Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թարգե՛ք, Սերժ. իմ թագուհին՝ Ալվարդն է այնտեղ գերեզմանոցում պառկած»

Ապրիլ 04,2013 16:45

Սպիտակ կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել էր Սպիտակի գերեզմանատուն եւ իր որդու՝ Կարինի հետ լացել Ալվարդի գերեզմանի մոտ:

Այսօր Սպիտակում զորահավաք-հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսելով Ալվարդի մասին՝ դիմեց կուսակցություններին. « Իմ թագուհին՝ Ալվարդն է այնտեղ գերեզմանոցում պառկած: Թարգե՛ք Սերժ, Գագիկ Ծառուկյան, Դաշնակցություն, ՀԱԿ, Ժառանգություն, էս ի՞նչ աթոռակռիվ եք անում Համամլուում՝ Սպիտակում: Հերի՛ք եղավ թագավոր ախպեր ասեք: Ոչ Գագիկը, ոչ Սերժը, ո՛չ Հրանտը, ո՛չ Րաֆֆին: Ոչ մեկդ թագավոր ախպեր չի: Թագավոր ախպերը մեր օրենքն է, մեր Սահմանադրությունը, մեր երեխան է: Դա՛ է թագավոր ախպերը: Անգամ իշխանական տվյալներով՝ փետրվարի 18-ին սպիտակցին ասաց իր ձայնը»:

Հիշելով երկրաշարժի օրերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես հիշում եմ այդ օրերը՝ մամայի՝ Վարդիթերի հետ եկել եմ: Դեկտեմբերի 11-12-ն էր: Ավելի երիտասարդ էի: Սպիտակ մորուքը  չկար, սեւ էր, սեւ վադալազկան չկար՝ սպիտակ էր, հանեցի այդ սպիտակ սվիտերը այն ստադիոնում, որ դարձել էր գերեզմանոց, չգիտեմ ում տվեցի: Կորչենք բոլորս՝ Րաֆֆի, Սերժ, Գագիկ, Հրանտ, կորչե՛նք: Դուք եւ ես միասին կորչենք, բայց մնա մեր սերունդը, մեր երեխաները, մեր Սպիտակը, մեր ապագան, մեր հարությունը, մեր հայրենիքը: Ապրիլի 9-ին դուք որոշեք, բայց ժողովուրդը միասին է, ուժ է, ասում է, որ սա մեր հայրենիքն է եւ մեզ բաժան-բաժան մի՛ արեք, որովհետեւ սա մեր հայրենիքն  է, մեր հույսի, լույսի, արեւի, բարեւի բանակ է, որ բերելու է հաղթանակ, ոչ թե գերեզմանից գերեզման:

Նա պատմեց, թե ինչպես է կիսվել շենքերից մեկը երկրաշարժին եւ 5-րդ հարկը այդպես կիսված հայտնվել է փողոցում: Նա ասաց, որ դեկտեմբերի կեսերին, երբ եկել է Սպիտակ, տեսել է, թե ոնց է այդ բնակարանի բնակիչն իր վերջին հրաժեշտը տվել. «Սեղանի վրա հաց կար, աղջնակի դպրոցի տետրն էր այդտեղ: Երեկվա տնային աշխատանքն էր: Վերցրեցի: Բանաստեղծություն էր: Դեռ չծնված երեխաների համար ձոն էր իր մեծ քույրիկի կողմից՝ Ալվարդի կողմից: Սերժ, Րաֆֆի, Հրանտ, Գագիկ, թարգե՛ք, թարգեք աթոռակռիվը, թարգեք ձեր սուտ երդմնակալությունը, նայեք էս երեխաների աչքերին: Սա մեր հայրենիքնն է, մեր ազգային միասնությունն է: Թարգեք ձեր սուտ հարստությունը, սուտ երդումը: Դրոշակ համբուրենք միասին, սահման պաշտպանենք, էս երեխաների համար ապագա տանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հռիփսիմե ջան, չեմ ուզում տգետ երևալ, բայց իրոք իմ համար մութ մնաց` Ալվարդը ո՞վ է, և ի՞նչ կապ ունի Րաֆֆու և իր որդու` Կարինի հետ: Որ խնդրեմ, կպարզաբանե՞ք

  2. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Ալվարդը 11 տարեկան աղջիկ է, որը երկրաշարժի զոհ է դարձել: Նրան չեն կարողացել փրկել: Այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը երիտասարդ է եղել, տեսել է դպրոցական Ալվարդի տետրը, շատ է ազդվել: Տետրում, որքան ես գիտեմ եղել է այն բանաստեղծությունը, որը Ալվարդի գերեզմանաքարին է եւ որդին՝ Կարինը տեսանյութում կարդում է.
    Նայիր ուշադիր,
    Կարոտս կառնեք,
    Լռում եմ, չեմ խոսում,
    Ոչինչ, կներեք:

  3. Արշակ Ադամյան says:

    Ես էլ էի ուզում հարցնել Ալվարդի մասին, բայց արդեն տեսա պատասխանը:

  4. Հրանտ Պապիկյան says:

    Ցավոք մեր ազգը շատ ու շատ ցավ է տեսել ու տարել: Բայց ի պատիվ մեզ, մենք մեր խաչը լուռումունջ ենք կրում, մեր ցավը հային վայել ենք տանում, դա ներկայացում չենք սարքում…
    Գորիսում տատիկի ձեռքից “պոլի շորը” վերցնելն ու հատակը լվանալը…, գյուղապետի մահը իր հարազատներից ավելի սգալը…, շիրիմաքարերին հենված հեկեկալը…., սրանք ամերիկյան սրտաճմլիկ փիարային սցենարներ են, նախատեսված պրիմիտիվ ամերիկոսների համար, մշակվում են իրենց իսկ “մասնագետների” կողմից, կամ լավագույն դեպքում “դժվար ապրուստի” Դիանան է գրում…: Ես խորապես կհարգեի այն մարդուն, որը միշտ օգնում է տատիկներին, բոլոր հայրենակիցների հետ ողջագուրվում է, և սեփականի պես սգում է բոլորի վիշտը, եթե այդ անձնավորությունը աներ այդ ամենը պարբերաբար` որպես իր ապրելու ոճ և կենսակերպ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն, այն էլ պարտադիր տեսախցիկների առաջ…
    Հռիփսիմեի մեկնաբանած դեպքը այնքան ծանր բան է, որ ես դրանից հետո չէի ուզում որևէ բան գրել, բայց երեկվանից տեղս չեմ գտնում, ինձ ճնշված ու մի տեսակ վիրավորված եմ զգում: Սա ընտրարշավների, “հաղթարշավների”, “զորահավաքների” և այլ ակցիաներում ներառելու և շահարկելու թեմա չի’… սիրուն չի’…
    Լուռ մնալով, ինձ թվաց ես էլ եմ կեղծավորություն անում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930