
Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին, երբ տարին նշանավորվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով, եւ վերջինիս շուրջ ու դրա համատեքստում էր ուժային կենտրոնների հետ հարաբերությունների ակտիվացումը։ Հայ-թուրքական գործընթացը «նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականության այն դրսեւորումներից էր, որը վերադարձրեց Հայաստանը միջազգային մեծ օրակարգ։ Թեեւ ակնհայտ դարձավ, որ թուրքական կողմին գործընթացում հետաքրքրում էր բուն պրոցեսը, քան արդյունքը, կարելի է համոզված ասել, որ պաշտոնական Երեւանը սա եւս կանխատեսել էր ու, որպես այլընտրանք, կազմել պրոցեսի օգտակարության սեփական նախահաշիվը՝ եթե Թուրքիան հետ կանգնի իր պարտավորությունից։
Գործընթացից կրած գրեթե բոլոր վնասների ու ձեռքբերումների եւ դրանց համարժեքության մասին ներկայացվել են տարաբնույթ վերլուծություններ, սակայն մի բան հաստատ է. Հայաստանը դրանով վերահաստատեց միջազգային հարաբերություններում, թեկուզ տարածաշրջանային մակարդակով, օրակարգ ձեւավորողի իր դերը: Միաժամանակ Հայաստանը ի ցույց դրեց Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը եւ այն արժանացրեց միջազգային հանրության քննադատությանը:
Սակայն սա ամենը չէ, եւ կարծես թե ստվերվեց մի կարեւոր պատճառահետեւանքային կապ եւս. Հայաստանին սատարած եւ Թուրքիայի վրա ազդելու որոշակի երաշխիքներ տված միջնորդները մի կողմից՝ Թուրքիային սանձահարելու, մյուս կողմից էլ՝ Հայաստանին փոխհատուցելու նկատառումներով ոչ միայն խորացրին համագործակցությունը Հայաստանի հետ, քայլեր ձեռնարկեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ, այլեւ ամենակարեւորը՝ կոմպենսացրին Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց հայամետությամբ, ինչը դրսեւորվեց հաջորդականորեն։
Կարդացեք նաև
Այսպես, 2010 թվականը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության գագաթնակետն էր, եւ տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն զսպաշապիկ եւ սառը ցնցուղ էին իր դիրքորոշումը կոշտացրած Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի համար։ Տարին ոչ միայն սկսվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ նախագահությամբ, որը դրսեւորվեց արագ արձագանքման ուժերի ստեղծման վերաբերյալ շատ կարեւոր մեխանիզմի ստեղծմամբ, այլեւ կայացավ Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցը Հայաստան։ Այցի ընթացքում ստորագրվեց ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով բազան կմասնակցի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը եւ այդ նպատակով Հայաստանի ռազմական ուժերին ժամանակակից սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարմանը։ Սրանով վերջնականապես չեզոքացվեց Ադրբեջանի՝ ուժային մեթոդով խնդրի հանգուցալուծման հույսերի վերջին մնացորդները։ Ավելին, ստորագրվեց Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու նպատակով համագործակցության մասին համաձայնագիրը՝ այն դեպքում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր առիթներով մատնացույց էին անում ատոմակայանի մաշվածության եւ փակման անհրաժեշտության մասին։ Ենթատեքստում առավել քան սիմվոլիկ էր նախագահների մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորների հիշատակը եւ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը։
Վերոհիշյալ զարգացումներն էին պատճառը, որ չնայած իր ռազմատենչ հայտարարություններին եւ Մինսկի խմբից եւ Ռուսաստանից հրապարակային դժգոհություններին՝ Բաքուն ոչ միայն անառակ որդու վերադարձը հիշեցնող խոհեմությամբ մասնակցեց ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում եւ Աստրախանում տեղի ունեցած հանդիպումներին, այլեւ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ստորագրեց խաղաղություն պարտադրող, ինքնորոշման իրավունքն ընդգծող հնգակողմ հայտարարություն։
Հաջորդած 2011 թվականը Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում Ֆրանսիայի ֆավորիտության տարին էր։
Դեռեւս տարեսկզբին Ֆրանսիայի խորհրդարանում պատասխանելով ԼՂ վերաբերյալ հարցին՝ արտգործնախարար Ալեն Ժյուպեն ընդգծեց՝ «անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ցանկացած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքն է»: Սա հերթական անգամ հիստերիայի ալիք բարձրացրեց Ադրբեջանում, որն «իրեն չհետեւող, բայց բունը կեղտոտ լինելուց դժգոհ ագռավի» պատմության նմանությամբ հիմա էլ սկսեց Ֆրանսիային մեղադրել Մինսկի խմբում կողմնակալություն եւ հայամետություն ցուցաբերելու մեջ։
Իրենց ջերմությամբ հայտնի հայ-ֆրանսիական հարաբերությունները աննախադեպ դրսեւորում ստացան աշնանը, երբ տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Փարիզ, որին հաջորդեց Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան, որն իր նշանակությամբ համարվեց պատմական եւ առանցքային։
Անկեղծությունը, որով համակված էր Ֆրանսիայի նախագահի ողջ ելույթը, արտասովոր, եզակի երեւույթ է դիվանագիտական պրակտիկայում։ Մինչ Ադրբեջանը անփառունակ փորձեր է անում արտագրել եւ յուրացնել քաղաքակրթության ելեւէջներում հանգչած այլ ժողովուրդների ժառանգությունը, Սարկոզին իր ելույթում ոչ միայն ընդգծում է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր պատմությունը՝ նշելով դրվագներ եւ խոսելով հայոց թագավորների մասին, այլեւ նշում երկու ազգերի՝ եվրոպական արժեհամակարգի հիմքը կազմող համաժառանգության մասին՝ վերահաստատելով եվրոպական ընտանիքի կողմից հայերի եւ Հայաստանի ընկալումը որպես յուրայինի։ Այն, որ Ֆրանսիան ընտրել է ոչ թե խանդի ու կախվածության, այլ փոխադարձ համակրանքի ու արժեքների հիման վրա տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու քաղաքականություն, հաստատեց Սարկոզին՝ նշելով, որ Հայաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ իրենց մոտ միայն հիացմունք է առաջացնում։ Ինչ վերաբերում է մնացած հայտարարություններին, ապա դրանք կարելի է բնորոշել որպես շոկաթերապիա՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ իր փոքրիկ եղբոր համար։ Սարկոզին ոչ միայն խոսեց ցեղասպանության, դրա դառնությունների մասին՝ իրերը կոչելով իրենց անուններով, այլեւ կոչ արեց Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել ցեղասպանությունը։ Ընդգծելով, որ Ֆրանսիան հասկանում է, թե ինչ նշանակություն ունի Ղարաբաղը Հայաստանի համար, Սարկոզին կողմերին հիշեցրեց կամքի անհրաժեշտության մասին, չմոռանալով շեշտել, որ Հայաստանի իշխանությունների մեջ նա այդ կամքն ու ուժը տեսնում է։ Ավելին, Սարկոզին պնդեց, որ Հայաստանը իրավունք չունի ապրելու պատերազմի, թեկուզեւ քողարկված, վիճակում, շրջափակման մեջ, ինչով մեղադրեց Ադրբեջանին ստեղծված իրավիճակի մեջ։ Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Սարկոզին, Մերկելի հետ միասին, ներկայացնում է Եվրոպայում գերիշխող դիրքորոշումներն ու ամենաէական ազդեցությունն ունենում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, ապա նրա կարծիքը եւ հնչեցրած մոտեցումները ավելին են, քան սոսկ Ֆրանսիայի նախագահինը։
Շոկաթերապիան պետք է գտներ իր տրամաբանական շարունակությունը, եւ դա դրսեւորվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ։ Սա ոչ միայն Թուրքիայի մոտ արթնացրեց զայրույթ, այլեւ անթաքույց խորը ափսոսանք ժամանակին հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալու համար։ Ինչպես նշում էր գրող Հենրի Թորոն. «Դու չես կարող շոկի ենթարկվել, մինչեւ չունենաս անմիջական կապ այն բանի հետ, ինչը քեզ շոկի է ենթարկում»։ Թուրքիայի ջայլամային քաղաքականությունը, որի գործիքներից մեկն էր դարձել տխրահռչակ 301 հոդվածը եւ հայ-թուրքական գործընթացի շահարկումը, բերեց նրան, ինչի համար այսօր Թուրքիան զղջում է ու վճարում։ Ֆրանսիական արդարության կրկնությունը այլ երկրներում պետք է սեղմի օղակն այնքան, մինչեւ Թուրքիան գիտակցի, որ ձիուն պոչից չեն գամում, եւ 301 հոդվածի վերացմամբ երկրում արդեն իսկ սկսված հասարակական ճանաչման ծավալումն է, որ կարող է ապահովել սեփական պատմության արյունալի էջի սահուն թերթումը։ Այլապես ֆրանսիական օրինագծի նման տասնյակ օրինագծերի ընդունումը կլինի ուղիղ համեմատական Թուրքիայի պետական ժխտողականության աճին եւ 301 հոդվածի կիրառությանը։
Այսպիսով, դատելով վերջին երեք տարիներին գրանցված հաջորդական զարգացումների դինամիկայից, 2012-ին նշված շղթան կարող է տարածվել եւ ընդգրկել նոր երկրներ։ 2012-ը հոբելյանական է բազմաթիվ պետությունների կողմից Հայաստանի անկախության ճանաչման 20-ամյակի տեսանկյունից եւ կարող է դառնալ ոչ միայն սիմվոլիկ, այլեւ իրապես հոբելյանական ձեռնարկումների տարի։ Պետք է օգտագործել պատեհ առիթը եւ հաճույքով դիտել, թե այլեւս ումից են «արդարություն» եւ «անկողմնակալություն» պահանջելու մեր թուրքալեզու հարեւանները։
ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
«Առավոտ» օրաթերթ


















































