«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-12-ը Երևանի պետական համալսարանում իրականացվել է «Հայ-գերմանական ժուռնալիստական դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Tageszeitung (taz.de) օրաթերթի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելը:
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հ/կ նախագահ Արման Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում նմանատիպ սեմինար-քննարկում ունենալու գաղափարն իր մեջ առաջացել է անցած տարի, երբ հնարավորություն է ունեցել Բեռլինում մասնակցելու Tageszeitung-ի կողմից կազմակերպված մի սեմինարի. «Ես ուզում էի, որ ինձ ընձեռված հնարավորությունից ունենան նաև մեր երիտասարդ լրագրողները և կարողանան օգտվել այն գիտելիքներից, որոնք նրանց կարող են տալ գերմանացի մասնագետները: Այսպիսով՝ Հայաստանում կազմակերպվեց հնգօրյա դասընթաց, որը, կարծում եմ, փորձի փոխանակման առումով շատ լավ հնարավորություն էր մեր երիտասարդ լրագրողների ու դասախոսների համար»,- ասաց Ա. Ղազարյանը:
Բարբարա Օերթելն էլ, կարևորելով նմանատիպ սեմինար-քննարկումների պարբերաբար անցկացումը, խոստովանեց, որ հաճելիորեն զարմացած է դասընթացին մասնակցած հայ երիտասարդների ակտիվությունից: «Շատ հաճելի էր միանգամից այդքան շատ հետաքրքրասեր երիտասարդների տեսնելը, ես նույնիսկ զարմացել էի հարցերի տարափից,- ասում է նա,- պետք է խոստովանեմ, որ չնայած նրանք ուսանողներ էին, բայց ես էլ նրանցից շատ բաներ սովորեցի: Նրանք կարողանում են հետաքրքիր քննարկում անցկացնել, կարողանում են հետաքրքիր հարցեր տալ, և ես համոզվեցի, որ այստեղ մեծ ներուժ կա, որը կարելի է և պետք է օգտագործել»:
Tageszeitung (taz.de) օրաթերթի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիրը դժվարանում է համեմատել իր և մեր երկրի լրագրությունը: Սեմինար-քննարկման ժամանակ նրան զարմացրել է հարցը, թե Tageszeitung-ը արդյոք պետակա՞ն, թե՞ ընդդիմադիր թերթ է: «Ես զարմացա, որովհետև մեզանում այդպիսի հասկացություններ չկան,- ասում է նա,- բայց, մյուս կողմից էլ, հետաքրքիր էր տեսնել այնպիսի խնդիրներ, որոնք գրեթե ամենուր են: Կարևորն այն է, թե ինչպես կարելի է հարթել դրանք: Ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին պիտի աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ խնդիրներն ամեն տեղ մեծամասամբ նույնն են: Եթե, օրինակ, ինձ հարցնեն՝ Գերմանիայում կա՞ խոսքի ազատություն, ես կպատասխանեմ՝ այո, հիմնականում կա: Բայց պիտի հասկանանք, որ դա այն չափը չէ, որ կարողանաս հանգիստ, ձեռքերդ ծալած նստել: Պետք է շարունակ պայքարես, թեկուզ նրա համար, որ կարողանաս այդ ազատությունը պահպանել յուրաքանչյուր օր: Այնպես որ, մարտահրավերները շատ են, ու դրանց դիմակայել է պետք»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


















































