Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի շատ գյուղերում քլորազուրկ, վտանգավոր ջուր են խմում

Հունիս 13,2014 14:35

Գյուղապետերը խնդրում են ցույց տալ, թե որտեղ է քլոր վաճառվում

Նախորդ օրը Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ գյուղացիներին տարիներ շարունակ հուզող այս թեման մեկ անգամ եւս արծարծվեց առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Կարինե Թաիրյանի կողմից: Տիկինը, խոսելով գյուղերում ջրի վարակազերծման համակարգերի բացակայության մասին, ասաց. «Իհարկե, գյուղապետերի կողմից պատճառաբանվում է ֆինանսների բացակայությունը, սակայն կան հարցեր ջրամատակարարման հետ կապված, որտեղ ֆինանսը այդքան դեր չունի: Կոնկրետ դա վերաբերում է ինչ-որ քլորով վարակազերծմանը, որը որոշ համայնքներում, իհարկե, կատարվում է, սակայն էլի մեծ բացթողումներով, որովհետեւ ամիսը մեկ են փոխվում պարկուճները, որոնք կարծես ոչ մի օգուտ չեն տալիս, եւ այս բոլոր թերությունները ի հայտ են գալիս ինչպես մեր վիզուալ ստուգումների, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքներում: Մի փոքր թիվ ասեմ, որ արդեն պարզ լինի. Արթիկի տարածաշրջանի բոլոր համայնքային ջրամատակարարման հետազոտությունները. կատարվել է 115 նմուշի հետազոտություն, 115-ում էլ շեղումներ են հայտնաբերվել, կարծես թե ազգաբնակչությունը կոտորակային իմունիտետ է ձեռք բերել, սակայն դեպքը լինում է մեկ անգամ»,- նախազգուշացրեց Կարինե Թաիրյանը: Նա նաեւ նեղվեց, որ գյուղապետերը վթարներից հետո իր կառույցին տեղյակ չեն պահում, որպեսզի կարողանան գոնե հետազոտել ջուրը: Կարինե Թաիրյանը նաեւ նշեց, որ ջրառները չունեն պաշտպանական գոտիներ, եւ թե ընտանի կենդանիները, թե թափառող կենդանիները մարդկանց հետ հավասար նույն տեղից են ջուր խմում: «Իսկ դուք գիտե՞ք, որ դրանք վտանգ են ներկայացնում՝ որպես ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցողներ: Բացի դրանից, անպայման կցանկանայի նշել համայնքային ջրամատակարարման մեջ տեղ գտած թերությունները, որ ոչ մի համայնքում մասնագիտական մոտեցում չկա, ոչ մի համայնքում չկա հրամանագրված աշխատող, որովհետեւ ըստ ՀՀ գործող սանիտարական կարգերի ու նորմերի՝ պետք է ջրի հետ աշխատի, ջուրը պետք է մշակի ու պատրաստի միայն մասնագիտական կրթություն ունեցող անձը: Ես բազմիցս ասել եմ, որ մեզ հետ կապ ունենա, մենք կօգնենք տեղեկատվական, խորհրդատվական հարցերում, եւ քանի որ չկա հրամանագրված մասնագետ համայնքում, բնականաբար՝ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, իսկ ջուրը, գիտեք, ամենավտանգավոր գործոնն է, որը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ»,- նախազգուշացրեց ոլորտի պաշտոնյան:
Տիկնոջ ելույթը բավական վրդովեցրեց գյուղապետերին, հատկապես նրանց, ովքեր որտեղից պատահի՝ գյուղի համար ջուր են ճարում, որպեսզի գոնե յոլա գնան ու ծարավից չխեղդվեն: Նրանցից մեկը ոտքի կանգնեց ու իր հարցը ուղղեց Շիրակի մարզպետին. «Հարգելի մարզպետ, միգուցե հուշեի՞ք, թե որտեղից քլոր ճարենք, թող մեկը վաճառի, գանք, առնենք»:

Այս թեմային բավական ցավոտ արձագանքեց Շիրակի գեներալ մարզպետը` ավելի սրությամբ ներկայացնելով խմելու ջրի վիճակը: «Ջրերի հետ կապված հարցը շատ լուրջ է, Արթիկի հետ կապված ինչ որ ասացիք՝ լրիվ համաձայն եմ: Արթիկի խմելու ջրի հետ կապված պրոբլեմը դարեր շարունակ է, եթե չասեմ` չի լուծվում, միշտ եղել է նույն բանը: Ճիշտ ասացիք, որ հավանաբար իմունիտետ են ձեռք բերել արթիկցիները: Ձայն չեն հանում, եթե բան չասես, իրենք ոչ մի բան էլ չեն ասի… Մենք էստեղ անընդհատ էդ հարցով զբաղվում ենք, անընդհատ, դա պրոբլեմ է դարձել մեզ համար, ուրեմն տեսեք՝ ինչ է. շատ բարդ պրոցես է, եթե դուք ասում եք՝ գյուղապետերը պատճառաբանում են ֆինանսը, նրանց պատճառաբանությունը զուտ պատճառաբանություն չէ, իրականում էդ մարդիկ չունեն ֆինանսական միջոցներ, եւ էսօր մենք գնում ենք էն բանին, որ ջրերի կառավարումը հանձնենք այն կառույցին, որը մասնագիտացված կառույց է, որից հետո կարողանանք պահանջել, հակառակ դեպքում համայնքները չեն կարող վերահսկել իրավիճակը»,- ասաց մարզպետը: Սակայն վերջինս իր հերթին գյուղապետերին նկատողություն արեց անասուններին մարդկանց խմելու ջրի վրա արածեցնելու համար: «Կան խնդիրներ, որոնք գյուղապետերի ուժերի սահմաններում են, ուրեմն տեսեք՝ գնում ենք Արթիկ, բարձրանում ենք ջրի ակունքը, կանգնած է Մեծ Մանթաշի համայնքապետը, կանգնած է Փոքր Մանթաշի համայնքապետը, երկու նախիր անասուն ջիր վրա են արածում, էն ջրի, որոնք իրենք էլ են խմելու: Մեծ Մանթաշի գյուղապետն ասաց` սա Փոքր Մանթաշի նախիրն է, Փոքրինը ասաց` Մեծինն է, ես կանգնած լսել եմ, երկուսն էլ գիտեն` ով է նախրապան, բայց չեն գնում, պագոնները վրաներից թափվում են, որ հասնեն նախրապանի տուն ու ասեն՝ այ տղա, նախիրդ մի տար մեր ջրի վրա»,- զայրացավ մարզպետը:

Հավելենք, որ Արթիկի տարածաշրջանի գյուղերում տարիներ շարունակ ճիճվախառն ջուր են խմում, թունավորման դեպքերը հատ-հատ լուսաբանում ենք, սակայն կառավարությունը այդպես էլ ցավակցողի կարգավիճակից գործ անողի չի վերածվում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30