Շարունակում եմ զարմանալ, թե ինչպես են աշխարհում եւ Հայաստանում ծայրահեղ դիրքորոշում ունեցող ուժերը իրար հետ «պասերով խաղում»: Նրանք գուցեեւ չեն պայմանավորվում, բայց նրանց պարզապես ձեռնտու է տարբեր կողմերից խնդիրը «բզբզելը»՝ այսպիսով ինչ-որ տեղ ինչ-որ դիվիդենդներ ստանալու համար: Նրանք շահագրգռված են, որ աշխարհում եւ առանձին վերցրած երկրներում խաղաղություն, հաշտություն չլինի, որովհետեւ նրանց «բիզնեսը» կռիվն է, հակադրությունը, պատերազմը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիլիան Ռիդնիգը հայտարարել է, որ չի մեկնելու Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին, որովհետեւ Ռուսաստանում խախտում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Ավելի լավ նվեր, «պաս» ռուսաստանյան հոմոֆոբներին, ծայրահեղ ազգայնականներին, կեղծ, իբր ուղղափառ բարեպաշտներին դժվար է մատուցել: Որովհետեւ այդպիսով ընդունվում է, որ խնդիրը գոյություն ունի, որ այն գրեթե տիեզերական նշանակություն է ձեռք բերել: Հետեւաբար թե՛ «ավանդական արժեքների պաշտպանների» եւ թե՛ «Արեւմուտքում մտահոգվածների» բուռն գործունեությունն արդարացված է: Գուցե հենց դա՞ է երկու կողմերի նպատակը:
Ռուսաստանն, իհարկե, դեմոկրատական երկիր չէ, այնտեղ ամեն քայլափոխի խախտվում են մարդու իրավունքները, եւ այդ առումով Արեւմուտքի քննադատությունը տեղին է: Սակայն Օլիմպիական խաղերը, որոնք, ըստ մտահղացման, պետք է նախեւառաջ խորհրդանշեն աշխարհի ժողովուրդների միասնականությունը, լավագույն տեղը չեն, որտեղ պետք է հակադրություն փնտրել: Իսկ եվրոպական եւ ամերիկյան գործիչները հենց դա են անում՝ խոսելով բոյկոտի մասին: Որովհետեւ հակառակ կողմից սկսվելու է նույն քարոզչությունը, հաջորդ Օլիմպիադայի բոյկոտի կոչերը, իսկ դրանից տուժելու են բոլոր՝ դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական երկրների ժողովուրդները, առաջին հերթին՝ մարզիկները:
Չէի ուզենա, որ ամեն ինչ գնար դեպի 80-ական թվականների իրավիճակը, երբ Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները նույն «պասերով» խաղն էին խաղում: Չէի ուզենա, որ «սառը» պատերազմ թեկուզ մի քիչ հիշեցնող իրադարձություններ լինեին, որովհետեւ այդ անհեթեթ մրցավազքի ակամա թատերաբեմ կդառնան նաեւ մեզ նման երկրները: Բայց չէի ուզենա նաեւ այն պատճառով, որ այդ անիմաստ մրցավազքում, ինչպես ասում են, hաղթողներ չեն լինի: ԱՄՆ-ը իր դաշնակիցներով բոյկոտեց 1980 թվականի մոսկովյան Օլիմպիադան՝ «պաս տալով» Խորհրդային Միությանը, որն իր դաշնակիցներով չորս տարի անց բոյկոտեց Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը: Իմա՞ստը:
Կարդացեք նաև
Այսօր, բարեբախտաբար, Օլիմպիական խաղերը բոյկոտելն արգելված է՝ ով որ նման բան ձեռնարկի, այդ երկրի թիմը կարող է զրվել հաջորդ մեկ կամ նույնիսկ երկու Օլիմպիադաներին մասնակցելուց: Բայց խոսել բոյկոտի մասին՝ ոչ մեկին չի արգելվում: Էլի լավ «պաս» է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ցավալին այն է, որ եվրոպական պաշտոնյաներին, այդ թվում և Վիլիան Ռիդնիգին, ոչ միասեռականների, ոչ էլ առհասարակ մարդու իրավունքներն են հուզում: Նույն Բրազիլիայում կան մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ, բայց ոչ ոքի մտքով Արևմուտքում դեռ չի անցնում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտել: Պատկերն ավելի տխուր էր Հարավային Աֆրիկայում, բայց բոլորը մեծ շուքով տոնեցին աֆրիկյան մայրցամաքում առաջնությունը: Հակառակ դեպքում նրանց ռասիստներ կանվաներին: Սա ընդամենը ոչ դաշնակից երկրի, այս դեպքում Ռուսաստանի վրա, որն իրենց ՛դուդուկի տակ չի պարում՛, ճնշում գործադրելու փորձ է: Ընդունված պրակտիկա է մեր օրերում կրկնակի ստանդարտներով առաջնորդվելը: