Կամ Վռամշապուհի ծախսած ոսկիների «հետեւանքը»՝ ըստ Սուքիաս Թորոսյանի
Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ, նկարիչ եւ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը (Տոտո) հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի եւ Հայ գրատպության 500-ամյակի համատեքստում հանդես կգա անհատական ցուցահանդեսով, որը կրում է «Հայկական տառերի կերպարը» խորագիրը:
Նկարիչն ասում է, որ ցուցահանդեսի վրա շատ է չարչարվել, ու միայնակ է իրականացրել գաղափարը: Հավելում է, որ այն զուտ «գալոչկայի» համար չէ. «Ցանկացած փառատոն, տոն, հրավառություն, որ լինում է, դու պիտի համապատասխան վերաբերմունք ունենաս: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն տարի մի քաղաք Գրքի մայրաքաղաք է հայտարարում, այս տարի Երեւանն է դարձել: Հիմա պիտի հասկանանք, թե ինչո՞ւ հենց Երեւանը: Պիտի առիթից օգտվենք, որ մեր գիրն ու գրականությունը ճանաչելի դառնան, մանավանդ գրատպության 500-ամյա ավանդույթ ունենք»:
Կարդացեք նաև
Սուքիաս Թորոսյանը խոստովանում է, որ տոնի զգացողություն չունի, չի զգում, դրա համար էլ փորձել է սեփական ներդրումն ունենալ. «Ցուցահանդեսն իմ միջոցներով արված միջոցառում է, կարողացա մշակույթի նախարարությանը համոզել, որ գոնե սրահը տրամադրեն, եւ շնորհակալ եմ, որ տրամադրեցին Նկարիչների միությունում: Ամբողջ էքսպոզիցիան մեսրոպատառ գրերի հանդեպ իմ վերաբերմունքն է: Ճիշտն ասած, կուզենայի, որ ամեն նկարիչ մի տառ վերցներ ու իր վերբերմունքը ցույց տար տառի, հայոց այբուբենի հանդեպ, բայց դժվարությամբ էի բացատրում գաղափարս, հետո մտածեցի՝ ավելի լավ է մի անգամ ինքս անեմ, գուցե մյուսներն էլ գայթակղվեն»: Նկարչի ընկալմամբ, օրինակ՝ Ծ, Զ տառերը գունեղ են, լուսավոր, Գ-ն ասես գորգի հյուսվածք է հիշեցնում: Մեր զրուցակիցը կարեւորում է հատկապես Վռամշապուհ արքայի կերպարը՝ որպես մտածող ու պետական գործիչ. «Նա ազգը փրկեց… Ամեն տեղ դու կարող ես փող տալ, բայց ինքը (Վռամշապուհ արքան) նպատակային է տվել: Հայտնի չէ, թե քանի ոսկի է ծախսվել, բայց որ արդյունքն անհամեմատ մեծ է եղել եւ համազգային նշանակություն է ունեցել, փաստ է: Թե չէ՝ սալյուտ-մալյուտն ու տրաքոցը լրիվ ուրիշ բան են: Տվյալ պարագայում Մեսրոպ Մաշտոցն էր իր ժամանակաշրջանի լավագույն գիտնականը, ու նրան տրվեց հայոց այբուբեն ստեղծելու հանձնարարությունը»:
Տոտոն ափսոսում է, որ այսօր լատինական տառերը չափից ավելի ընդունված են Հայաստանում՝ սկսած խանութների ցուցանակներից: Ասում է՝ ճիշտ է, դրանք գեղեցիկ են, բայց հայոց այբուբենն ուղղակի անկրկնելի է. «Բացի նրանից, որ ունենք տառերի սիմվոլիկա ու գաղափարագրեր, ունենք նաեւ էսթետիկական կողմ: Հայոց տառերը միանշանակ վաղ միջնադար են հիշեցնում, որովհետեւ դրանց կամարները արեւելյան շունչ ունեն: Լատինականն էլ սիրուն, դիզայնի մեջ, ուղղակի դրանք կլոր, եռանկյունի եւ քառակուսի ֆորմաներով են»:
Սուքիաս Թորոսյանը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել Թարգմանչաց տոնը Օշականի սահմաններից դուրս բերելու ու համաժողովրդական դարձնելու համար. ուրիշ ժողովուրդներ լինեին, գլուխ կգովեին, որ շատ գործերի բնագրեր չեն պահպանվել, իսկ Հայաստանում եղած թարգմանություններն այսօր բնագրային արժեք ունեն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ




















































