Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերանալու ճիշտ ու սխալ միջոցը

Մայիս 13,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ եթե մարդն ապրում է որպես երջանիկ խոճկոր, ապա կյանքից շատ քիչ բան է հասկանում

Յուրաքանչյուր մարդու համար էլ գալիս է մի պահ, երբ սկսում է մտածել ծերության մասին: Դա մի վիճակ է, որի մեջ հայտնվելով՝ շատերն ընկնում են դեպրեսիայի մեջ, կորցնում ինքնատիրապետումը: Չնայած ասում են մարդ նախ եւ առաջ պետք է հոգով երիտասարդ լինի, սակայն ամեն դեպքում ծերանալու վախը կյանքի մի փուլում տանջում է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից.«Եթե մարդն իր կյանքի որեւէ շրջանում մտածում է. եթե լինեի 20 տարեկան՝ լրիվ ուրիշ կյանքով կապրեի, ուրիշ կերպ կդասավորեի կյանքս, այսպես կանեի, այնպես կանեի, ուրեմն նա արդեն ծերության շեմին է»,- ասում է հոգեբան Գայանե Շահվերդյանը:

Ո՞ր տարիքում է մարդկանց մեջ առաջանում ծերանալու վախը, ի՞նչն է նպաստում վախի առաջացմանը: Նորմա՞լ է, արդյոք, այդ վախի առկայությունը:

Ըստ հոգեբանի՝ ծերանալու վախ առաջանում է միայն ծերանալիս. «Երբ մարդը գիտակցում է, որ ինքն արդեն ծերանում է, նրան պատում է վախի տհաճ զգացումը: Ծերանալու վախն առաջանում է մոտավորապես 42 տարեկանից՝ այն շրջանից, երբ մարդը սկսում է վերապրել իր պատանեկությունը, երիտասարդությունը: Կա մի հոգեբանական գաղտնիք. յուրաքանչյուր մարդ ունենում է այդպիսի տհաճ ապրումներ, որոնք կապված են՝ ես չհասցրի ապրել, իսկ ծերությունն արդեն եկավ, մտքի հետ: Այս ամենը բերում է շատ ծանր ապրումների: Բայց եթե անձը ճիշտ զարգանա, հոգեբանորեն ճիշտ հասունանա, նրան ծերության վախը գուցե եւ չսպառնա»: Գ. Շահվերդյանի խոսքով, սպիտակ մազերի համար չարժե այդքան անհանգստանալ. «Ծերությունը միայն մազերի սպիտակելը չէ, այլ այն իմաստնությունը, որը ստանում է մարդն իր ապրած կյանքից: Երբեմն սպիտակ մազերը միակ բանն են, որ տարբերում է ծեր մարդուն երիտասարդից: Եթե մարդ ճիշտ է զարգանում, ապա ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսում է ծերանալ, այսինքն՝ ֆիզիկական օրգանիզմն այլեւս այդ ծավալի գործունեություն չի կատարում: Ծերանալը կարելի է բացատրել գիրանալու օրինակով, երբ մարդ նույն ձեւով սնվում է, բայց սկսում է գիրանալ, որովհետեւ օրգանիզմն այլեւս չի հաղթահարում: Զուգահեռ սրան, պետք է այլ փոփոխություն լինի մարդկային գիտակցության հետ. մարդն էլ ավելի պետք է զարգանա: Զարգանա ոչ թե գիտելիքներ ձեռք բերելու առումով, այլ այն գիտելիքները, որոնք ունի՝ նրա մեջ պետք է նստվածք տան: Իսկ նստվածքի անունը իմաստնություն է: Հոգեբանական տերմինով իմաստնությունը հոգեբանական հասունությունն է: Մեծանալուն զուգընթաց, մարդու հոգին դառնում է էլ ավելի գիտակցված, կյանքի պահանջմունքները հետ են գնում, եւ առաջին պլան են մղվում մարդու աշխարհաճանաչման, ինքնաճանաչման իմաստավոր բովանդակությունները: Եթե մարդ ճիշտ է զարգանում, ապա զարգացման ընթացքը այսկերպ պետք է լինի: Այն, ինչի մասին ես ընդգծեցի, ավելի պակաս հաճելի, ճիշտ ու հարուստ բան չէ, քան երիտասարդությունը: Եթե մարդ չի զգում այդ երկրորդ բեւեռը, եթե նրա մեջ չի զարգացել այն, այդ դեպքում նա կառչում է ֆիզիկական մարմնից, վա՜յ, ես կնճիռներ ունեմ, սպիտակ մազեր ունեմ… Այս ամենից մարդու մեջ առաջանում են այն ապրումները, որոնք կապված են ծերանալու վախի հետ»: Հոգեբանը փաստում է, որ կա ճիշտ եւ սխալ ծերանալու միջոց. «Ճիշտ ծերանալու միջոցը հոգեբանական ճիշտ հասունացումն է: Որքան էլ տարօրինակ թվա, հասունացման գործոններից կարեւորագույնն այն է, որ մարդն իր կյանքում ունենա դառը փորձ: Դա այն է, որ մարդ հաղթահարում է ամեն տեսակի փորձությունները, դժվարությունները, ինչ-որ բան է հասկանում կյանքից: Եթե մարդն ապրում է որպես երջանիկ խոճկոր, ապա կյանքից շատ քիչ բան է հասկանում»: Ըստ Գ. Շահվերդյանի, սխալ ծերանալը երջանիկ խոճկորի կյանքով ապրելն է. «Եթե մարդ ամեն ինչ ունի, ամեն ինչի հեշտ է հասնում, եթե գիտության մեջ որեւէ մեկը գրում է, իսկ ինքն իր ազգանունը դնում համահեղինակ, եթե պապաներն իրենց տղաների համար ժառանգություն են թողնում եւ իրենք այլեւս ոչինչ չեն անում, եթե մամաներն իրենց երեխաներին չեն խնամում, ու դա ուրիշ կին է անում՝ սա երջանիկ խոճկորի կյանք է, որի արդյունքում մարդը հոգեբանորեն ճիշտ չի զարգանում»:

Հարցին, թե ծերանալու վախն ավելի շատ ո՞ր սեռին է հատուկ, Գ. Շահվերդյանը պարզաբանեց. «Ծերանալուց ավելի շատ վախենում են կանայք: Տղամարդկանց պարագայում մի փոքր այլ կերպ է այդ վախը դրսեւորվում: Կանանց շրջանում ավելի գիտակցված է ընթանում վախի զգացումի առաջացումը: Տղամարդիկ չեն գիտակցում, բայց վախենում են: Տղամարդը 42 տարեկանից հետո կարող է ցուցաբերել ոչ ադեկվատ վարք, այնքան էլ չգիտակցելով՝ ինչ է կատարվում: Իսկ կինը շատ լավ է գիտակցում՝ առաջին կնճիռներ, սպիտակ մազեր, որոնք կանանց ինչ-որ բան են հուշում ու նրանք սկսում են հասկանալ, որ ծերությունը սարերի ետեւում չէ: Կանայք, մասնավորապես, ծերության վախի կտրուկ դրսեւորում եւ գիտակցում են ունենում կլիմակտերիկ շրջանի ժամանակ: Իսկ տղամարդկանց ֆիզիոլոգիական պրոցեսները ավելի ուշ են գլուխ բարձրացնում եւ ոչ կտրուկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել