«Ամեն տարի չի կարելի այդպես նշել, հասկացանք քաղաքի տոնն է, կլոր տարիները կարելի է տոնել, բայց հասարակությունը լարված վիճակում է ու ոչ մեկը չի մտածում, թե ինչու է այդքան գումար ծախսում: Ոչ մեկը պատասխան չի տալիս թե ինչու ենք 40 քաղաքապետ հրավիրում, կամ չգիտեմ, ինչ անում: Այդ գումարով ուրախ կլինեի, որ երկու մանկապարտեզ ջեռուցեին այս ձմռանը: Ամենազարհուրելին այն է, որ սովետական շրջանից սկսած մեր շենքերի ճակատները ծակրտած է, այսինքն, ում ինչ պետք էր, գալիս մեխում, գնում էր, հիմա հերիք չի այդ ծակերը, դրան ավելացել է նաեւ սա, իրենց դռելներով գալիս ծակում են շենքերը ու իրենց փալասները կախում երկու օրվա համար: Վաղը չէ մյուս օրն էլ գալու է մի այլ տոնակատարություն, ու դրա հետ մեկտեղ նոր ծակեր… Այսպես չի կարելի, այս բարբարոս վերաբերմունքը պետք է կասեցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, անդրադառնալով Երեւանի 2795-ամյակի հոբելյանական տոնակատարություններին:
Լեւոն Վարդանյանի խոսքով`տոնական ձեւավորումը դա նշանակում է մի քայլ առաջ լինել, գեղեցկացնել եղած միջավայրը, ոչ թե շենքերի ճարտարապետությունը այլանդակել. «Վերցնում են 12 հարկանի շենքերի վրա փալասները կախում են, ոնց որ ուզբեկական տրուսիկներ լինեն: Եթե այդ կերպ իրենք պլան են կատարում, դա ինչ կապ ունի մեր`երեւանցիներիս հետ: Շենքի ճակատներին փալասները փռելը՝ այդ ինչ նոր մշակույթ է: Առաջ, խորհրդային շրջանում կար քաղաքի գլխավոր նկարիչ, մարդիկ նստում արվեստանոցներում, նկարում ահագին գործ էին անում, իսկ այսօր սովորել են, նստում համակարգչով սարքում են, փալասի վրա տպում ու գնացեք… Իրենք էլ քառակուսի մետրով են վարձատրվում ու այդ ամենից հետո բոլոր շենքերը վնասվում են»:
Թե ինչ պետք է արվի, որ շենքերը չփչացվեն, քիչ գումար ծախսվի եւ տոնական տրամադրություն ստեղծվի, Լեւոն Վարդանյանը գտնում է․ «Հատուկ ծրագիր է պետք, լուրջ աշխատանք, թե չէ տպավորություն է, թե քաղաքապետը կանչում, ասում է այսքան գումար ունենք, այսքան փալաս առեք»:
Հարցին էլ`արդյո՞ք այդքան գումար ծախսվում է, որքան, որ ներկայացվում է, Լեւոն Վարդանյանը ասաց. «Ես ճարտարապետ եմ գումարներից տեղյակ չեմ, բայց եթե 200 միլիոն են ծախսում, քաղաքապետը հաշվետվություն տարածեր, թե այս գումարով այսքան մանկապարտեզի, դպրոցի, որբանոցի այսինչ քայլն ենք արել ձմեռնամուտին, ես շատ շնորհակալ կլինեի ու կհասկանայի, որ սա նորմալ քաղաքապետի քայլեր են: Ամեն տարի անմակարդակ թատրոն են սարքում: Երգ, պար, ինչ ուզում են թող անեն, կարեւորը ժողովուրդը ուրախանա, հասկանա, որ իր քաղաքի տոնն է, ոչ թե Վենետիկի քաղաքապետին հրավիրեն, բերեն ուտացնեն-խմացնեն ճանապարհեն, այ սրանից էն գավառային մտածելակերպի հոտն է գալիս»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, որ մեր քաղաքի տոնին նաեւ դրսի աստղեր են հրավիրված, արդյոք սա ճիշտ քայլ է`Լեւոն Վարդանյանը նշեց. «Այն, ով հրավիրում է դրսի աստղերին, այդ կազմակերպիչները նրանք ոչ կրթություն ունեն, ոչ էլ հասկանում են մեր քաղաքն ու մշակույթը ինչ բան է, սա իրենց համար հերթական ռեստորանային քեֆ է: Մտածելակերպի խնդիր է, որը ցույց է տալիս, որ քաղաքը չեն սիրում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ



















































Իմ շատ սիրելի հին ընկեր Լեվոն, այս հոդվածը դեռ չկարդացած նայում էի նկարիդ ու կամաց կամաց տարիների թողած շղարշը վերացավ ու քեզ միայն հատուկ ժպիտդ ինձ «ասաց, հա ես Լեվոնն եմ…» :
Լեվոն հպարտ եմ որ մեր մշակույթի պաշտպանի դիրքերում ես մնացել, ինչպէս որ էիր մեր երիտասարդ տարիներին:
Դե ինձ էլ Ջոն էին կոչում, կարծում էմ ինձ էլ կմատնի քիթս: