Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդ կնոջ հաշմանդամության կարգն ապօրինի փոխել են

Հոկտեմբեր 10,2013 13:30 Share

Լիլիթ Նալբանդյանը, որը պայքարում է կարգը վերականգնելու համար, գտնում է, որ ԲՍՓ-ն իր կարգը դիտավորյալ է փոխել, որպեսզի միակ խնամակալ որդուն զինծառայությունից չազատեն:

Հիվանդ մարդու համար բժշկասոցիալական փորձաքննություն (ԲՍՓ) գործակալությունում առողջության վերաբերյալ փորձաքննություն անցնելն եւ հաշմանդամության կարգ ստանալը եւս մեկ սթրես է: Այստեղ հատկապես «զգույշ» ու խտրական են վերաբերվում այն անձանց, ովքեր զորակոչի տարիքի երեխաներ ունեն:

Շատ դեպքերում ԲՍՓ-ն զինծառայող կամ զինակոչ ունեցող որոշ հիվանդներին հասանելիք հաշմանդամության կարգը չի հաստատում ու ավելի թեթեւ կարգ է տալիս՝ զրկելով նման հիվանդներին զինծառայությունից իրենց երեխաներին ազատելու հնարավորությունից:

«Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում այս կառույցի աշխատաոճից, մասնավորապես՝ հենց զորակոչիկ ունեցող հիվանդներից:

2010 թվականին Լիլիթ Նալբանդյանին Մոսկվայում ախտորոշում են տվել՝ վահանաձեւ գեղձի պապիլյար քաղցկեղ՝ պարանոցի աջ հատվածում ախտահարված ավշահանգույցներում մետաստազներով, վիրահատությունից հետո ամբողջովին հեռացվել են վահանաձեւ գեղձն ու ախտահարված ավշահանգույցները: Եվ քանի որ Հայաստանում չկա «ռադիոյոդ թերապիա», տիկին Նալբանդյանը հենց Ռուսաստանում էլ ստացել է բուժման այդ կուրսը, ապա Հայաստանում բժշկասոցիալական փորձաքննություն անցել եւ ստացել հաշմանդամության 2-րդ կարգ՝ 1 տարի ժամկետով: Այս ժամկետը լրանալուց հետո տիկնոջը եւս մեկ անգամ փորձաքննել են, եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Նալբանդյանը, առողջական վիճակն անփոփոխ է եղել, սակայն այս անգամ ԲՍՓ-ն նրան 3-րդ կարգ է տվել: Հետո նորից, 1 տարի հետո նույնկերպ փորձաքննություն անցնելով, տիկին Լիլիթի կարգն անփոփոխ են թողել, մինչդեռ Լիլիթ Նալբանդյանը համոզված է, որ դա միտումնավոր է արվել. «2012 թվականին որդիս զորակոչի տարիքի էր, իսկ իմ առողջական վիճակն այնքան լավ չէր, որ ինձ 3-րդ կարգ տային, իսկ եթե 2-րդ կարգ տային, եւ հաշվի առնելով որ անչափահաս դուստր ունեմ ու խնամակալ չունեմ, տղայիս զինակոչը հնարավոր էր՝ հետաձգվեր: Բայց ես վստահ եմ, որ բանակին զինծառայողների թիվ է հարկավոր լրացնել, ուստի իմ ու ինձ նման շատերի կարգը ճիշտ չեն գրում»:

Մոտ 1 տարի առաջ ԲՍՓ-ում նախագահի վերահսկողական ծառայությունը աղմկահարույց խախտումներ բացահայտեց, ղեկավարն ազատվեց պաշտոնից, սակայն բուն կառույցում գործելաոճը չի փոխվել: Լիլիթ Նալբանդյանի առողջական վիճակն այս տարվա սկզբին կտրուկ վատացել է, դիմել է համապատասխան մասնագետների, հետազոտվել է ու քիմիաթերապիայի  2 կուրս ընդունել: Սրանից հետո տիկինը կրկին դիմել է ԲՍՓ՝ կարգը վերանայելու համար, սակայն այն նորից անփոփոխ են թողել: Երկար պայքարներից հետո այս տարվա օգոստոս ամսին տիկնոջը հաշմանդամության արդեն 2-րդ կարգ են տվել, սակայն սա երկար չի տեւել՝ ընդամենը 1 ամիս հետո ԲՍՓ գործակալությունն առանց տիկնոջ ներկայության ինքնուրույն կարգը փոխել է եւ նորից դարձրել 3-րդ: Սրա պատճառը նորից կապված է պաշտպանության նախարարության հետ: Լիլիթ Նալբանդյանի պատմելով՝ կրկին «ռադիոյոդ թերապիա» ընդունելու համար հիվանդը պետք է մեկնի Ռուսաստան, սակայն, ինչպես տիկինն ասաց՝ սա շատ ծանր բուժում է եւ միայնակ, առանց խնամակալի չի կարող մեկնել. «Ես դիմել էի պաշտպանության նախարարություն, որպեսզի որդուս վաղաժամկետ ազատեն զինծառայությունից, եւ նշել էի, որ միայնակ մայր եմ, աղջիկս անչափահաս է, ոչ ոք չունեմ եւ տղայիս խնամակալության կարիքն ունեմ: Այս ամենը հաշվի առնելով՝ ՊՆ-ն պետք է որ ընդառաջեր ինձ: Բայց ուր որ էր՝ պիտի ՊՆ-ից դրական պատասխան ստանայի, մեկ էլ իմանում եմ, որ բժշկասոցիալական փորձաքննության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Սիմոնյանն առանց ինձ՝ ինքն իրեն որոշել է իմ 2-րդ կարգը 3-րդ դարձնել»: Իսկ քանի որ տիկնոջ կարգն արդեն 3-րդ է, ապա պաշտպանության նախարարությունը հիմքեր չունի Լիլիթ Նալբանդյանի որդուն զինծառայությունից վաղաժամկետ ազատելու: Տիկին Նալբանդյանը պնդում է, որ ԲՍՓ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն օրենք է խախտել, ինչի համար տիկնոջ փաստաբանն արդեն փաստաթղթեր է պատրաստել դատարան դիմելու եւ ԲՍՓ-ի որոշումը բողոքարկելու համար: Ընդ որում, ԲՍՓ-ի ժամանակավոր ղեկավար Անուշ Սիմոնյանը փորձաքննություն անցկացնելու մասին պատշաճ՝ գրավոր չի ծանուցել Լիլիթ Նալբանդյանին, ինչը եւս օրենքի խախտում է:

Ուշագրավն այն է, որ երբ տիկին Նալբանդյանը, իր իսկ պատմելով՝ օգոստոսի 22-ին դիմել է ՊՆ կազմզորահավաքային վարչություն, պետի տեղակալը վստահեցրել է, որ որդուն վաղաժամկետ ազատելու հրամանը սեղանին դրված է. «Ուրախացա, բայց վայրկյան հետո տեղակալն ասաց, որ մի հատ էլ նույն օրով գրություն է ստացել բժշկասոցիալական   փորձաքննությունից, որով կարգս փոխվել է, դարձել՝ 3-րդ. սա նշանակում է՝ վաղաժամկետ զորացրելու հիմքերը վերանում են»:

Լիլիթ Նալբանդյանի պատմելով՝ «Ինձ Սիմոնյանն ասաց՝ ինչո՞ւ չես ասում, որ տղայիդ ուզւում ես բանակից ազատես: Ես էլ ասացի՝ բայց դուք ՊՆ-ի հետ ի՞նչ կապ ունեք, դա ձեր ի՞նչ գործն է: Ախր ես մենակ եմ, վատ եմ, տղաս պետք է հետս գա, որ Ռուսաստանում բուժմանս ընթացքում ինձ խնամի: Թե ինչ նպատակով է այդ կինը նման անօրինականություններ անում՝ երեւի թե պարզ է, երեւի ինչ-որ «ակնկալիք» ուներ ինձանից»:

Վիրահատությունից եւ քիմիաթերապիայից հետո, տիկնոջ ներկայացմամբ՝ մի քանի օրգաններ չեն աշխատում, օր օրի առողջական վիճակը վատանում է, իսկ ԲՍՓ-ն փոխանակ հիվանդներին օգնի, մի բան էլ ավելորդ նյարդային ցնցումների է ենթարկում, իսկ քաղցկեղով հիվանդներին եւ առհասարակ հիվանդ մարդկանց, ինչպես փաստում են բժիշկները՝ սթրեսը հակացուցված է:

«Չգիտեմ, թե ինչ եմ անելու, երբ Ռուսաստանից թերապիայիս նշանակման օրն ասեն, իսկ նման թերապիայի կուրսին մարդիկ ամիսներով են սպասում: Ես հիմա անելանելի վիճակում եմ ԲՍՓ-ի Անուշ Սիմոնյանի պատճառով: Ի դեպ, Անուշ Սիմոնյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի (Վ. Էլոյանը ներկայումս դատական կարգով բողոքարկում է իրեն աշխատանքից ազատելու որոշումը-Ն. Բ.) մայրն է»,- բավականին նեղսրտած ասաց Լիլիթ Նալբանդյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հարգելի խմբագրություն,մի հրապարակեք չստուգված տեղեկատվություն,մի ամբողջ համակարգ եք
    մեղադրում մեկ անձի հայտարարության համաձայն;Խնդրում եմ ստուգեք տեղեկությունը,նոր հրապարակեք,այլապես կնմանվեք դեղին մամուլի

  2. Լիլիթ says:

    Հարգելի խմբագրություն, իսկ որտեղից հարգելի Արամը ենթադրեց, որ տեղեկությունը չստուգված է?

Պատասխանել Լիլիթ

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031