Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել սեփական գլխի տերը

Մայիս 16,2015 09:54

Այն, ինչ վերջերս Թբիլիսիում ասել է մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Եթե դու գործարար ես, ապա պետք է ամեն օր նոր բան իմանաս քո բիզնեսի մասին, լինես իրադարձությունների կենտրոնում, չվախենաս լքել քո հարմարավետության գոտին, չվախենաս ընկնել եւ կրկին ոտքի կանգնել: Սա է հաջողության բանաձեւը ոչ միայն գործարարի դեպքում: «Առավոտը» հենց այս` «հաղթող» հոգեբանությունը հաշվի առնելով՝ փնտրում է Հայաստանում մարդկանց, ի թիվս այլոց՝ գործարարների, որոնք կբացահայտեն ընթերցողների առջեւ իրենց հաջողության բանաձեւը: Օլիգարխները մեզ, բնականաբար, չեն հետաքրքրում, որովհետեւ նրանց հաջողությունները ուղղակիորեն կախված են պետական պաշտոնյաների բարեհաճությունից:

Մեզ հետաքրքիր է մանր բիզնեսով զբաղվողը, ասենք՝ հացի փռի սեփականատերը, որը կասի. «Ես հասել եմ ա՛յս   հաջողությունների, որոնց համար պարտական եմ միայն ինձ, ես ունեմ ա՛յս խնդիրները, որոնք առաջացել են իմ թերացումների պատճառով, եւ անում եմ ա՛յս քայլերը, որպեսզի իմ խնդիրները լուծեմ»: Այդպիսի մարդկանց Հայաստանում գտնելը, ինչպես հասկանում եք, ավելի դժվար է, քան հանդիպել հերթական բողոքողներին եւ դժգոհողներին, որոնք իրենց դժվարությունների համար կմեղադրեն ում ուզես, բայց՝ ոչ իրենց:

Իհարկե, բացի «նվնվալու ազգային սովորությունից», այստեղ կան օբյեկտիվ պատճառներ: Նախ՝  այդ տեսակի գործարարներին պետք է հանգիստ թողնել՝ հրաժարվելով «բյուջեն լցնելու» հոգեբանությունից: Բյուջեի չնչին կորուստները անհամեմատելի են այն վնասի հետ, որը կրում է մանր բիզնեսը՝ հարկայինի «գիշատիչների»  կողմից խեղդվելով: Իսկ վարձու աշխատողներ չունեցող բիզնեսը պետք է ընդհանրապես ազատվի հարկերից: Թող մարդիկ իրենց գլուխը պահեն:

Երկրորդ՝ հայաստանյան եւ ռուսահայ օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց «մոլաշինական» մոլուցքից, կամ էլ պետությունը պետք է դա արգելի: Դա, իմ կարծիքով, յուրահատուկ մրցավազք է դարձել. առաջ մրցում էին, թե ով է առաջինը Երեւանում «Մայբախ» քշելու, կամ ով է ավելի շատ եւ ավելի հաստ վզով թիկնապահ ունենալու, հիմա մրցում են, թե ով է ավելի շատ եւ ավելի մեծ «մոլ» կառուցելու: Ամեն մի «մոլի» պատճառով փակվում է տասնյակ կրպակ կամ փոքր խանութ:

Դուք կասեք, որ «մոլը» նույնպես ստեղծում է մի քանի տասնյակ աշխատատեղ: Այդպես է: Բայց այստեղ կա մի նրբություն: Երբ դու աշխատում ես «մոլում» կամ թեկուզ տոնավաճառում, դու կախում ունես դրա սեփականատիրոջից, դու դողում ես քո տեղի համար եւ չես կարող նորմալ քաղաքացի լինել: Երբ դու ազատ, թեկուզ փոքր  սեփականատեր ես, դու ինքդ ես քո առջեւ նպատակներ դնում, ինքդ ես ստեղծագործական նախաձեռնություն ցուցաբերում եւ կարող ես դրսեւորվել որպես քաղաքացի: Դա ցանկացած ժողովրդավարության հիմքն է:

Ընդհանրապես ամեն մի մարդ (ի դեպ, նաեւ ազգ) կանգնած է ընտրության առաջ՝ իրականացնել սեփական նպատակները կամ ծառայել ուրիշի նպատակին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Ruben says:

    Բացի ինքնակոչ (կեղծ, ուրիշի նպատակին ծառայող) «հայերի» «նվնվալու ազգային սովորությունից», է՞լ ինչ ազգային սովորություններ կան:

    • Սահակ Սաֆարյան says:

      Պարոն Աբրահամյան, վստահորեն չեմ կարող ասել, թե ինչքանով հաջողված բիզնեսմեն եմ, բայց հաստատ Ձեր ասած հազվագյուտ մարդկանցից եմ, որը կարող է վստահորեն ասել՝ սկսել եմ զրոյից: Արդեն 17 տարի է ինչ հայկական շուկայում ունեմ իմ ուրույն տեղը, չափավոր համեստ, բայց առայժմ՝ հաստատուն: Իսկ ինչու առայժմ, որովհետև մեր երկրում, ցավոք համակարգը այնպես է ստեղծված, որ բոլոր շատ թե քիչ, ինչ որ գործունեությամբ զբաղվող մարդիկ ունենում են խոցելի տեղ: Իսկ այդ ,, աքիլեսյան գարշապարի,, մասին լավ գիտեն համակարգը ստեղծողները:Պետք է հարմարվես, դա է իրականությունը: Բազմաթիվ ըմբոստացումներս ոչինչ չտվեցին: Գլխովդ գրանիտե պատին ոչինչ անել չես կարող: Մեծ Սևակի ասած՝ կպակասի մի լավ գլուխ: Իսկ եթե ունես մի քիչ հպարտություն և արժանապատվություն, ուրեմն կա մի սահման, որից անցնելը գրեթե անհնար է: Ինձ հստակորեն հասկացրեցին՝ եթե եկամուտդ մինչև տասը հազար դոլար է հասնում, ուրեմն մի քանի ,,մանր-մունր,, կաշառքներ տալով յոլա կգնաս, բայց եթե այդ թիվը անցավ, ուրեմն իմացիր, կամ պետք է ,, կրիշա,, ունենաս, կամ պետք է հետդ վերևներից փայ ունենան: Այսքանից հետո , կարծում եմ, ամեն ինչ ասված է: Նվնվացողներին ես էլ չեմ ընդունում, բայց դե զավեշտն էլ չափ ունի: Հենց դրա համար էլ դժվար եք գտնում ինքնուրույն կերպով մեծ հաջողությունների հասած գործարարների: Թերացումներ, բնականաբար շատ եմ ունեցել, բայց իմ որոշակի հաջողություներին,որից ի դեպ գոհ եմ, հասել եմ հիմնականում ազնվորեն ու նվիրումով աշխատանքիս շնորհիվ: Բա ինչերի կհասնեի, եթե ,, վերևներից,, չխանգարեին: Խոսքս բնավ չի վերաբերվում պետական հարկերին: Գործունեությունս չեմ նշում ՝ ինձ չգովազդելու համար, բայց այն կարող է վերաբերվել ցանկացած փոքր ու միջին բիզնեսի: Այսպիսի, շատ-շատ իմ սիրելի, Հայաստան…

      • Հ.Շ. says:

        Յարգելի Սահակ,

        Երկիրը, վեց դար անհետացումից եւ ապա եօթանասուն տարի խորհրդային կարգերից ետք, յանկարծ եւ յանկարծակի կերպով բացուեցաւ «ազատ շուկայի» համակարգի:

        Դժբախտաբար, բնական է ուրեմն, նորմալ է որ, ընթացիկ հանգրուանին, այդ համակարգում տիրէ եւ իշխէ «ջունգլի օրէնքը»: Այլ խօսքով՝ առեւտրական գազանութիւնը: Մեծը ուտում է փոքրին, մինչեւ որ աւելի մեծը գայ ու զինք ալ ուտի, եւ այսպէս յաջորդաբար… Խիղճը, գութն ու մինբեւ անգամ մարդկութիւնը՝ հեռու են այդ աշխարհից:

        Լաւ հասկանանք, ամէն դէպքում, աշխարհի որեւէ մէկ տեղ, «ազատ շուկան» միշտ հակում ունի, որոշ չափով, սայթաքելու դէպի «ջունգլի օրէնքը»:

        Սակայն պարզ է թէ չափը անցած է, Հայաստանի/Արցախի պարագային: Պարզապէս՝ չափ չկայ իսկ…

        Սակայն անհնար է որ կացութիւնը մնայ այսպէս:

        Պարզ է թէ անցումային ժամանակշրջան է այս:

        Որի ընթացքում սակայն, դժբախտաբար, ատակ, պարկեշտ եւ պատուավոր առեւտրականների – քո – սերունդը շատ անարդար վիճակ է ապրելու:

        Աստուած համբերութիւն տայ…

        Դիմացէք միայն, ի սէր գալիք սերունդին:

        Զօրակցաբար,

        Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

        Յ.Գ. Ես քսանվեց տարիներէ ի վեր, առեւտրական բնագաւառում, գործօն իրաւաբան եմ Արտասահմանում: Անվերջ Հայաստան/Արցախ եմ այցելում, բարեսիրական/ազգասիրական – անհատական/ընտանեկան նախաձեռնութեամբ եւ գործադրութեամբ– առաքելութեամբ:
        cf. https://www.shoushisummercamp.org/

        Մտքիցս երբեք չի անցել անգամ, մի դրամով իսկ, որեւէ «գործ անել» Մայր Հայրենիքում: Եւ դժբախտաբար ստիպուած եմ նոյն զգուշութիւնը խրատել եւ թելադրել շրջապատիս, յաճախորդներիս: Ցնոր տնօրինութիւն…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հաճելի է շփվել, թեկուզ վիրտուալ, Ձեր նման մարդկանց հետ:

        • Հ.Շ. says:

          Զգացումը փոխադարձ է, սիրելի Արամ:
          (Բարեբախտաբար, Համացանցը ունի նաեւ մի լուսաւոր երես…)

          Իսկ մի բան ել աւելացնեմ, վկայութիւնը ամբողջացնելու համար՝ պատահում է որ մարդիկ ասեն ինձ թէ սխալ եմ անում, նոյնիսկ անխելքութիւն եմ անում, «չօգտուելով» իմ մնայուն եւ աշխոյժ կապերիցս Մայր Հայրենիքի հետ, մերժելով այդտեղ երբեւիցէ գործ անել: Ասում են՝ ընտանիքիդ հետ, ընկերների եւ բարեկամների աջակցութեամբ, տարիներէ ի վեր կատարում ես բարեսիրական-ազգասիրական աշխատանք, շատ բարի, սակայն անոր կողքին, ինչո՞ւ չանես նաեւ գործ, «գործ-գործ», առեւտրական կամ քո ազատական ասպարէզին վերաբերեալ գործ – կամ ուղղակիօրէն կամ որպէս միջնորդ -, եւ այլն. Իրաւացիօրէն նշում են նաեւ թէ, անձնական շահի կողքին, այդ ել օժանդակելու կարեւոր միջոց է Հայրենիքի կերտման, տնսեսական առաջխաղացքին, ընդհանուր վերելքին:

          Անոնց իմ պատասխանը միշտ եղել է հետեւեալը՝ թէ որ այդ տեսակի գործ անեմ, հիմնականօրէն զիս վախեցնողը այն չէ թէ կարող եմ փող կորսնցնել: Այդ ռիսկը չի, խնդիրը: Որեւէ գործում, որեւէ երկրում, կարելի է փող կորսնցնել… Կարելի է նոյնիսկ մտածել թէ, Հայրենիքում այդպէս կորսուած փողը լիովին կորսուած չի, քանի որ գոնէ մտնում է Հայրենիք, մի կերպ՝ նպաստում է անոր…

          Խնդիրը այն է որ, Հայրենիքում այժմ տիրող վատ եւ անվայել բարքերի պատճառով, գործի մէջ փող կորսնցնելը, միայն նիւթական կորուստ չի լինելու, գործի սովորական ձախողութիւն չի: Այնտեղ կայ նաեւ եւ մանաւանդ բարոյական վնաս, հոգեկան խոր վիրաւորանք: Ուզում ես գործ անել հայրենի հողի վրայ, նաեւ նպաստելու համար երկրի տնտսեսութեան, եւ քեզ խաբում են, գողանում են քո փողը… Թէ օտարը քեզ խաբում է, ոչինչ, բայց որ հա՛յը քեզ խաբի, այդ ել Մայր Հայրենիքում… Այս պարագային, միայն փողը չէ որ կորսնցնելու եմ, այս պարագայում փողը ինքին կարեւոր չի, երկրորդական է… Կարող է սակայն որ այդ պատճառով, այդ ծանր վիրաւորանքի պատճառով, վնաս կրէ իմ հայրենասիրութիւնը, կորսնցնեմ յանկարծ իմ սէրը՝ Մայր Հայրենիքի նկատմամբ: Այս կորուստի ռիսկն է որ չեմ կարող դիմագրաւել:

          Նորածին է երկիրը, տակաւին հազիւ ոտքի է կանգնում, իր զարգացման հազիւ առաջին քայլերն է առնում… Առաջին հերթին՝ հոգածութեան պէտք ունի ան… Խնամքի եւ գուրգուրանքի:

          Օրը գալու է, որ ամեն բան մի քիչ աւելի նորմալ դառնայ: Անկասկած: Ժամանակի հարց է միայն:

          Իսկ մինչ այդ, կացութիւնը պարզ է : Արտասահմանի հայերի համար՝ պէտք է միայն տալ, տալ ու ծառայել Մայր Հայրենիքին, սերտ եւ իսկական կապեր մշակել անոր հետ, նշմարել եւ գնահատել անոր արժանիքները, հանդուրժել թերութիւնները: Իսկ Հայաստանաբնակ հայերի համար, հիմնականօրէն, պէտք է… տոկալ, դիմանալ: Եւ ամէն ու ամէն բան սեւ, վատ, մութ, մռայլ ու կեղտոտ չտեսնել: Որովհետեւ ամէն բան այդպէս չէ:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Սահակ, նախ ուզում եմ ողջունել Ձեզ հայրենի երկրի վրա ձեռներեցությամբ զբաղվելու համար: Պիտի ասեմ որ թերեվս ամենուր աշխարհում երեվի հեշտ չէ փոքր գործ ստեղծելը եվ այն առաջ տանելը, նույնիսկ այնպիսի «բիզնեսի» երկրում ինչպիսին է Աերիկան է: Ես էլ երբ նոր էի եկել ԱՄՆ, արդեմ մի գրասենյակում բախտս բերել էր աշխատում էի, երբ ընկերոջս հետ որոշեցինք էստղի «ամենատարածված» փոքր գործը սկսենք «հոթ դոգի» վաճառքը…: Ընկերս պիտի վաճառեր, ես էլ պիտի ապահովեի ապրանքների գնումների, տրանսպորտի միջոցների…: Վաճառատեղը Ամերիկայի ամենամեծ բեռնատեղափոխման Լոնգ Բիչի նավահանգստում էր, ուր հարյուրավոր բեռմատար մեքենաներ…: Իհարկե մեր գործը այնքան շահաբեր չէր եվ ընկերս շուտով դուրս եկավ եվ ես ուրիշների հետ մի փոքր դիմացա…մինչեվ ինձ մի օր մի «մրցակից» Վիետնամի վետերան, դատի տվեց … որ մենք անորենք ձեվով հալած պանիր եվ չիլի էինք օգտագործել…չնայած դատավորին ներկայացրինք ստուգող դիսպանսերի փաստաթուղթը,որ 6 ամիսը մեկ ստուգվել էինք, դատավորն ասեց որ ինքը կմտածի ու հետո…: Մեկ ամսից ես ստացա նամակ որ պիտի վճարեմ չորս ու կես հազար «տանձի կորիզ» վիետնամի վետերանին… Իհարկե գործը չստացվեց… սակայն ես շատ բան սովորեցի այդ մի քանի տարիներին եվ շուկայական հարաբերությունների, եվ պետական հիմնարկների կամայականությունների, եվ որ դու ինքդ էս պատասխանատու քո քայլերի համար… (մի վանեցի տարիքով հարեվանուհի ունեինք Աջափնյակում ապրելիս, որ սիրում էր կրկնել «Հրաշք երկիր Ամերքյա…հեռվից իհարկե հրաշք է թվում): Էնպես որ ես համաձայն եմ Հայդուկի հետ որ ինչքան էլ դժվար է , այնուամենայնիվ միայն այդպես կլինի ծաղկեցնել մեր Հայաստանը…

  2. Հ.Շ. says:

    Հիմա ել, իսկապէս տպաւորուած եմ որ խորհրդային ժամանակները ապրած մի մտաւորական կարող է այս աստիճան ըմբռնել – եւ լաւապէս բացատրել – անհատական նախաձեռնութեան, անհատական պատասխանատւութեան , անձնական ճակատագրի անձնական տնօրինման միտքերը, մօտեցումն ու սկզբունքները: Որոնցմէ իրոք կախեալ է Մայր Հայրենիքի փրկութիւնը:

    Իսկ օլիգարխների ժամանակը անպայման անցնելու է: Անպայման: Անհետանալու են, հաստատ: Ոնց որ դինոզավրերը:

    Այն ժամանակ, կարելի կը դառնայ նաեւ աշխատիլ ուրիշի համար, որովհետեւ այդ ուրիշը ենթարկուած կ’ըլլայ – յօժարակամ կամ հարկադրաբար, սակայն առանց փախուստի -, իսկական եւ գործադրուող օրէնքների որոնք կը պաշտպանեն աշխատաւորին տարրական իրաւունքները:

    Մինչ այդ, սակայն, անդադար ու անվերջ գանգատող եւ բողոքող, հիւանդագինօրէն անհանդարտ եւ անհանգիստ, տեւապէս աղմկոտ, պոռչտացող, լացկան, լալկան եւ յաւերժապէս դժբախտ եւ դժգոհ անձիքը նոյնքան վնասակար են, որքան օլիգարխներ: Նոյնիսկ՝ աւելի, քանզի վերջիններս, գոնէ, մի բան արտադրում են…

  3. Աբո says:

    Մարդիկ տարբեր են:Բոլորը չեն կարող բիզնեսով զբաղվել:Դրա համար պետք է գոնե տարական՝ տնտեսական գիտելիքներ ունենալ:Հակառակ դեպքում մարդիկ գրավ են դնում իրենց տները, 20-25 տոկոսով վարկեր են վերցնում,փորձում են բիզնեսով զբաղվել,բայց տակ են տալիս և կորցնում ամեն ինչ:
    Կան մարդիկ,որոնք ընթունակ են (ցույց տուր ինչ է պետք անել, և նրանք քեզնից էլ լավ կանեն այդ պրոցեսը),բայց նրանք չունեն բիզնեսով զբաղվելու ունակություն:Նրանց համար պետք է,որ (ինչպես դոք եք ասում) մի զավոդ լինին գնան աշխատեն:
    Զարգացած երկրներում անգամ, բոլորը համատարած բիզնեսով չեն զբաղվում:
    Մեքենաները,բրենդային հագուստները, կենցաղային ապրանքները,բոլորը ստեղծվում են խոշոր հիմնարկներում և այնտեղ աշխատում են միլիոնավոր բանվորներ:Իդեպ նրանք ավելի ազատ և անկախ են, քանձ՝ անհատական բիզնեսով զբաղվողները,որովհետև նրանք կորցնելու միայն մի բան ունեն ՝աշխատանքային տեղ,իսկ բիզնեսով զբաղվողից, ավելին կարողեն խլել:
    Բանվորները՝ եթե պետք է ավելի հեշտությամբ են դուրս գալիս ցույցի,պաշպանելու իրեց շահերը:նրանք գորձատուի կողմից ապահովված են բժշկական ապահովվագրությամբ,թոշակային ֆոնդի մուծումներով, և կյանքին համարժեք աշխատավարձով:
    Պետք է լինի և սա և անհատական բզնես,իսկ անձը ինքը պետք է ընտրի ,թե որն է իր «խայսաթին» համապատասխանում 🙂
    Բոլորին սարքել անհատական բզնեսմեն, դա ճիշտ չէ:Հիշու՞մ եք, երբ ամեն մարդ իր տան դիմաց սեղանիկ էր դրել,արդյոք դա լա՞վ եր:

  4. Լավատես says:

    Կայքի հեղինակներին խնդրանք. եթե հնարավոր գտնեք մեկնաբանությունները բացված վիճակով ներկայացնել, ինչպես նախկինում էր, մեզ՝ ընթերցողներիս շատ հարմար կլիներ:

    • Կներեք, բայց ընդամենը մի քլիք եք անում մեկնաբանությունների վրա, եւ դրանք էլի բացվում են:

      • Լավատես says:

        Չէ, եթե հնարավոր չի, հարց չկա, պարզապես երբ ՝մկնիկ՝ ով ես բացում, խնդիր չկա, բայց հիմա հաճախ ցուցամատով ես բացում՝ այ ստեղ ա անհարմարությունը: Շնորհակալություն պատասխանի համար:

  5. Տիգրան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Բնության մեջ անհնար է ոչնչից որեւէ բան ստեղծելը: Ցանկացած գործարար՝ ազնիվ թե անազնիվ, որեւէ հիմք, նյութ, աջակցություն ունեցել է իր գործը սկսելիս: Ժառանգություն է ստացել, գտել է, նվեր է ստացել, ինչ-որ մեկն օգնել է: Առանց դրա հնարավոր չէ: 0-ից սկսել չի լինում, թող ոչ ոք ոչ մեկին չխաբի: Ու բազմաթիվ ազնիվ, լավ մարդիկ կործանվում են հենց նշածս նախադրյաները չունենալով: Այ սրանից է պետք խոսել, թե ինչպես ստեղծել այդ նախադրյալները ազնիվ մարդկանց համար: Ինչ վերաբերվում է ՀՀ վարչակազմին, ապա կոնկրետ ինձ կործանեց հենց ՊԵԿ-ը, չորով ասելով, որ ես այլեւս չպետք է աշխատեմ: Մնացածը թողնում եմ Ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031