
ԲՀԿ առաջնորդը երկու տարի շարունակ կարողացավ փայլուն կերպով ձգել ինտրիգը՝ այդ ընթացքում, ըստ էության, Հայաստանի բոլոր ներքաղաքական գործընթացները պայմանավորելով իր՝ հաջորդ դասին անելիք հայտարարությամբ։ Նկատենք, որ ԲՀԿ-ին հաջողվեց քաղաքական զարգացումների առանցքը ձեւավորել նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ավելի քան տասն օր ողջ քաղաքական դաշտը, շունչը պահած, սպասում էր՝ արդյոք ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, թե ոչ։ ԲՀԿ-ն չմտավ եւ անցած վեց ամիսների ընթացքում հետեւողականորեն առաջ տարավ սեփական քաղաքական գիծը՝ վերջնական որոշման կայացումը հասցնելով միևչեւ հնարավոր ամենավերջին պահը։ Եվ այսօր էլ ողջ քաղաքական դաշտը, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի հայտարարությանը, որը նա դեռեւս համառորեն ձգձգում է։
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ առնվազն վեց ամիս է՝ Հայաստանում քաղաքական զարգացումներն ունեն բացառապես ԲՀԿ-ակենտրոն ընթացք, ինչն ընդամենը հինգ տարվա պատմություն ունեցող արհեստածին, եւ, ըստ էության, ապագաղափարական քաղաքական կուսակցության համար աննախադեպ մեծ ձեռքբերում է։ Սակայն, ինչպես եւ միշտ, այս դեպքում եւս կա մեդալի հակառակ կողմը, ինտրիգը պետք է ձգձգել մինչեւ որոշակի պահ, բայց եթե այդ պահը բաց է թողնվում, դրանից հետո այն դառնում է պարզապես անհետաքրքիր ինֆորմացիա։ Ներկայում ԲՀԿ-ն կանգնած է հենց այդ պահը կորցնելու վտանգի առջեւ, երբ իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումների ուղղությամբ էլ կրքերն՝ այնքան տեւական ժամանակ եւ այնքան բուռն են քննարկվել, որ ցանկացած որոշման դեպքում էլ հանրության մի ստվար զանգվածի մոտ հիասթափությունն անխուսափելի է լինելու:
«Ժողովուրդ»


















































