանում այն ծավալին, որը պարտավորվել էին ապահովել Հարավային Կովկասի մեր գործընկերները՝ ԵՄ-ի հետ գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագրերի ուժի մեջ մտնելուց հետո: Տարածաշրջանի լիարժեք եւ երկարաժամկետ կայունացումն ուժեղ կամք է պահանջում, որն անհրաժեշտ է փոխզիջումների հասնելու համար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել իրական տարածաշրջանային համագործակցության մասին: Առաջիկայում տարածաշրջանի երկրները դեռեւս բազնաթիվ կարեւոր քայլեր պետք է ձեռնարկեն: – Արծարծվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններում: – Վերջին շրջանում նկատվել է իրավիճակի հարաբերական բարելավում: Օրինակ, ավելի դյուրին է դարձել օդային ճանապարհով Թուրքիա ժամանող Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը: Մենք նաեւ տեղյակ ենք մի շարք հասարակական նախաձեռնությունների մասին, որոնց նպատակը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է: Հայաստանը եւ Թուրքիան ցանկություն են արտահայտում քննարկել իրենց հարաբերությունների բարելավման հնարավորությունները եւ մենք, իհարկե, կողջունենք առաջխաղացումն այդ ուղղությամբ: – Բացի չլուծված հակամարտություններից, ի՞նչն է մտահոգում ԵՄ-ին տարածաշրջանում: – Մեզ հատկապես մտահոգում է աղքատության բարձր մակարդակը. Հարավային Կովկասի բնակչության մոտ 50 տոկոսն ապրում է աղքատության շեմից այն կողմ: Միջազգային հանրությունը նշանակալի ջանքեր է գործադրում, որպեսզի օգնի տարածաշրջանի երկրներին հաղթահարել այս խնդիրը: Սակայն աղքատության դեմ պայքարում ամենակարեւոր գործոնը տարածաշրջանի երկրների կառավարությունների հաստատակամ եւ հետեւողական հավատարմությունն է բարեփոխումների իրականացմանը: Մտահոգության մեկ այլ առիթ է հանդիսանում առաջընթացի պակասն օրինականության արմատավորման ճանապարհին՝ ներառյալ լիարժեքորեն գործող անկախ դատական համակարգը: Մենք նաեւ հույս ունենք դառնալ կաշառակերության դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների եւ գործարար միջավայրի նշանակալի բարելավման ականատեսը: – Միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Սա կարո՞ղ է բացասաբար ազդել Հայաստանի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների վրա: – Ժողովրդավարական չափանիշներին հետեւողական եւ հաստատակամ նվիրվածությունը ընկած է Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության եւ գործընկերության մասին համաձայնագրի «սրտում»: Բացի այդ, Հայաստանը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ: Մենք հստակ արտահայտեցինք մեր տեսակետը Հայաստանում վերջերս կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: ԵՄ-ն արժեքների միություն է: Այդ արժեքների թվում կենտրոնական տեղը վերապահված է ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին: Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը ենթադրում է քաղաքական կամքի դրսեւորում՝ ժողովրդավարական բարեփոխումները հաստատակամորեն շարունակելու համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն ՝հատուկ ԱՌԱՎՈՏԻ համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել