«Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հանելը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի իրավասությունների ներքո է, ես ձեռնապահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց, քանի որ չգիտեմ»,- այսօր խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ ԵԽ ընթացակարգի համաձայն՝ պատվիրակությունը պետք է հավասարակշված լինի, արդարացի ներկայացում լինի պատվիրակության կազմում ու պարտադիր չէ, որ դրանում ընդգրկված լինեն ԱԺ բոլոր խմբակցությունները: ԵԽ-ն ունի պատվիրակության ձևավորման մասին պահանջներ, Հայաստանի ԱԺ նախագահը որոշում կայացնելիս այդ պահանջներին խստորեն հետևելու է`վստահեցրեց բանախոսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը՝ խաղատանը 70 մլն եվրո պարտվելու մասին, մեծ աղմուկ էր բարձրացրել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Փոստանջյանը կզրկվի պատվիրակության կազմում լինելուց:
Անդրադառնալով մամուլում եղած այն հրապարակումներին, որ Դավիթ Հարությունյանը կարող էր այնպես անել, որպեսզի Փոստանջյանին հարցի իրավունք չհասներ, բանախոսն ասաց. «Ինձ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ ձայն տվեցիք Զարուհի Փոստանջյանին: Ես ժողովրդավարությունն այդպես եմ հասկանում: Ամեն մարդ մի ձև է հասկանում, Զարուհի Փոստանջյանն այլ ձևով է հասկանում, նա ժողովրդավարությունը հասկանում է այնպես, որ պետք է նման հարց տա: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, ուղղակի արել եմ այն, ինչը թելադրել է մեր երկրի ոգին, ժողովրդավարությունը»:
Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է իր հարցի իրավունքը զիջել Փոստանջյանին: Այս առիթով էլ Հարությունյանը նշեց, որ ամեն պատվիրակություն ունի մշտական ու փոխարինող կազմ, եթե մշտական կազմի անդամները հարց չեն ուղղում կամ ելույթով հանդես չեն գալիս, այդ դեպքում փոխարինում է տեղի ունենում: Ըստ բանախոսի, արհեստական կլիներ, եթե իշխանության ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում հարց ուղղերին Հայաստանի նախագահին: Շատ երկրներ, իհարկե, այդպես վարվում են, սակայն պատշաճ ավանդույթ չէ, սցենար է, իսկ սցենարներին ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում, կարծում է բանախոսը:
Դավիթ Հարությունյանը մանրամասնեց գաղտնիքը, թե ինչպե՞ս է Փոստանջյանին հարցի հնարավորություն հասել. հոկտեմբերի 2-ին հայկական պատվիրակության մշտական կազմից Լևոն Զուրաբյանը, իսկ փոխարինող կազմից Զարուհի Փոստանջյանն են հերթագրվել հարցեր տալու համար: Քանի որ Փոստանջյանն առաջինն է եղել, նա էլ հնչեցրել է իր հարցը:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղում Սերժ Սարգսյանին: «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ նման մեծ աժիոտաժ առաջացրեց այդ հարցը, նախորդ անգամ էլ՝ 2011 թվականին, Զարուհի Փոստանջյանը այլ հարց էր ուղղել, որը թեև ավելի կոռեկտ էր, սակայն ոչ պակաս սուր: Նա 2011 թվականին անգամ պահանջեց, որպեսզի հանրապետության նախագահը լքի երկիրը, ինչն աննախադեպ երևույթ է ԵԽԽՎ-ում»: Նա նշեց, որ խոսքի ազատ արտահայտման իրավունքն ամենակարևոր իրավունքներից մեկն է, բայց չպետք է մոռանալ, որ այն ունի որոշակի սահմանափակումներ:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ որոշ դեպքերում այդ հարցը կարելի է համարել վիրավորական, որոշ դեպքում՝ ոչ: Դա, ըստ նրա, աննախադեպ դեպք էր խորհրդարանական վեհաժողովում: Հարությունյանի խոսքով՝ կան քաղաքական գործիքներ, որոնք ընտրում են նման գործիքներ՝ իրենց քաղաքական գործունեությունն ավելի լայն լուսաբանելու, մեծ համբավ ձեռք բերելու նպատակով: «Ժամանակին պարոն Ժիրինովսկին էր այդպես արտահայտվում: Իմ վերաբերմունքը նման հարցերին բացասական է, ես համարում եմ, որ հարցը պարունակել է վիրավորանք, ամենամեծ հարվածն ստացավ Հայաստանի ընդդիմությունը: ԵԽԽՎ-ում գերակշիռ մասի մտքում ընդդիմության այդպիսի կեցվածքը չէ, որ համարվում է հարիր ժողովրդավար երկրին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































