Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԵՔ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋ

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Հայաստանին եւ Ադրբեջանին երեկ կոչ արեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, որին Եվրոպական խորհրդարանի պատվիրակներից մեկը հորդորեց բաց չթողնել ԼՂ հակամարտությունը կարգավորելու շնորհիվ Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունը:

Եվրոպական խորհրդարանում երեկ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» քննարկումը նախատեսված էր Ստրասբուրգի ժամանակով ժամը 17.49-ին, սակայն նախորդած բանավեճերը՝ իրավիճակը արաբական աշխարհում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում եւ Եմենում եւ այլն՝ առիթ դարձան, որ 1 ժամով հետաձգվի այդ քննարկումը:
Շուրջ 55 րոպե տեւած քննարկման ընթացքում նախ հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նա նշեց, որ երբ հունիսի 9-ին ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի ընթացքում հանդիպել էր ՌԴ նախագահին՝ նա լավատեսորեն էր տրամադրված Կազանի հանդիպման ընթացքում բեկում արձանագրելու հարցում. «Մենք Դմիտրի Մեդվեդեւին հստակ ասացինք, որ լիովին աջակցում ենք նրա անձնական միջնորդական ջանքերին եւ Մինսկի խմբի աշխատանքին»: Քեթրին Էշթոնն ափսոսանք հայտնեց, որ չնայած բարձրագույն մակարդակով հղված ուղերձներին՝ Կազանում չիրականացավ ակնկալվող բեկումը. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Սարգսյանը չօգտագործեցին փոխզիջման հասնելու այս հնարավորությունը»: Նշեց նաեւ, որ վերջերս Բրատիսլավայում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին. «Պատրանքներ չունեմ բանակցության բարդության վերաբերյալ: Համանախագահողներն ինձ եւ Եվրոպական Արտաքին գործողությունների ծառայությանը լիովին տեղեկացնում են իրենց աշխատանքի մասին եւ այն դժվարությունների, որոնց իրենք բախվում են»: Ընդգծեց, թե այսուհանդերձ՝ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ջանքերը պետք է շարունակվեն. «Եվ ես ողջունում եմ փաստը, որ երկու կողմն էլ վերահաստատել են դիվանագիտական գործընթացի եւ խաղաղ լուծում գտնելու պարտավորությունը: Սակայն մենք առաջիկա ամիսներին պետք է ավելին տեսնենք, քան դա է: Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ համաձայնության հասնելու մինչեւ այս տարեվերջ: Սա պետք է տեղի ունենա մինչեւ տեղական առաջնահերթությունները՝ ընտրությունները Հայաստանում 2012-ին եւ Ադրբեջանում՝ 2013-ին: Իսկապես՝ ստատուս-քվոյի շարունակումն անընդունելի է, ինչպես նաեւ՝ ցանկացած փորձ հակամարտությունը կարգավորելու կամ բանակցությունների վրա ներազդելու ուժի կիրառման կամ նույնիսկ ուժի սպառնալիքի միջոցով: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային ռազմավարական հետաքրքրության առարկա է ԵՄ համար»: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը խոսելով այն հեռանկարների մասին, որոնք կհաջորդեն խնդրի լուծմանը՝ մասնավորապես նշեց. «Սահմանները կարող են բացվել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»:
Նշեց նաեւ, թե այս խնդրի շուրջ վերջնական բանակցությունները մեծապես կանդրադառնան տվյալ երկու երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության վրա. «Մենք հուսով ենք տեսնել առաջընթաց մինչ սեպտեմբերին Վարշավայում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: Ես նաեւ հստակ հնարավորություններ եմ տեսնում ԵՄ ներառման համար՝ բանակցային բուն գործընթացից դուրս: Մենք արդեն աջակցել ենք վստահության կառուցման եւ մարդկանց իրազեկման միջոցառումներին՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով, որոնք նպաստում են մարդկանց միջեւ շփումներին՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Սակայն մենք այստեղ կարող ենք ավելին անել: Ես նաեւ կարծում եմ, որ Եվրոպական միությունը պետք է պատրաստ լինի ստանձնելու մեծ պատասխանատվություն՝ համաձայնագրի կիրառման համար, երբ մենք հասնենք այդ փուլին՝ միջազգային հանրության այլ հատվածների հետ սերտ համագործակցությամբ: Շատ անելիքներ կլինեն՝ սկսած վերակառուցումից, ականազերծումից, փախստականների եւ տեղահանվածների վերադարձից, մինչեւ տնտեսության վերականգնում եւ անվտանգության աջակցություն: Ես նաեւ ընդունում եմ, որ կան այլ գործընկերներ, որոնք նշանակալի դեր ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանում: Օրինակ, ԵՄ-ն պետք է սերտորեն աշխատի տարածաշրջանային այնպիսի դերակատարների հետ, ինչպիսին Թուրքիան է»: Քեթրին Էշթոնը ելույթն ավարտեց այսպես. «Ի վերջո, սա մի ընտրություն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրե՛նք պետք է կատարեն՝ հանուն իրենց ներկայացրած ժողովուրդների լավագույն շահերի: Մենք գիտենք, թե ինչ ընտրություն ենք ցանկանում, որ նրանք կատարեն՝ սա փոխզիջման եւ խաղաղության ընտրությունն է»:
Այս հայտարարությանը հետեւեցին Եվրոպական խորհրդարանի պատվիրակների 2 րոպեանոց ելույթները, որոնց գերակշիռ մեծամասնությունը կարծես պատրաստված լիներ մի կենտրոնում եւ հակադիր էր այն տոնայնությանը, որը հնչեց Քեթրին Էշթոնի խոսքում: Այսպես, չնայած Ռուսաստանի դերակատարության մասին նրա գնահատանքին՝ ԵԽ շատ պատվիրակներ, մանավանդ Մերձբալթիկայի երկրների ներկայացուցիչները՝ մեղադրում էին ՌԴ-ին Հայաստանին զենք մատակարարելու մեջ: Շատ ելույթներում կրկնվում էին միջազգային այլ կառույցներում ադրբեջանական պատվիրակների փաստարկները՝ իրենց տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, Հայաստանի «օկուպանտ» լինելու մասին: «Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության մասին» զեկույցի հեղինակ Եվգենի Կիրիլովը ելույթում հիշատակեց 1 մլն փախստականների եւ ներքին տեղահանվածների մասին: Ի դեպ, Ֆրանսիայի պատվիրակ Դամիեն Աբադի արած դիտարկումը, թե իրենք կարող էին ավելի հավասարակշռված բանաձեւ ընդունել, քան Կիրիլովինն էր՝ արժանացավ ծափերի:
Շվեդիայի ներկայացուցիչ Աննա Իբրիսագիչը, որը մայիսի 3-ին այլ պատվիրակների հետ միասին հարցում է ուղղել Եվրոպական հանձնաժողովին՝ «Հայաստանին եւ Ադրբեջանին ՌԴ կողմից զենքի մատակարարման» մասին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԵՄ-ն, որ կանխի հակամարտության հնարավոր սրումը՝ այս քննարկման ընթացքում պահանջում էր, որ զորքերը դուրս բերվեն «օկուպացված տարածքներից», փախստականները վերադառնան՝ «Միայն դրանից հետո կարող ենք խոսել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին»:
Հնչեցին ընդամենը 2-3 չեզոք ելույթներ: Ասենք, ինչպես Բուլղարիայի պատվիրակ Անդրեյ Կովաչյովի ելույթն էր, թե ռազմատենչ հռետորաբանությունն անընդունելի է, պետք է խաղաղ լուծում գտնվի: Իսկ Չարլզ Թանոքն ասաց. «Սա Ձեր հնարավորությունն է՝ տիկին Էշթոն, ստանալու Նոբելյան մրցանակ, եթե կարգավորեք այս հակամարտությունը»:
ԵԽ այն պատգամավորները, որոնք վերջին շրջանում բավական հայանպաստ հարցադրումներով էին դիմել Եվրոպական հանձնաժողովին՝ չմասնակցեցին այս քննարկմանը: Միայն երկու օրինակ նշենք: Եվրոպական խորհրդարանի կայքէջի համաձայն՝ հունիսի 21-ին Եվրոպական հանձնաժողովին գրավոր պատասխանի համար «ԼՂ ինքնորոշման մասին» վերնագրված հարց էր ուղղել Օրեսթե Ռոսսին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե Եվրոպական հանձնաժողովն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, որ ստիպի Ադրբեջանին դադարեցնելու բռնությունը եւ պաշտպանելու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հունվարի 24-ին Զբիգնեւ Զիոբրոն գրավոր հարց էր ուղղել, որում անգամ Լեռնային Ղարաբաղ անվանը զուգահեռ օգտագործել էր «հայկական Արցախ» ձեւակերպումը, եւ հարցրել, թե արդյոք Եվրոպական հանձնաժողովը մտադի՞ր է ներառվել խաղաղության գործընթացում՝ մինչեւ ավելացած բռնությունները չեն վերաճել զինված ակնհայտ հակամարտության: Եվ ի պատասխան՝ Շտեֆան Ֆյուլեն մարտի 16-ին հայտնել էր, թե ԵՄ-ն հետեւում է զարգացումներին՝ նպատակ ունենալով «առավելագույնի հասցնել իր ներդրումը՝ աջակցելու լարվածության թուլացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել