Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված գնահատման համաձայն, Գորիսի եւ Սիսիանի քաղաքապետարանների աշխատակազմերն ու ծախսերը ուռճացված են, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, համայնքապետարանը, համայնքապետն ու ավագանին կտրված են համայնքից
Համայնքապետերի «պապա» Սուրիկ Խաչատրյանն ու նրան ողջ համայնքից բարձր դասող քաղաքապետեր՝ Աղասի Հակոբջանյան, Նելսոն Ոսկանյան:
Կարդացեք նաև
Տեղեկացրել ենք, որ «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Աջակցություն կառավարման ապակենտրոնացմանը եւ ժողովրդավարացմանը» ծրագրով «Ես գնահատում եմ» քաղաքացիական նախաձեռնությամբ գնահատել է Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում տեղական ինքնակառարման մարմինների (ՏԻՄ) 2010 եւ 2011 թվականների գործունեությունը եւ արձանագրել տխուր իրողություն. ՏԻՄ-երի բյուջեների մինչեւ 80 տոկոսը պետական բյուջեից ստացված դոտացիան է ու այս պատճառով ՏԻՄ-երը կախված են պետությունից՝ :
20 էջանոց զեկույցում բազմաթիվ են մտահոգիչ փաստերի արձանագրումները: ՏԻՄ համակարգին տեղյակ մասնագետները ընդունում են, որ պետությունից կախվածութունը հատուկ է ոչ միայն Գորիսին եւ Սիսիանին, այլ՝ ողջ Հայաստանի ավելի քան 900 համայնքներին:
Օրինակներ՝ Գորիսի ու Սիսիանի մասին զեկույցից:
25 առավելագույն միավորից Սիսիանը հավաքել է 5,5, Գորիսը՝ 7 միավոր: Երկու քաղաքներն էլ համայնքի կյանքում քաղաքացու մասնակցություն չափանիշից նվազագույն 0,5 միավոր են ստացել: Ըստ զեկույցի, «Երկու քաղաքների ՏԻՄ-երը պետք է հստակեցնեն իրենց քաղաքականությունը դոնոր-համայնք ուղիղ կապի ուղղությամբ. առավելագույնս ապավինեն իրենց ուժերին եւ զարգացնեն իրենց համապատասխան կարողությունները»: 2010 թվականին Գորիսի բյուջեն 350 միլիոն դրամ էր, որից 280 միլիոնը՝ պետական դոտացիան, Սիսիանի 250 միլիոն դրամ բյուջեից 201 միլիոնն է պետությունը տվել: Զեկույցի հեղինակները պարզել են, որ Գորիսում եւ Սիսիանում բյուջեի մոտ 40 տոկոսը քաղաքապետարանների աշխատակազմերի աշխատավարձն է եւ գործառնական-ներկայացուցչական ծախսերը: Ուրեմն՝ եթե պետությունը դոտացիա չտա, ՏԻՄ-երը ի վիճակի չեն հավաքել նույնիսկ այնքան տեղական հարկ, որ կարողանան ծածկել սեփական ծախսերը: Սրանով հանդերձ, զեկույցը փաստում է՝ «երկու քաղաքապետարաններում առկա է 40-60 հոգանոց աշխատակազմերի եւ վարչական ծախսերի որոշակի ուռճացվածություն, որը կրճատելով կարելի է զարգացնել բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների ոլորտը»:
Մատուցվող ծառայություններն էլ 2010-ին եւ 2011-ին այն որակը չեն ունեցել: «Մարդկային որակյալ ներուժի շնորհիվ երկու ՏԻՄ-երն էլ ընդհանուր առմամբ ունեին լավ գրագրություն եւ փաստաթղթավորում, ինչը բնակիչներին հանրային ծառայություններ մատուցելու կարեւոր պայման է: Հարցված բնակիչները, ովքեր օգտվել էին փաստաթղթերի տրամադրման ծառայություններից, ինչպես նաեւ տեղական հ/կ-ների ներկայացուցիչները, այս ոլորտը որոշակի վերապահումներով գնահատել էին դրական: Այնուհանդերձ, գնահատողները դրանում փորձեցին համոզվել անձամբ եւ որպես համայնքի բնակիչ երկու քաղաքապետարաններում անցկացրեցին էքսպերիմենտ: Արդյունքում նրանք ստացան իրենց պահանջած փաստաթղթերը, սակայն էքսպերիմենտը ցույց տվեց, որ բաժինների աշխատակիցները կարող էին ավելի բարեհամբույր լինել»,- գրված է զեկույցում:
Չի բացառվում, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ այս վերաբերմունքի արդյունքում քաղաքի բնակիչը քաղաքը իրենը չի համարում եւ քաղաքի հանդեպ սրտացավ չէ: Մեջբերում զեկույցից. «Գորիսն ունի 4 աղբատար մեքենա: Բնակիչների տեղեկատվությամբ՝ քաղաքի կենտրոնական հատվածը ամեն օր մաքրվում է, երկրորդական փողոցները՝ շաբաթական երեք անգամ: Այնուհանդերձ Գորիս գետի Վարարակնի երկայնքով աղբի կուտակումները առկա են եղել գնահատողների բոլոր այցելությունների ընթացքում, ինչում մեղքի իրենց բաժինն ունեն բնակիչները եւ հարցումների ընթացքում խոստովանում էին»: Բացի մեղքերի խոստովանությունից, բնակիչները ասել են, որ մաքրություն ապահովելու հարցում պետք է իրենց լուման ունենան: Խոսքը, սակայն, գործ չէ, ոչ բնակիչների, ոչ ՏԻՄ-երի պարագայում: «Ես գնահատում եմ» զեկույցի համաձայն, «Գորիսի եւ Սիսիանի ՏԻՄ-երի աշխատակազմերում առկա է Հայաստանի համայնքների մեծ մասին բնորոշ իրականությունը, այն է՝ դոնորների հարցում նախաձեռնողականությունը փոքր տոկոս է կազմում եւ նրանց հետ կապված ծրագրերը հիմնականում ակնկալվում են կառավարությունից: Երկու ՏԻՄ-երը ունեն թերացում՝ սեփական նախաձեռնությամբ այլ դոնորներից ֆոնդեր ներգրավելու, դոնորների ուշադրությունը իրենց համայնքներին սեւեռելու եւ նրանց հետ համագործակցելու հարցում: Երկու քաղաքապետարաններում առկա է ծրագրեր մշակելու, առաջարկների փաթեթներ պատրաստելու եւ դեպի համայնք դոնորական ֆոնդ բերելու հմտության պակասը»: Եվ սա ուռճացված աշխատակազմերի պարագայում: Ուրեմն, «Ես գնահատում եմ» զեկույցը անուղղակի փաստում է, որ համայնքապետ են ընտրվում նրանք, ում ուզում են այդ աթոռին տեսնել Երեւանում նստած պաշտոնյաները, ՏԻՄ-երում էլ համայնքապետերը աշխատանքի են ընդունում իրենց խնամի-ծանոթ-բարեկամին՝ չնայելով նրա մասնագիտական կարողություններին, հմտություններին, մարդկային որակներին:
Հայաստանում մեկ անգամ չէ, որ կյանքը ապացուցել է այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ պաշտոնյան, լինի նա դպրոցի տնօրեն, համայնքապետ, մարզպետ կամ նախարար, ամեն ինչ անում է վասն սեփական կուսակցության: Սա նորմալ ու աշխարհում ընդունված մոտեցում կլիներ, եթե մեր պաշտոնյաները՝ հանուն սեփական կուսակցական շահի, ոտատակ չտային պետության ու համայնքի շահը: «Ես գնահատում եմ» զեկույցը գրել-մշակել են հայաստանցի փորձագետներն ու եզրակացրել. «չենք կարողացել պարզել, թե համայնքների ղեկավարների կուսակցական պատկանելությունը դեր խաղացել է արդյոք կառավարության կամ մարզպետարանի աջակցությամբ դոնորների ֆոնդերի մուտքը ապահովելու հարցում, ինչը Հայաստանում կիրառվող պրակտիկա է»: Իսկ որ պետության վերաբերմունքի որակն ու ջերմության աստիճանը կախված է համայնքի ղեկավարի կուստոմսից, փաստել են նաեւ բազմաթիվ համայնքապետեր: Մինչդեռ զեկույցի հեղինակները առաջարկում են համայնքում ներդրումներ ապահովելու համար այլ մեթոդներ կիրառել. «քաղաքապետարան այցելող դոնորի համար պետք է անմիջապես տեսանելի լինեն ոչ միայն ծրագրերի կառուցվածքային եւ առաջընթացի սխեմաները, ինչպիսիք որ փակցված էին Գորիսի եւ Սիսիանի քաղաքապետարանների ներսում առկա տեղեկատվական վահանակներին կամ պատերին, այլեւ՝ իրականացված եւ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որը կարելի է տեղակայել հատուկ ծրագրերի համար նախատեսված վահանակների վրա: Պոտենցիալ դոնորը անմիջապես պետք է տեսնի իրականացված կամ ընթացիկ ծրագրի բյուջեն, կատարված ծախսերը, ծախսը մեկ օգտվողի հաշվով, իրականացված ծրագրերից ուղղակի օգտվողների թիվը, ծրագրի իրականացման ժամանակ զբաղվածների թիվը, շահառուների գնահատականները: Այս ամենը կնպաստի տվյալ ՏԻՄ-ի հանդեպ պոտենցիալ դոնորի կողմից վստահության ձեռքբերմանը: Փաթեթները պետք է համակարգվեն, եւ ծրագրերը բաշխվեն այնպես, որ եթե դոնորը հետաքրքրություն ցուցաբերի որեւէ ոլորտի հանդեպ, հեշտությամբ կարելի լինի գտնել ցանկացած փաստաթուղթ եւ հենց այդ այցելության ժամանակ տրամադրել ամբողջական առաջարկը»:
Զեկույցում մի քանի անգամ նշված է, որ ՏԻՄ-երը պասիվ են: Բերված է նաեւ այդ պասիվության բացասական ազդեցությունը. «Այլ դոնորների ֆոնդեր ներգրավվելու եւ դոնոր-համայնք ուղիղ կապ հաստատման գործում ՏԻՄ-երում առկա պասիվությունը էապես նպաստում է կենտրոնական իշխանությունից ՏԻՄ-երի կախվածությանը եւ խոչընդոտում կառավարման ապակենտրոնացման գործընթացը, քանի որ դոնորական ֆոնդը իրական լծակ է կենտրոնական իշխանության ձեռքին»: Ու այսքանից հետո բնական է, որ համայնքի ղեկավարը չի էլ մտածում համայնքի կարծիքը հաշվի առնելու մասին: Հնարավոր դոնորներին գրավել-համակրելու հարցում բան չանող կամ գրեթե բան չանող դոնոր ունենալը չկարեւորող համայնքները չեն կարեւորում նաեւ սեփական քաղաքացիների կարծիքը: Էլի մեջբերում զեկույցից. «Երկու ՏԻՄ-երն էլ քաղաքացիների հետ նախապես չեն քննարկել ծրագրերը, համայնքի խնդիրները, անհրաժեշտ աշխատանքների առաջնահերթությունները: Երկու ՏԻՄ-երում էլ դեռեւս անբավարար հիմքերի վրա է քաղաքացու ներգրավվածությունը: Համայնքի ժողովների պրակտիկան, որը Հայաստանում դարերի պատմություն ունի, չի կիրառվում: Համայնքների ղեկավարների հետ զրույցներից ակնհայտ երեւում է, որ նրանք իրապես չեն կարեւորում քաղաքացու մասնակցային գործընթացը եւ բավարար են համարում քառամյա կամ տարվա բյուջեի քննարկումներով տեղական հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությունը: Երկու ՏԻՄ-երում տեսանելիորեն ներկայացված չէր ոչ անցած եւ ոչ էլ ընթացիկ տարվա բյուջեին վերաբերող տեղեկատվությունը, որը կարող էր բնակչի համար պարզ եւ մատչելի ներկայացնել համայնքի բյուջեն, ծախսերը եւ արդյունքները: Երկու քաղաքներում գնահատողները ստացել էին այն տպավորությունը, որ ՏԻՄ-ն ու համայնքը կտրված են միմյանցից: Ինչպես ցույց են տալիս գնահատման արդյունքները, այս քաղաքներում եւս բնակիչը ՏԻՄ-ին եւ աշխատակազմին դիմում է միայն իր անձնական սեփականությանը՝ գույքին, հողին եւ ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկատվության եւ փաստաթղթերի համար: Թեեւ 200 հարցվածներից 184-ը պատասխանել էր, որ վճարում է հարկեր, այսուհանդերձ նրանց որեւէ մեկին չէր հետաքրքրել, թե ինչպես են ծախսվում իր գումարները եւ առհասարակ ՏԻՄ-ի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկություն»:
Շատ ավելի ցավալի եզրակացություն, որին հանգել են զեկույցի հեղինակները. «համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ զրույցներից ձեւավորվեց այն պատկերացումը, որ այս քաղաքների (Գորիս եւ Սիսիան) քաղաքապետերը իրենց ավելի շուտ հաշվետու են զգում տարածքային կառավարման նախարարության եւ մասնավորապես Սյունիքի մարզպետի առջեւ, քան՝ իրենց համայնքների: Երկու քաղաքներում, Գորիսում աննշան տարբերությամբ ավելի, գնահատողները ստացել էին այն տպավորությունը, որ Սյունիքի մարզպետը, որն օժտված չէ նման լիազորություններով, ավելի մեծ մասնակցություն ունի ՏԻՄ-ի որոշումներում, քան՝ ինքը համայնքը»:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ